Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Դեկտեմբեր 10,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՓՈՒՉ ՊՈՊՈՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ես էդ թվերին էլ ուրիշների գրածները կարդալու առանձնապես մեծ սեր չունեի, բայց Ֆիլյան Ռուբոյի էդ անտիպ գործերն ինձ իսկապե՛ս հետաքրքրում էին, ու ես Սերգեյին հարցրի. – Ռուբոյի էդ պատմվածքները երեւի փիլիսոփայական թեքում ունեն, հա՞: – Մեջը հա՛մ փիլիսոփայություն կա, հա՛մ կյանք կա, հա՛մ սիրային մոմենտներ կան,- ասաց Սերգեյը.- մի խոսքով՝ ամեն ինչ էլ կա: – Չի տա՞ կարդամ: – Դժվար: Ես որ էն գլխից իրա գրածները կարդացել եմ, դրա համար էս նորերն էլ ա տալի: Բայց էս նորերը սավսեմ ուրիշ են: Ինքը ահագին վախտ դադար տվեց, ահագին վախտ ոչ մի բան չէր գրում ու հիմի սկսել ա էդ տեսակ բաներ գրել: Իրա էս վերջին գրածները որ կարդացի, դրանից հետո հետս մի տեսակ ա: – Ի՞նչ իմաստով: – Ամեն իմաստով: Աչքերիս մեջ ուղիղ չի կարում նայի: Էս վերջինների մեջ որ մի քիչ շատ ա անկեղծացել, երեւի իրա էդ անկեղծությունից ա հուշտ ըլնում: Ախր, ինքն էդ վիճակին հեչ սովոր չի: – Ինչի՞ն սովոր չի: – Ինքը սովոր ա, որ ուրիշները գրեն՝ ինքը ձեռ առնի: – Ինձ ոչ մի անգամ ձեռ չի առել,- ասացի ես: – Էս «Գարունում» տպածներդ ինքն էլ ա հավանել: – Ինձ չի ասել, որ հավանել ա: – Ինձ ասել ա: – Ի՞նչ ա ասել: – Ասել ա, որ պոտենցիալ ունես: Իրա բառն եմ ասում: Էդքանը որ ասում ա՝ մեծ բան ա. ինքը Հովոյից բեթար չմահավան ա: – Որ տպագրվում ես, նոր ես հասկանում, որ գրածներդ հեչ բան են: – Շատ համեստ ես,- ասաց Սերգեյը: – Հիմիկվա գրածներս էդ տպվածներից հազար անգամ ուժեղ են: – Հեչ համեստ չես,- ծիծաղեց Սերգեյը:- Ուրեմն՝ Ռուբոն ճիշտ ա ասում, որ պոտենցիալ ունես: Էլի եմ ասում՝ ինքը շատ չմահավան ա: – Իրա գրածներն էլ չի հավանո՞ւմ: – Երեւի հավանում ա, բայց համ էլ շատ ուժեղ կասկածում ա. երեւի դրա համար ա ինձանից կարծիք հարցնում: – Որ կարծիքդ հարցնում ա՝ գովում ե՞ս: – Մեր մեջ գովալու կամ չգովալու հարց չկա,- ասաց Սերգեյը:- Ես հըլը որ փորձում եմ իրա էդ գրածները հասկանամ: Ինքն է՛լ ա ուզում իրա գրածը հասկանա, դրա համար էլ ինձ մի գլուխ հարցուփորձ ա անում: – Էդքան բարդ գործեր ե՞ն: – Էնքան բարդ չեն, ինչքան անսովոր են: Ամեն դեպքում, մեր էս տեղական գրականության համար նորություն ա: Ոչ մեկին, փաստորեն, նման չի: – Էդ լավ ա, որ ոչ մեկին նման չի,- ասացի ես: – Օրինակ, իրա ամենավերջին պատմվածքը բազարում պոպոք ծախող մի մարդու մասին ա: – Հասարակ մարդկանց մասին ա՞ գրում: – Հասարակ մարդկանց մասին ա գրում, բայց հասարակ ձեւով չի գրում: Էդ հասարակ մարդիկ էլ, փաստորեն, հասարակ չեն: Իրա էդ պոպոք ծախողը բազարում ոչ թե սովորական պոպոք ա ծախում, այլ՝ փուչ պոպոք: – Լրիվ փո՞ւչ: – Հա: Դախլի վրեն էլ գրել-կպցրել ա՝ «Փուչ ընկույզ»: – Հետո՞: – Հետո մարդիկ կարդում՝ զարմանում են ու սկսում են էդ ծախողին հարցնել, թե խի՞ ա փուչ պոպոք ծախում: «Խի փուչ պոպոք ծախելն արգելվում ա՞»,- ասում ա ծախողը: – Հետո՞: – Հետո քաղաքով մեկ շուխուռ ա ընկնում, որ ըսենց ու ըսենց մեկը բազարում փուչ պոպոք ա ծախում: Մարդիկ չեն հավատում, գալիս են բազար, որ իրանց աչքերով տենան: Ու որ գալիս են ու տենում են, ձեռի հետ էդ մարդու փուչ պոպոքից մի կիլո առնում ու տուն են տանում, որովհետեւ չեն հավատում, մտածում են՝ ոնց էլ ըլնի, մեջը գոնե մի հատիկ սաղլամ պոպոք կըլնի: – Սաղլամ հեչ չի ըլնո՞ւմ: – Չէ. ի՞նչ սաղլամ: Առնում տանում են տուն ու համոզվում են, որ գոնե նմուշի համար մի հատիկ սաղլամ պոպոք չկա: – Հետո՞: – Էլ ի՞նչ հետո: Փաստորեն, էդ մարդը մեշոկներով պոպոք ա՝ որ ծախում ա: Մարդիկ հավաքվում են էդ դախլի մոտ, իրար հետ գրազ են գալի, որ էդ պոպոքների մեջ գոնե մի հատիկ սաղլամ կըլնի, բայց ըտենց մտածողները գրազը կրվում են, որովհետեւ մի հատիկ սաղլամ չի ըլնում: Փողը տալի՝ առնում են, հենց դախլի մոտ էլ հատ-հատ ջարդում են, բայց էդքան պոպոքի մեջ ոչ մի հատիկ սաղլամ չի ըլնում: – Հետո՞: – Էդքան բան: Փաստորեն, էդ փուչ պոպոք ծախողի առեւտուրն ավելի լավ ա էթում, քան՝ նորմալ պոպոք ծախողներինը, ու նորմալ պոպոք ծախողներն սկսում են նախանձել էդ փուչ պոպոք ծախողին: – Ինչի՞ են նախանձում: – Ո՞նց թե՝ ինչի են նախանձում: Փաստորեն, էդ մարդու առեւտուրն ավելի լավ ա գնում, քան՝ իրանցը: – Մինչեւ ե՞րբ պիտի էդ մարդու փուչ պոպոքներն առնեին: – Էդ նախանձողներն էլ էին ըտենց մտածում. մտածում էին, որ շուտ թե ուշ մարդիկ կթարգեն էդ փուչ պոպոքներն առնել: – Մարդը շատ-շատ մի անգամ փուչ պոպոք կառնի. հո երկրորդ անգամ էդ նույն փուչ պոպոքից չի՞ առնի: – Երկրորդ անգամ չի առնի, ճիշտ ա, բայց որ ամեն մեկը գոնե մի անգամ էդ փուչ պոպոքից առնի, էդ փուչ պոպոք ծախողի առեւտուրը մի քանի տարի շատ հաջող կշարունակվի: Ու, փաստորեն, Ռուբոյի պատմվածքում հենց ըտենց էլ ըլնում ա: – Ռուբոն էդ պատմվածքով երեւի ուզում ա ասի, որ եթե մարդը ազնիվ ա ու ազնվորեն նշում ա իրա ապրանքի թերությունը, մարդիկ իրա էդ ազնվությունը լավ էլ գնահատում են: Էնքան ազնվություն չեն տեսել, որ հենց տենում են՝ ուղղակի ապշում են: – Ռուբոն երեւի էդ միտքն էլ ա նկատի ունեցել, բայց հաստատ ուրիշ բան էլ ա ուզեցել ասի: – Ի՞նչ ուրիշ բան: – Չես կարո՞ւմ ինքնուրույն գլխի ընկնես: – Փաստորեն, իրա էդ գրածը ֆանտաստիկ պատմվածք ա. իրականության հետ, փաստորեն, ոչ մի կապ չունի: – Էնքան էլ ըտենց չի. իրա էդ պատմվածքն ավելի շուտ անձնական ա, քան՝ ֆանտաստիկ: – Ի՞նչ իմաստով ա անձնական: – Մարդիկ էնքան են նորմալ պոպոք կերել, որ արդեն նորմալ պոպոքից զզվել ու նադայել են էղել. ուրի՛շ բան են ուզում, նորությո՛ւն են ուզում, թեկուզ էդ նորությունը փուչ ու դատարկ ըլնի: – Էդ ավելի շուտ քաղաքական ա, քան՝ անձնական: – Անձնականն էն ա, որ Ռուբոն էլ ա կյանքում ամեն ինչ տեսել, ու իրա աչքն էլ ա ամեն ինչից կուշտ: Ինքը հենց աչքը բացել ա՝ ամեն ինչ պատրաստի տեսել ա. կյանքում ոչ մի բանի կարիք, փաստորեն, չի զգացել: – Էդ ի՞նչ կապ ունի էդ պոպոք ծախողի հետ: – Պոպոք ծախողի հետ կապ չունի, բայց էդ փուչ պոպոքներն առնողների հետ շատ մեծ կապ ունի, այսինքն՝ իրա էդ կլիենտներն էնքան են սովորական ու նորմալ պոպոք կերել, որ արդեն զզվել են էդ սովորական նորմալներից ու որ տենում են՝ էդ մարդը փուչ պոպոք ա ծախում, մեջները շատ ուժեղ հետաքրքրություն ա առաջանում: – Մի քիչ չափազանցրել ա,- ասացի ես: – Մի քիչ չէ, շատ ա չափազանցրել,- ասաց Սերգեյը.- ավելի ճիշտ՝ ոչ թե չափազանցրել ա, այլ, փաստորեն, ինքը իրա մասին ա գրել: – Ի՞նչ իմաստով: – Պարզ չեմ խոսո՞ւմ: Ինքը ոչ թե պոպոք ծախողն ա, այլ՝ պոպոք առնողը, ավելի ճիշտ՝ էդ պոպոքն առնողներից մեկը: Որ իրականում հանկարծ, ասենք, մեր էս Կոմիտասի բազարում մի հատ տոչնի ըտենց պոպոք ծախող հայտնվի, համոզված եմ, որ առաջինը հենց Ռուբոն կվազի ու էդ մարդու պոպոքները կառնի: Ինքը կյանքում ամեն ինչից արդեն կուշտ ա, իրա համար ամեն ինչ սովորական ա, ու ինքը կյանքից արտասովոր բան ա ուզում: Հասկացա՞ր: – Հիմա արդեն լրիվ հասկացա: Ես ու դու դժվար թե էդ փուչ պոպոքներն առնեինք: – Դրա համար էլ ասում եմ, որ ինքը իրա՛ մասին ա գրել: – Ինձ էլ թվում էր, ասում ես՝ էդ պոպոք ծախողն ա ինքը,- ասացի ես: – Որ ճիշտն ուզում ես իմանաս՝ էդ պոպոք ծախողն է՛լ ա ինքը: – Ո՞նց ա ինքը: – Շատ պարզ: Էդ պոպոք ծախողն էլ ա հասկացել, որ մարդիկ նորություն են ուզում. թեկուզ փուչ ըլնի, բայց նորություն ըլնի: Առնողն էլ, ծախողն էլ՝ էրկուսն էլ հոգնել են սովորական ու կրկնվող կյանքից: – Հիմի արդեն լրիվ հասկացա,- ասացի ես: – Ի՞նչը հասկացար,- հարցրեց Սերգեյը: – Ռուբոն ուզեցել ա ասի, որ իրա էդ պատմվածքն էլ ա էդ փուչ պոպոքների պես նորություն,- ասացի ես: – Քիչ-քիչ մոտենում ես,- ասաց Սերգեյը:- Ես էլ իրան էդ նույն բանն ասեցի, բայց ինքն ասեց, որ էդ տեսակ նպատակ չի ունեցել: – Երեւի անկախ իրանից ա ստացվել: – Շատ հնարավոր ա,- ասաց Սերգեյը:- Շատ դեպքերում էդ բաները բնազդաբար են ստացվում: – Ռուբոյի մոտ երեւի հենց էդպես ա ստացվել: – Ամեն դեպքում՝ շատ լավ ա ստացվել: Որ կարդացի՝ մի քանի օր իրա էդ պատմվածքի ազդեցության տակ էի: – Ես չեմ կարդացել, բայց իմ վրա էլ ազդեց: Շատ հետաքրքիր գործ ա: – Շատ հետաքրքիր ու շատ բարդ գործ ա,- ասաց Սերգեյը:- Այսինքն, իմաստով բարդ ա, բայց ինքը շատ պարզ ու հասկանալի լեզվով ա գրել: – Ուրեմն, պիտի տպագրի, որ ուրիշներն էլ կարդան: – Ես էլ իրան էդ նույն խուրհուրդը տվի, ու էս անգամ ինքը ոնց որ թե չհակաճառեց: – Պիտի տպի, որ ուրիշներն էլ կարդան ու հաճույք ստանան,- ասացի ես: – Մենակ հաճույքը չի,- ասաց Սերգեյը:- Իսկական գրականությունը երեւի հաճույքից բարձր բան ա: – Բարձրը բարձր ա, բայց էդ բարձրն էլ ա ընթերցողի համար: Ոչ մի գրող ինքը իրա համար չի գրում: Հիմա, մոտավորապես երեսուն տարի անց, երբ իմ ու Սերգեյի էդ օրվա խոսակցությունը մոտավորապես հիշելով՝ գրի եմ առնում, ձեզանից յուրաքանչյուրը կարող է վկայել, որ իրականում ու հենց էս պահին հեչ էլ ընթերցողի համար չեմ գրում, ու չնայած էս գրածս համառորեն շարունակում եմ պարտադրել «Առավոտի» ընթերցողին, համառորեն նաեւ շարունակում եմ հաշվի չառնել ընթերցողների կարծիքներն ու մանավանդ համբերությունը, եւ երբ ընթերցողներիցս ոմանք ինձ հարցնում են, թե ե՞րբ եմ վերջացնելու էս ամենը, եւ երբ ես իրենց բացատրում եմ, որ էս վեպիս կարեւորագույն ու թերեւս միակ արժանիքն էն է, որ էս վեպս ընդհանրապես ու երբեւէ վերջ չի ունենալու, ընթերցողներիցս որոշների դեմքերին անօգնականության նշաններ են հայտնվում, իսկ որոշների դեմքերին էլ՝ պարզապես սարսափ, բայց, բոլոր դեպքերում, ամենածանրն ամենաառաջին ընթերցողներիս վիճակն է, ու ծանոթության կարգով ասեմ, որ ամենաառաջին ընթերցողներս «Առավոտի» Անժիկը, Մարջիկը, Արմինեն ու Զառան են, որոնք ամեն Աստծո օր մուտքագրում, սրբագրում ու էջադրում են իմ էս անվերջանալին ու անիմանալին, եւ եթե Զառան ու Արմինեն էջադրելու գործը մեկումեջ իրար վրա գցելով՝ առժամանակ յախեքն ազատում են ինձանից, ապա մյուս երկուսն առայժմ անտրտունջ ու գլխիկոր շարունակում են դիմանալ իրենց էս անակնկալ ու անհեռանկար ճակատագրին: Այսուհանդերձ, ընթերցողներիս մեջ ուրիշ դիմացկուն ու համբերատար մարդիկ էլ կան, որոնց ներվերն իմ ներվերից էլ ամուր են, ու իրենց համբերության բաժակները՝ դեռեւս դափդատարկ, ու էս մարդիկ շատ նման են Ռուբոյի էն փուչ պոպոքներն առնողներին: – Բարդ ա,- ասաց Սերգեյը:- Գրականությունը շատ բարդ բան ա. չես կարա ասես՝ որն ա ճիշտ, որը՝ սխալ: – Իրար հետ գրականությունից էսքան խոսացած չկայինք,- ասացի ես: – Գրականությունից խոսալ չեմ սիրում,- ասաց Սերգեյը: – Ես էլ,- ասացի ես: – Չեմ սիրում, որ լուրջ-լուրջ նստում են ու սկսում են գրականությունից խոսալ: – Չես սիրում, բայց լավ էլ խոսում ես: – Դու է՛լ պակաս չես բլբլում,- ծիծաղեց Սերգեյը: – Իզուր էլ ինստիտուտի մեր էն քննարկումների վախտ չէինք խոսում: – Հիմի էլ որ ըլներ, էլի չէինք խոսա. էս խոսալն անկախ մեզանից ստացվեց: – Կյա՛նքը ստիպեց, որ գրականությունից խոսանք: – Հարուր տարվա ընկեր ենք,- ասաց Սերգեյը.- մի օր պիտի գականությունից խոսայի՞նք, թե՝ չէ: – Ընդամենը հինգ-վեց տարի ա՝ իրար ճանաչում ենք, բայց մեր առաջին կուրսից ոնց որ հարուր տարի անցած ըլնի: – Բանակի մի տարին էրկուս ա հաշվվում,- ծիծաղեց Սերգեյը: – Բանակիս մի տարին շատ արագ անցավ. հեչ չզգացի՝ ոնց էդ մի տարին թռավ: – Էդ հիմի ես ըտենց ասում. նամակներիդ մեջ գրում էիր, որ օրերն ու ժամերն եք հաշվել: – Ճիշտ եմ գրել,- ասացի ես: – Էդ նշանակում ա, որ էդ մի տարիդ էնքան էլ արագ չի անցել: – Ճիշտ ես ասում,- ասացի ես: – Հիմի որ էդ մի տարին անցել պրծել ա, քեզ թվում ա, թե արագ ա անցել,- ասաց Սերգեյը:- Ըտենց ա. մարդ մենակ ներկա պահի դժվարություններն ա իրա կաշվի վրա զգում: Հիմի երեւի ամենից շատ էս աշխատանքիդ հարցն ա քեզ տանջում: – Հա,- ասացի ես: – Բայց վաղը որ աշխատանք ունենաս, հիմիկվա էս մտածմունքներդ հեչ չես էլ հիշի: – Բանակում վաբշե մտածմունք չունեինք. մեր համար անդարդ ապրում էինք: – Նամակներիցդ հեչ չէր զգացվում, որ անդարդ եք: – Չեմ հիշում՝ ինչ եմ գրել: – Ես հիշում եմ,- ասաց Սերգեյը:- Ինչ-որ Շաբլովսկու մասին էիր սարսափած գրում. քաքուցեռդ խառնվել էր: – Էդ սկզբում էինք իրանից վախենում. իրա մասին ընենց բաներ էին պատմում, որ սարսափում էինք: – Սկիզբ ու վերջ չկա,- ասաց Սերգեյը:- Ի՞նչ տարբերություն՝ սկզբո՞ւմ եք վախեցել, թե՝ վերջում: – Հետո՝ որ առաջին օրը կազարմա մտանք, Վալերն էդ Շաբլովսկու հարցերը մի քանի րոպեում լուծեց: – Բախտներդ բերել ա, որ մեջներդ բաքսյոր ա էղել,- ասաց Սերգեյը: – Մեջներս հա՛մ բաքսյոր կար, հա՛մ մուզիկանտ,- ասացի ես.- մուզիկանտների հաշվով է՛լ էր բախտներս բերել: – Մեջներդ նկարիչ էլ կար,- ասաց Սերգեյը: – Հա՛. նկարիչ էլ կար,- ծիծաղեցի ես: – Էն «Անահիտ» հեքիաթի մեջ ա ասում, որ արհեստը կարա մարդուն փրկի: Հիշո՞ւմ ես: – Հիշում եմ,- ասացի ես: – Հիմի քոնն ա,- ասաց Սերգեյը.- փաստորեն, քո արհեստը քեզ փրկել ա: – Հարո՛ւր տոկոսով,- ասացի ես: – Մենակ զարմանում եմ, թե ո՞նց նկարչությունը թողիր ու էկար խառնվար բանասերներին: Ես որ մի քիչ նկարել իմանայի, հազար տարի բանասիրականին մոտիկ չէի գա: – Մեկ-մեկ ես էլ եմ փոշմանում, որ նկարելը թողել եմ: – Ասում են՝ վախտին լավ էլ նկարել ես: – Ո՞վ ա ասում,- զարմացա ես: – Հարութն ու Սերոբը: – Ի՞նչ Հարութ ու Սերոբ: – Իրանք է՛լ են ձեր Թերլեմեզյանն ավարտել: Կարծեմ մի կուրսից եք էղել: Հարութը ձեր Մետաքսից ա: – Հա: Հարութին լավ գիտեմ. ինքը մի կուրս մեզնից բարձր էր: – Սերոբն էլ Սարի թաղից ա,- ասաց Սերգեյը.- ինքն է՛լ ա Թերլեմեզյանն ավարտել: – Հիպի՞ Սերոբը՝ երկար մազերով ու բեղերով: – Հա: Սերոբն էլ էր նկարելդ գովում: – Սերոբը մեր զուգահեռ կուրսից էր. ինքը գեղանկարի բաժնում էր, ես՝ կերամիկայի: – Զարմանում եմ՝ ոնց ես նկարելը թողել,- ասաց Սերգեյը: – Փաստորեն, ինձ խաբեցին: Ես ու Սերոբը հինգերով էինք ընդունվել: Ես էլ իրա պես գեղանկարի բաժինն էի ընդունվել, բայց հենց էդ տարի կերամիկայի բաժինն էր բացվել, ու տեխնիկումի ուսմասվարն ինձ համոզեց ու տեղափոխեց կերամիկայի բաժին: – Ո՞նց համոզեց: – Ասեց, որ կերամիկան մեծ ապագա ունի: – Կերամիկան ո՞րն ա,- հարցրեց Սերգեյը: – Էն որ ամանչաման, կուժ-մուժ են սարքում,- ասացի ես: – Սովորական ամա՞ն: – Համարյա: Սովորական, բայց՝ կավից ու մի քիչ էլ ձեւավորումով՝ վրեն նկար-մկար: – Իմացա,- ասաց Սերգեյը.- էդ էլ ա հետաքրքիր: – Հեչ հետաքրքիր չէր,- ասացի ես:, – Բանասիրականի համեմատ եմ ասում: – Ոչ մի հետաքրքիր բան չկար: Ամեն օր կավոտված ու ցեխոտված տուն էի գալիս: Խեղճ մերս հազիվ էր հասցնում շորերս լվար: – Մի քիչ որ դիմանայիր, հետո երեւի լավ ըլներ: – Հետո էլ էր նույնն ըլնելու: Որ իմացա ինձ խաբել են՝ փասափուսես հավաքեցի ու էդ տեխնիկումից ռադս քաշեցի: – Ո՞նց էին խաբել: – Պարզվեց, որ էդ ուսմասվարն ինձ կերամիկայի բաժին ա տեղափոխել ու տեղս իրա քրոջ տղին ա գեղանկարի բաժին նստացրել: – Բա չբողոքեցի՞ր: – Ո՞ւմ բողոքեի: Մինչեւ էդ բանը իմացա, արդեն էրկու ամիս անցել էր: Փասափուսես քաշեցի ու հետ էկա դպրոց: – Որ մի քիչ դիմանայիր, հետո երեւի լավ ըլներ,- ասաց Սերգեյը:- Մեր էն բեղերով Հրաչն էլ ա կարծեմ կերամիկայի գծով ավարտել: Ահագին զակազ-մակազ ունի: – Գիտեմ: Հրաչն էլ էր մեր կուրսից, բայց ինքը հենց կերամիկայի բաժին էլ գործերը տվել էր: Ես էլ որ գործերս կերամիկայի բաժին տված ըլնեի, երեւի մինչեւ վերջ մնայի ու շարունակեի: Բայց ինձ որ խաբելով գեղանկարի բաժնից կերամիկայի բաժին նստացրին, շատ գեշ մանթռաշ էի: – Պատկերացնում եմ,- ասաց Սերգեյը: – Ընենց որ՝ չէի կարա մնամ,- ասացի ես: – Հասկանում եմ,- ասաց Սերգեյը: – Որ էդ ուսմասվարը չխաբեր ու ինձ ամեն ինչ պարզ ասեր, երեւի էդքան չնեղվեի: – Մարդուն որ խաբում են՝ շատ ահավոր ա: – Ռուբոյի էդ պոպոք ծախողն էլ որ մարդկանց խաբեր ու իրա պոպոքը նորմալ պոպոքի տեղ վրեքը սաղացներ, էդ մարդիկ երեւի կատաղեին ու իրա էդ պոպոքները գլխին տային: Բայց որ ինքն ազնիվ-ազնիվ ցուցանակի վրա գրել էր՝ «Փուչ պոպոք», մարդիկ էդ պոպոքներին նույնիսկ փող է՛լ էին տալիս: – Դու Ռուբոյի էդ պատմվածքը չես կարդացել, բայց վրեդ շատ ուժեղ ա ազդել: Երեւի ճիշտ արիր, որ բանասիրական էկար,- ծիծաղեց Սերգեյը: – Ամենավերջո՛ւմ կպարզվի՝ ճի՞շտ եմ արել, թե՝ սխալ: – Ամենավատն էն ա, որ շատ դեպքերում ամենավերջում էլ սխալն ու ճիշտը չի պարզվում: – Էդ ամենավատ վարիանտը չի. էդ դեպքում գոնե կարաս քեզ խաբես, թե ճիշտ ճանապարհով ես գնացել: – Մի բան հաստատ ա, որ եթե էդ Թերլեմեզյանից դուրս չգայիր ու բանասիրական չգայիր, էս բանաստեղծություններդ չէիր գրի: – Ես հենց բանաստեղծություններիս իմաստով եմ ասում. չգիտեմ՝ ճի՞շտ եմ անում, որ էդ բանաստեղծությունները գրում եմ: – Ճիշտ ու սխալ չկա,- ասաց Սերգեյը:- Կարեւորն էն ա, որ մի բան անում ես՝ մի բանով զբաղվում ես: – Որ զբաղվո՞ւմ եմ՝ ինչ: – Կարեւորն էն ա, որ պարապ չես,- ասաց Սերգեյը:- Ամենաահավորը պարապությունն ա: – Բանաստեղծություն գրելն էլ ա պարապ գործ,- ասացի ես: – Ըտենց մի՛ ասա: Պարապությունը լրիվ ուրիշ բան ա: – Ես երեւի պարապությունից եմ գրում: Որ նորմալ աշխատանք ճարեմ՝ դժվար թե բանաստեղծություն գրեմ: – Աչքիդ ա էրեւում,- ասաց Սերգեյը:- Էդ գրելը նարկոտիկի պես բան ա: Ինչքան ծխելն ու կոֆե խմելը կթարգես, էդքան էլ՝ ոտանավոր գրելը: – Կյանքում ամեն ինչ մտքովս անցել էր, բայց որ մի օր ոտանավոր կգրեմ՝ մտքիս ծերով էլ չէր անցել: – Ես առաջին անգամ որ իմացա բանաստեղծություն ես գրում՝ ուղղակի շշմեցի,- ասաց Սերգեյը: – Մերոնք էլ էին շատ զարմացել,- ասացի ես: – Ձերո՞նք երբ են առաջին անգամ իմացել: – Էդ պատի թերթի վախտ: Բայց էն վախտ, փաստորեն, ես չէի էլ գրում: Էղած-չեղածն էդ մի հատիկ բանաստեղծությունն էր, որ ծովափում գրել էի: – Էդ որ Ժիրոն քեզ հիշացրել է՞ր,- հարցրեց Սերգեյը: – Հա. փաստորեն, էս ամեն ինչի պատճառը Ժիրոն ա: – Մեկ էլ՝ Հրաչը: Հրաչը որ հետդ գրազ չգար ու էդ ոտանավորդ իրա պատի թերթի մեջ չդներ, դու դժվար թե գրելը շարունակեիր: – Հաստատ չէի շարունակի,- ասացի ես: – Շատ ժամանակ հենց պատահականությունն ա ամեն ինչ որոշում: – Էդ ամեն ինչը, փաստորեն, ծերից ծեր պատահականություն էր,- ասացի ես: – Հետո գալիս ա մի վախտ, որ պատահականությունն անհրաժեշտություն ա դառնում: – Ո՞նց ա անհրաժեշտություն դառնում: – Հիմի որ ձերոնք գրասեղան են առել, ստիպված պիտի նստես ու գրես,- ծիծաղեց Սերգեյը: – Էդ գրասեղանը հատուկ իմ համար չեն առել,- ասացի ես.- մեբելի ընդհանուր կոմպլեկտի հետ ա էղել: – Կապ չունի,- նորից ծիծաղեց Սերգեյը:- Պիտի գրես. հո չե՞ս թողի, որ էդ փայլուն գրասեղանն ըտենց փայլուն ու ըտենց անիմաստ մնա: Հիմա, երեսուն տարի անց, երբ իմ ու Սերգեյի էս երկխոսությունը վերհիշելով ու տեղ-տեղ էլ հորինելով՝ նույն էդ գրասեղանի վրա գրի եմ առնում, էդ երբեմնի փայլուն գրասեղանի հիմիկվա անփայլ մակերեսին սրճոտ բաժակներից մնացած կլոր-կլոր անթիվ հետքեր կան. ինչքան չլինի՝ էդ գրասեղանի վրա արդեն տասնյակից ավելի գրքեր ու տասնյակ հազարներով անտեղի ու անիմաստ տողեր են գրվել, ու եթե հաստատ իմանամ, որ էդ անթիվ ու անհամար տողերից մեկնումեկը մեկնումեկիդ երբեւէ սփոփել ու մխիթարել է, միգուցե ի՛նքս էլ սփոփվեմ ու մխիթարվեմ, բայց քանի որ ես էդ մասին դեռեւս որոշակի որեւէ բան չգիտեմ, անսփոփ վեր եմ կենում տեղիցս, անմխիթար ու անիմաստ քայլքով հասնում եմ միջանցք, միջանցքում Իլյիչի պես անիմաստ ու անհեռանկար հետուառաջ եմ գնում ու գալիս ու հընթացս ինձ նկատելով միջանցքի պատի հայելու մեջ՝ ուշադիր զննում եմ ինքս ինձ ու հանգում եմ միանգամայն սփոփիչ ու մխիթարիչ եզրակացության. «Ես էս երեսուն երկար ու ձիգ տարիների թոհուբոհի մեջ շատ ավելի լավ եմ պահպանվել, քան՝ գրասեղանս»: Գլուխ տասներեքերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել