Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՊՈՐՏԱՅԻՆ

Դեկտեմբեր 10,2005 00:00

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է Չեմպիոն պատրաստելը ծախսատար գործ է Վերջին տարիներին հանրապետությունում կտրուկ մեծացել է հետաքրքրությունը սպորտի նկատմամբ: Մարզասերներին այլեւս չեն բավարարում օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում մեր մարզիկների զբաղեցրած միջին դիրքերը: Հայաստանցին կարոտ է հաղթանակների: Նա չեմպիոններ ու մրցանակակիրներ է ուզում ունենալ: Բայց ժամանակակից սպորտում կայուն նվաճումների հասնելու համար հսկայական ներդրումներ են պետք: Օրինակ, լավատեղյակ մասնագետները պնդում են, որ օլիմպիական խաղերի մեկ հավանական մրցանակակրի վրա հարկավոր է քառամյա ցիկլում տարեկան ծախսել մոտավորապես $150 հազար: Ու էլի համոզվածություն չկա, որ նա անպայման պատվո պատվանդան կբարձրանա: Սա դեռ ամբողջը չէ: Մինչ գործը դրան հասնելը՝ անհրաժեշտ է հզոր նյութատեխնիկական բազա՝ ստադիոններ, դահլիճներ, լիարժեք մարզումային պայմաններ, բարձրորակ մարզչական, սպորտային բժիշկների բանակ ունենալ: Պետք է արդյունավետ գործեն մարզադպրոցները, հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի նորմալ դասեր անցկացվեն, ֆիզկուլտուրան եւ սպորտը դառնան ազգաբնակչության ամենօրյա կյանքի պարտադիր մասը: Ցավոք, մեզանում հակառակն է կատարվել: ԽՍՀՄ փլուզումից հետո ոլորտը մատնվել էր անտերության: Տարիներ շարունակ հանրապետությունում ոչ միայն մարզաբազաները չեն նորոգվել, այլեւ անգործությունից, հոգատարության բացակայությունից քայքայվել են: Էլ չենք խոսում նոր գույքի բացակայության կամ գոնե եղածի պահպանման մասին: Իսկ 15 տարվա ընթացքում միջազգային ասպարեզներում մեդալ նվաճածները հիմնականում նախորդ հասարակարգում մարզված ու աճած մարզիկներն են եղել: Վերջին շրջանում պետբյուջեից բնագավառին հատկացվող ֆինանսավորումը տարեցտարի ավելանում է: Ի հայտ են եկել նաեւ մարզաձեւեր հովանավորող մեծահարուստներ, ովքեր այս կամ այն չափով իրենց ուսերի վրա են վերցրել դրանց պահպանման ու զարգացման հոգսերը: Այդ աջակցությունն իսկապես շոշափելի է: Սակայն պիտի ասել նաեւ, որ առայժմ այդ ամենը մի տեսակ տարերայնորեն է կատարվում, այդ պատճառով էլ ընդհանուր վերջնական արդյունքը դեռեւս բավարար չէ: Աթենքի օլիմպիական խաղերից հետո Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի միջեւ հստակ սահման դրվեց: Պետությունն իր վրա վերցրեց մասսայական սպորտը, մարզական շինարարությունը, իսկ մեծ սպորտով այսուհետեւ զբաղվում են դրանց անմիջական պատասխանատուները՝ մարզական ֆեդերացիաները: Ճիշտ է՝ հաշվի առնելով, որ վերջիններս դեռեւս կայացման սկզբնական փուլում են, պետությունը շարունակում է հնարավորությունների առավելագույն չափով դրանց ֆինանսավորել: Օրինակ, արդեն հաստատվել է եկող մրցաշրջանում հիմնականում օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված կամ ՄՕԿ-ի կողմից ճանաչված 24 մարզաձեւերի ֆեդերացիաների ֆինանսավորման չափը, որոնք սպասարկում են 30-ից ավելի մրցաձեւեր: Բայց ակնհայտ է, որ դա նույնպես չափազանց քիչ է: Եթե անգամ պետբյուջեից հատկացված ամբողջ գումարը տրամադրվի մի ֆեդերացիայի, դրան ավելացրած այդ ֆեդերացիայի նախագահի կամ հովանավոր գործարարի՝ անձնական միջոցներից ներդրվող գումարները, տարիներ կպահանջվեն տվյալ մարզաձեւը Հայաստանի ամբողջ տարածքում շատ թե քիչ պատշաճ վիճակի հասցնելու, ապա միայն օլիմպիական «ոսկիներ» նվաճելու համար: Ֆինանսների խիստ պակաս միայն մենք չենք զգում: Ռուսաստանի պես հզոր տնտեսություն ունեցող երկիրը նույնպես այդ վիճակում է: Այնտեղ էլ անչափ դժգոհ են Աթենքի օլիմպիական խաղերում ռուսաստանցի մարզիկների ելույթներից: Ու պատահական չէ, որ վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռությամբ ստեղծվեց Ռուսաստանի սպորտին աջակցող խորհուրդ եւ հիմնադրամ, որի կազմում, բացի մարզաշխարհի ճանաչված մասնագետներից, ընդգրկվել են խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, անհատ գործարարներ: Այդ հիմնադրամն արդեն իր հաշվեհամարում ունի $30 միլիոնից ավելի գումար, որը ծախսվելու է մասսայական սպորտը զարգացնելու, ազգային հավաքականներին օգնելու, անվանի մարզիկների, մարզիչների, հավանական օլիմպիականների սոցիալական հարցերը լուծելու նպատակներով: Հայաստանում էլ մեծահարուստները քիչ չեն: Նրանցից շատերն անգնահատելի ներդրումներ են անում սպորտում: Բայց քիչ չեն նաեւ այնպիսիք, ովքեր իրենց հեռու են պահում: Ժամանակն է, որպեսզի ՀՀ նախագահն էլ, որը սպորտի մեծ երկրպագու է, ամենայն լրջությամբ զբաղվի Հայաստանում սպորտային հիմնադրամի ստեղծումով: Դա կլինի սպորտի զարգացման ազգային ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկը: Համոզված ենք, որ ամբողջ աշխարհի հայությունն էլ այդ հիմնադրամում ակտիվ մասնակցություն կունենա: Ժամանակը չի սպասում: Չմոռանանք, որ 2008 թվականին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու քառամյա ցիկլի երկրորդ տարին արդեն անցնում է: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել