Հայաստանում
ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը Եվրախորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան
դպրոցի ունկնդիրների առջեւ շաբաթ օրը հանդես եկավ «ԱՄՆ քաղաքականությունը եւ Հայաստանի
ապագան» դասախոսությամբ: «Ինձ համար միշտ հաճելի է խոսել մարդկանց
հետ, ովքեր լրջորեն են դիտարկում օրախնդիր հարցերը,- ասաց Ջոն Էվանսը:- Շատ հետաքրքիր
քննարկում եղավ, ու հնչեցին բազմաթիվ լավ հարցեր»: «Շանթ» հեռուստաընկերության հարցին,
թե իր կարծիքով՝ այս դպրոցը կօգնի՞ Հայաստանի ապագային՝ ԱՄՆ դեսպանը պատասխանեց դրականորեն.
«Այո, վստահ եմ, որ այն խումբը, որին ես հանդիպեցի այստեղ՝ նպաստավոր քայլեր կանի
երկրի ապագայի համար»: Դասախոսության հիմնական դրույթները, պայմանավորվածության
համաձայն, ենթակա չեն հրապարակման: Թեեւ նաեւ նշենք, որ Ջոն Էվանսն այս հանդիպման
ընթացքում էլ կրկնեց ավելի վաղ արտահայտած իր որոշ տեսակետներ: Ասենք, թե վտանգավոր
եւ ռիսկային է համարում հեղափոխական գործընթացները եւ առավել էվոլյուցիոն զարգացումների
կողմնակից է: Նաեւ այն, որ 2005-ի նոյեմբերը վատ ամիս էր Հարավային Կովկասի երկրներում
ժողովրդավարության համար: Սակայն դասախոսությունից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանը
պատասխանեց «Առավոտի» մի քանի հարցերի: Նախ հիշեցրինք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի
եւ Եվրասիայի տարածաշրջանի հարցերով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի «Ազատություն»
ռադիոկայանին տված հարցազրույցում արտահայտված այն միտքը, թե Բուշի վարչակազմը հստակորեն
կողմ է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ իր հանդեպ լոյալ խորհրդարանն իրենց լիազորությունները
կատարեն մինչեւ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետների ավարտը՝ մամուլում եզրակացության
տեղիք էր տվել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում վերջին
ամիսների առաջխաղացումն է պատճառը, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Բաքվում եւ Երեւանում
իշխող վարչակարգերի փոփոխությամբ: Այս պատճառով էլ, մասնավորապես, աչք փակեցին հանրաքվեի
ընթացքում տեղի ունեցած խախտումների վրա: Հարցին, թե որքանո՞վ են հիմնավոր այս պնդումները՝
Ջոն Էվանսը պատասխանեց. «Նախ եւ առաջ՝ ուղղակի խորհուրդ կտայի, որ ճշգրտորեն վերընթերցեն
հանրաքվեի մասին ԱՄՆ Պետքարտուղարության եւ պարոն Բրայզայի հայտարարությունները:
Բայց կոչ եմ անում չհավատալ այն ասեկոսեներին, թե կա ինչ-որ գործարք՝ Ղարաբաղի համաձայնագրի
դիմաց հանդուրժել ժողովրդավարության նվազման որոշ քայլեր: Սրանք առանձին խնդիրներ
են: Մենք կարծում ենք, որ երկուսն էլ կարեւոր են՝ ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության
համաձայնագիրը, ե՛ւ ժողովրդավարությունը: Երկո՛ւսն էլ: Ոչ թե մեկը մյուսի հաշվին:
Երկու հարցի առնչությամբ էլ պետք է առաջընթաց լինի»: «Առավոտի» խնդրանքով
ԱՄՆ դեսպանը մեկնաբանեց նաեւ այն մեղադրանքները, թե ինքն էլ է խախտել «Հանրաքվեի
մասին» օրենքը, ըստ որի՝ արգելվում է քարոզչությանը օտար երկրների քաղաքացիների մասնակցությունը.
«Ինչպես եւ միջազգային այլ կառույցների մի քանի ներկայացուցիչներ, մասնավորապես,
ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության, ես կարծել եմ, որ Հայաստանի ժողովուրդն
իրավունք ունի իմանալ, թե Միացյալ Նահանգներն ինչ տեսակետ ունի այս խնդրի առնչությամբ:
Ես քարոզչություն չեմ իրականացրել այս կամ այն ուղղությամբ, ուղղակի միշտ ներկայացրել
եմ, թե ինչպիսին է ԱՄՆ տեսակետը սահմանադրական այս փոփոխությունների վերաբերյալ,
քանի որ կարծել եմ, թե կարեւոր էր, որ մարդիկ իմանան այն»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական
հանձնաժողովի համակարգող, «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ Ռուբեն
Թորոսյանը երեկ ԱՄՆ դեսպանին է ուղարկել հետեւյալ նամակը. «Որպես Ձեր աշխատանքի արդյունք՝
կից ուղարկում եմ դատարանների թվով 93 որոշումների պատճենները, որոնցով վերադարձվել
են մեր բոլոր դիմում-բողոքները՝ ուղղված Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի օրենքին
հակասող գործողությունների /անգործության/ դեմ: Ինչպես տեղյակ եք, դատական համակարգը
քննարկման չընդունեց օրենքով նախատեսված ոչ մի նման դիմում-բողոք՝ ի սկզբանե հարցականի
տակ դնելով հանրաքվեի արդյունքները: Նորից եմ կրկնում՝ դա նաեւ Ձեր գործունեության
հետեւանքն է: Այդ դիմումներում մի քանի անգամ հիշատակվում է նաեւ Ձեր անունը: Հանրաքվեի
նախապատրաստման ողջ ժամանակահատվածում, Եվրախորհրդի մի շարք չինովնիկների հետ համատեղ,
Դուք համառորեն խախտեցիք մեր երկրի օրենքները: Իսկ Ձեր քարոզչական խոսքը քվեարկության
նախօրեին՝ թերեւս կարելի է համարել հանրաքվեի «գլուխգործոցներից» մեկը: Դուք ակնհայտորեն
չարաշահեցիք ամերիկյան ժողովրդավարության հանդեպ մեր ժողովրդի ունեցած հարգանքն ու
վստահությունը եւ հանդիսացաք հանրաքվեի արդյունքների աղավաղման անուղղակի հեղինակներից
մեկը: Ակնկալում եմ, որ նույն ոգեւորությամբ Դուք կծանոթանաք ներկայացված փաստաթղթերին
եւ կհամեմատեք հանրաքվեի անցկացման իրական պատկերը ԵԽ դիտորդների կամ ԱՄՆ Պետքարտուղարության
հայտարարություններում ներկայացված տպավորությունների հետ»: