Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ

Դեկտեմբեր 10,2005 00:00

ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐ ՉԳԱԼ ԼՐԱԳՐՈՂԻ ՏՈՆԸ «Ոչ միայն լրագրողները, այլեւ հասարակության ցանկացած անդամ պետք է իր առջեւ նպատակ դնի՝ օգտագործել տեղեկատվություն ստանալու իր իրավունքը»,- երեկ հայտարարեց Շուշան Դոյդոյանը: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է Շուշան Դոյդոյանը, տարեկան 500-600 հարցում է ուղարկում պետական տարբեր մակարդակների՝ փորձելով ստանալ հասարակության համար կարեւոր տեղեկություններ եւ հընթացս էլ իրազեկել պաշտոնյաներին, որ կա տեղեկատվություն ստանալու իրավունք եւ նրանք էլ պարտավոր են տիրապետել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի գոնե առանձին դրույթների: Ինքներս էլ մեր ամենօրյա աշխատանքում տեսնում ենք, թե ինչպես հաճախ այդ պաշտոնյաներին զայրացնում են մեր հարցերը, հետեւողականությունը, հետաքրքրասիրությունը, որ նրանք երբեմն «չպատճառաբանված» են համարում: Հիշյալ կազմակերպությունն իր պարտականությունը կատարելիս բախվել է նման մի արձագանքի: Մարզերից մեկի ղեկավարին (անուններ չնշվեցին, որովհետեւ կարեւորվեց պարզապես միտումը) հ/կ-ն դիմել է՝ խնդրելով տրամադրել մարզպետի կայացրած որոշումները՝ առաջին եռամսյակի կտրվածքով: Պատասխանը եղել է հետեւյալը. «Մենք չենք պատասխանում ձեր հարցմանը, որովհետեւ հարցման մեջ վերահսկման եւ հաշվետվություն պահանջելու տարր կա»: Փաստորեն, «ձերդ գերազանցությունները» կարող են իրենց պարտականությունը չկատարել, որովհետեւ իրենց դուր չի եկել լրագրողի կամ հ/կ ներկայացուցչի խոսքի տոնը: Պատկերացրեք՝ թե ինչպես կպատասխանեին նրանք շարքային քաղաքացուն: Շ. Դոյդոյանը նաեւ նշեց, որ պետական մարմիններում, եթե անգամ կա հրապարակային գործելու ցանկություն, շատ հաճախ բացակայում է իրազեկությունը: Հ/կ-ն այս առիթով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ընդունումից 1 տարի անց հարցում է իրականացրել 60 պաշտոնյաների շրջանում, թե արդյոք քանի՞սն են տեղյակ օրենքի գոյության մասին եւ ովքե՞ր են ընթերցել այն: 75 տոկոսը տեղյակ է եղել, որ նման օրենք գոյություն ունի, իսկ 50 տոկոսը ծանոթ է եղել օրենքի առանձին դրույթների: Հաջորդ մտահոգիչ փաստը տեղեկատվություն տրամադրելու մշակույթի բացակայությունն է: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» մեկ այլ մարզպետի դիմել է՝ 1-2-րդ եռամսյակների հաշվետվությունը ստանալու ակնկալիքով: Մարզպետից պատասխան է եկել, թե կպատասխանեն 1 ամսից: Իսկ մեկ ամսից էլ թե՝ կարող եք որոշումներին ծանոթանալ ինտերնետային էջում: Իսկ ինտերնետային էջում, պարզվել է, տեղադրված է միայն նշյալ տեղեկատվությունը: Հ/կ-ն պատրաստվում է պարբերաբար հաշվետվությունների խնդրանքով դիմել մարզպետարան. գուցե այդպիսով մշակույթ ձեւավորվի: Այն օրը, երբ հ/կ փաստաբանը Գյումրիի քաղաքապետարան է ուղարկել հայցադիմումը՝ վերջիններիս դատի տալու մասին, այդ նույն օրը քաղաքապետարանն ուղարկել է 125 էջանոց պահանջված պատասխան-տեղեկատվությունը: Ի դեպ, հ/կ-ն դատարան էր դիմել քաղաքապետարանի հետեւյալ անհեթեթ ու զավեշտալի պատասխանից հետո. «Գյումրիի ավագանու կողմից կայացրած որոշումներին եւ 2005թ. բյուջեին կարող եք ծանոթանալ մեր ինտերնետային կայքից, որը դեռ պատրաստման ընթացքի մեջ է»: Այս պատասխանի համար երեկ հ/կ-ի կազմակերպած մրցանակաբաշխության ժամանակ Գյումրիի քաղաքապետարանը ստացավ կողպեք՝ որպես գաղտնիության եւ ոչ հրապարակային գործունեության խորհրդանիշ: Նույն «մրցանակին» արժանացավ նաեւ Երեւանի քաղաքապետարանը, որ ճանաչվել էր ամենափակ գերատեսչությունը: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ճանաչվեց ամենաբաց գերատեսչությունը, որ լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառող ճանաչվեց «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» հ/կ-ն եւ քաղաքացի Արմենուհի Գեւորգյանը: «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանն էլ ճանաչվեց օրենքն ամենաարդյունավետ օգտագործող լրագրող, ով հետեւողականորեն լուսաբանում է տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները: Վերջիններս ստացան ոսկեբանալիներ՝ որպես հրապարակայնության խորհրդանիշ: Ռուզանը երեկ պարգեւատրվեց նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ մարդու իրավունքների ոլորտին վերաբերող թեմաների լավագույն լուսաբանման համար: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել