Փորձեք պատկերացնել, որ գազի վերահաս թանկացման
կապակցությամբ Հայաստանը, իբրեւ ատասխան քայլ, ռուսական ռազմաբազաների՝ ՀՀ տարածքում
տեղակայման դիմաց վարձավճարներ պահանջի Մոսկվայից ու անգամ հանդգնի հրաժարվել այդ
բազաների կոմունալ ծախսերը հոգալուց: Ոչինչ չի ստացվի: Շատ դժվար, եթե չասենք՝
անհնար է վերջին տարիներին իրական անկախության վերջին փշրանքները քամուն տված եւ,
ըստ էության, ՌԴ Ստավրոպոլի երկրամասի կարգավիճակին իջեցված Հայաստանից նման խելահեղ
թվացող դեմարշ ակնկալելը: Մինչդեռ իր ինքնուրույնության եւ միջազգային վարկի հետ
կապված հարցերում խիստ նախանձախնդիր Ուկրաինան, որի «նարնջագույնը», ի դեպ, այստեղ
հաճախ են ծաղրում (պետք է նշել՝ խիստ անհաջող), ամենեւին հակված չէ տեղի տալ Կրեմլի
կողմից հետեւողականորեն բանեցվող «գազային» շանտաժին եւ մտադիր է համարժեք հակաքայլերի
դիմել: Դրանց շարքում, ինչպես արդեն կռահեցիք, առավել «արդյունավետներից» է դիտվում
Սեւ ծովի ուկրաինական ջրերում հանգրվանած ռուսական նավատորմի տեղակայման վարձակալական,
ինչպես նաեւ Արեւմտյան Եվրոպա ռուսական գազի տարանցման սակագների կտրուկ բարձրացման
հնարավորությունը: Ավելին՝ պատասխան միջոցառումների շարքում Ուկրաինան օրերս
ակնարկել է մի այնպիսի նախաձեռնության մասին, որի իրագործումն ուղղակի զրոյի կհավասարեցներ
գազի թանկացումից ակնկալվող տնտեսական էֆեկտը: Թեեւ, ինչպես ասում են, ոզնուն էլ
պարզ է, որ Մոսկվան գազը թանկացնում է ոչ թե «շուկայի պարտադրանքով», ինչպես սիրում
է երգել ռուսական պատասխանատու եթերը, այլ Կիեւի «նատօյական» ախորժակները զսպելու
ակնհայտ միտումով: Խոսքն ամերիկացի մասնագետների մուտքը ուկրաինական Սեւաստոպոլ քաղաքում
տեղակայված ու մինչ այժմ բացառապես ռուսական ռազմաստրատեգիական շահերի շրջանակներում
գործած ռադիոլոկացիոն հատուկ կայանք թույլատրելն է: Փորձագետները նշում են, որ Ռուսաստանի
գրեթե ողջ «եվրոպական» երկնքի ռադիոլոկացիոն ծածկույթն ապահովող հզորագույն այդ կայանքի
նոր համարժեքը ՌԴ տարածքում կառուցելու համար տարիներ ու միլիարդավոր դոլարներ կպահանջվեն:
Բացի այդ, ԱՄՆ մասնագետների անգամ «ամենաթեթեւ» շփումն այդ կայանքի հետ կործանիչ
հարված կհասցներ Ռուսաստանի քաղաքական ինքնասիրությանը, թերեւս վերջինիս հարկադրելով
վիթխարի ծախսերի գնով սպառազինման նոր մրցավազք սկսել Արեւմուտքի հետ: Պետք է նշել,
որ Ռուսաստանի ռազմաքաղաքական շրջանակներում արդեն իսկ հասցրել են Ուկրաինայի այս
մտադրությունը որակել ոչ այլ կերպ, քան «քաղաքական ստորություն»: Ահա այսպես:
Ինչպես ասում են՝ ակն ընդ ական, կամ կոնկրետ այս դեպքում՝ շանտաժ շանտաժի դիմաց:
Եվ իզուր են ռուս քաղգործիչները ինչ-ինչ տնտեսական փաստարկներ վկայակոչում, երբ նույն
իրադրությունում նույն գազի դիմաց Բելառուսից, ի համեմատ Ուկրաինայի, գանձելու են
շուրջ երեք անգամ պակաս գումար: Ինչ մնում է մեզ, ապա պարզվում է, որ մենք անգամ
կարգին ստրուկ չենք: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ