Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օլիմպիական

Դեկտեմբեր 10,2005 00:00

Օլիմպիական մարզաբազան եվրոպական դեմք կունենա Եթե ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանը ներդրումներ կատարի Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազան հիմնադրման օրից աշխարհի շատ երկրների թե ամառային, թե ձմեռային մարզաձեւերի ազգային հավաքականների համար կարեւոր հանգրվան է եղել: Դեռեւս խորհրդային տարիներին նույնիսկ Հայաստանի հավաքական թիմերը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար հաճախ պետք է Մոսկվայի թույլտվությունն ստանային՝ այնքան մեծ էր բազայի ծանրաբեռնվածությունը: Սակայն 80-ականների վերջերից, ֆինանսական ներդրումների բացակայության պատճառով, Ծաղկաձորն աստիճանաբար կորցրեց մարզական խաչմերուկի իր երբեմնի հեղինակությունը, քանի որ մարզումային ու բնակության պայմաններն այլեւս չէին բավարարում ներկայիս միջազգային պահանջները: Բարեբախտաբար, հիմա իրավիճակը շտկվում է: Վերջին տարիներին մեր ազգաբնակչությունը վերստին հիշել է Ծաղկաձորը: Հանգստյան օրերին Ծաղկաձորը «գրոհում» են նաեւ Հայաստանում գործող դիվանագիտական ու միջազգային կազմակերպությունների աշխատակիցները: Իսկ երբ անցած տարի օլիմպիական մարզաբազայում իրենց ուսումնամարզական հավաքն անցկացրին Ռուսաստանի դահուկորդների ու բիաթլոնիստների ազգային հավաքականները, որոնք այնուհետեւ աշխարհի առաջնություններում տեւական ընդմիջումից հետո մեդալներ նվաճեցին, պարզ դարձավ, որ Ծաղկաձորի պահանջարկն աշխարհում կրկին մեծանում է: Առավել եւս, որ արդեն ամբողջ հզորությամբ գործում է նաեւ նոր, գերժամանակակից ճոպանուղին: Հիմա, պարզապես, անհրաժեշտություն է դարձել օլիմպիական մարզաբազան եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը, որի համար միլիոնավոր դոլարների հասնող ներդրումներ են պահանջվում: Իսկ պետությունը նման հնարավորություններ չունի: «Առավոտին» հայտնի է դարձել, որ այս հարցում իր ծառայություններն է առաջարկել ամերիկահայ մեծահարուստ բարերար Ալբեր Բոյաջյանը, ով արդեն քանի տարի տարբեր ոլորտներից բացի, անգնահատելի աջակցություն է ցույց տալիս նաեւ Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը: Ըստ մեր տեղեկությունների, նա պատրաստվում է երկարաժամկետ վարձակալությամբ վերցնել օլիմպիական մարզաբազան ու ամբողջությամբ՝ մարզասրահներ, ստադիոն, լողավազանի երկրորդ հատված, հյուրանոցային եւ ճաշարանային մասնաշենքեր եւ այլն, հիմնանորոգել՝ դարձնելով Եվրոպայի ամենաժամանակակից մարզահամալիրներից մեկը, որի համար մոտավոր հաշվարկներով կպահանջվի $6-7 միլիոն: Հայաստանի իրավասու ատյանների եւ Ալբեր Բոյաջյանի միջեւ բանակցությունների հիմքում գլխավորը մարզաբազայի սեփականաշնորհումը բացառելն է, որը նաեւ բարերարի ցանկությունն է: Ավելին, եթե բանակցությունները հաջող ավարտվեն ու պայմանագիր ստորագրվի՝ մարզաբազայի շահագործումից ստացվելիք եկամուտների մի զգալի տոկոս կփոխանցվի Հայաստանի պետբյուջե: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել