Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզերը

Դեկտեմբեր 10,2005 00:00

Մարզերը պետք է արթնացնել ՏԻՄ ղեկավարները պատշաճ ուշադրություն չեն հատկացնում ֆիզկուլտուրային եւ սպորտին Ֆիզիկական կուլտուրայի մասսայականությունը նախ եւ առաջ ազգաբնակչության, հատկապես՝ աճող սերնդի առողջության պահպանման գրավականն է, ապա միայն՝ մեծ սպորտում հաջողությունների հասնելու հիմքը: Այս գործում կարեւոր դերակատարում է վերապահված մարզադպրոցներին: Հանրապետության ամբողջ տարածքում գոյություն ունեցող 162 մարզադպրոցներից ընդամենը մոտ երեք տասնյակն են Սպորտպետկոմի ենթակայության ներքո, մյուսները պատկանում են տեղական ինքնակառավարման մարմիններին: Այս առումով անչափ կարեւորվում է պետության վարած մարզական քաղաքականությունը հենց մարզերում: Բոլորին է հայտնի հանրապետությունում մարզադպրոցների խիստ անմխիթար վիճակը: Դրանցից շատերը տարիներ շարունակ կամ անգործության են մատնված, կամ գոյություն ունեն ձեւականորեն: Հիմա էլ իրավիճակը գրեթե նույնն է, թեեւ վերջին շրջանում մարզերում ֆիզկուլտուրային կյանքն աշխուժացնելու քայլեր կատարվում են: Արդեն երրորդ տարին է՝ ինչ մարզերում գույքային ծրագիր է իրականացվում: Սպորտի պետական կառույցը ՏԻՄ-երի ներկայացրած հայտերով տարեկան 180 մլն դրամի մարզագույք է հատկացնում հանրակրթական դպրոցներին ու մարզադպրոցներին: Ու կարեւորն այն է, որ գերատեսչական պատկանելությունը որեւէ դեր չի խաղում: Ծրագիրը շարունակվելու է մինչեւ 2008 թվականի ավարտը: Իսկ այս տարվանից հանրապետության բոլոր մարզերում սկսվել են համալիր մարզադպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Որոշված է այսուհետեւ գույքի բաշխման առաջնահերթությունը տալ հենց այդ՝ շահագործվող մարզադպրոցներին: Բայց այս ամենը զրոյական արդյունք կունենա, եթե տեղերում ֆիզիկական կուլտուրայի, մասսայական սպորտի դրվածքը պատշաճ կերպով չկազմակերպվի: Մարզերում մասսայական ֆիզկուլտուրայի վիճակը շարունակում է մնալ անմխիթար վիճակում: Այս հարցում մեղավորության մեծ բաժին ունեն տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները: Նրանցից շատերը կարեւորություն չեն տալիս ոլորտին: Մատների վրա կարելի է հաշվել այն մարզերը, քաղաքները, գյուղերը, որտեղ տեղական բյուջեից ֆինանսական շատ թե քիչ անհրաժեշտ հատկացումներ են արվում, ասենք՝ խաղադաշտեր, խաղահրապարակներ, մարզադահլիճներ նորոգելու համար: Որքան տեղյակ ենք՝ հեռավոր շրջաններում մարզիչների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների աշխատավարձն էլ շատ ցածր է, որի պատճառով մարդիկ չեն ուզում աշխատել: Իսկ որոշ գյուղերի դպրոցներում էլ ֆիզկուլտուրայի ուսուցիչ կամ մարզիչ ընդհանրապես գույություն չունի: Այստեղից էլ՝ տեղերում չեն կազմակերպվում ամենօրյա մարզումներ, մասսայական մարզական միջոցառումներ, որոնց մեջ կներգրավվեին հեռավոր շրջանների բնակիչները: Ուրեմն, ինչ-որ ձեւով պետք է պարտավորեցնել ու պահանջել մարզպետներից, քաղաքապետերից, գյուղապետերից, նրանց համար սահմանել խիստ պատասխանատվություն: Իսկ գյուղական ուսուցիչների, մարզիչների խնդիրը կարելի է լուծել հետեւյալ կերպ: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը տարեկան հարյուրավոր շրջանավարտներ է տալիս, որոնց մեծ մասը մասնագիտությամբ այդպես էլ չի աշխատում: Կարելի է ընդունել համապատասխան օրենք, որով շրջանավարտը պարտավոր լինի բուհում ձեռք բերած գիտելիքները, ասենք, երկու տարի կիրառել գյուղական դպրոցում կամ մարզադպրոցում ու միայն դրանից հետո իրավունք ունենա դիպլոմ ստանալ: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել