Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՍՈՒՄ ԵՆ ՈՒՐԻՇԻՑ, ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ «ՀԻԴՐՈՄԵՏԻՆ»

Դեկտեմբեր 10,2005 00:00

ԼՍՈՒՄ ԵՆ ՈՒՐԻՇԻՑ, ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ «ՀԻԴՐՈՄԵՏԻՆ» Վերջին օրերին Երեւանի տեւական մառախուղը խառնաշփոթ է առաջացրել հասարակության շրջանում: Մասնավորապես խոսքն այն տարածված կարծիքի մասին է, թե այսպիսի մառախուղների ժամանակ երկրաշարժ է լինում: Մինչդեռ «Հայպետհիդրոմետ» ծառայության՝ «Առավոտին» հայտնած տեղեկության համաձայն՝ մառախուղը երկրաշարժի հետ ոչ մի կապ չունի: Այս օրերին ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի հեռախոսները կաթվածահար են եղել: Բաժնի պետ Զարուհի Պետրոսյանի հավաստիացմամբ՝ «ճիշտ է, մենք երկրաշարժի կանխատեսումով չենք զբաղվում, բայց կարող եմ ասել, որ ջերմաստիճանի տաքությունը, մառախուղը երկրաշարժի հետ կապելը սխալ է»: Հնարավոր երկրաշարժի մասին ստահոդ լուրերն ամենից շատ անհանգստացրել են դպրոցների տնօրեններին ու աշակերտների ծնողներին: Այս խնդրով բոլոր տագնապածներին Զ. Պետրոսյանը հանգստացնում է. «Այս տեւական մառախուղն ամենեւին էլ արտառոց երեւույթ չէ, քանի որ, ըստ վիճակագրության, ամենաշատ մառախուղները դիտվում են ձմռան ամիսներին՝ ավելի հաճախ դեկտեմբերին: Մառախուղը պայմանավորված է նրանով, որ մթնոլորտում ակտիվ ցիկլոններ ու փոփոխություններ այս օրերին չեն դիտվում. այդքան բան»: Բացի այդ, հեռուստաընկերությունների տարածած «կանխատեսումը», թե մինչեւ դեկտեմբերի 18- ը մառախուղը չի ցրվի՝ եւս ճիշտ չէ, ըստ Զ. Պետրոսյանի. «Հայպետհիդրոմետը» նման բան չի հայտարարել: Ինտերնետից ինֆորմացիաներ են վերցնում ու սխալ կողմնորոշում հասարակությանը»: Կանխատեսումների բաժնի պետը նաեւ սրտնեղեց, որ իրենք դառնում են նմանատիպ սխալ հայտարարությունների զոհը. «Ամբողջ օրն այստեղ չարչարվում ենք, ինչ-որ տեղից լսած սխալ կանխատեսումների համար մարդիկ զանգում ու մեզ են անիծում: Առհասարակ կանխատեսողի աշխատանքն անշնորհակալ գործ է: Լավ եղանակ կանխատեսելու ժամանակ ոչ ոք շնորհակալություն չի հայտնում»: Թեեւ մառախուղը երկրաշարժ չի ենթադրում, բայց բացասաբար է անդրադառնում հատկապես քրոնիկ հիվանդների վրա: Երեւանում թանձր մառախուղի հետեւանքով «շտապօգնության» կանչերի թիվը կտրուկ ավելացել է: Ընդ որում, բժիշկների հավաստիացմամբ՝ իրենց հիմնականում դիմել են բրոնխեալ ասթմայով, ռեւմատիզմով եւ ռադիկուլիտով հիվանդները: «Հայպետհիդրոմետի» կանխատեսմամբ՝ դեկտեմբերի 12-ին սպասվում են տեղումներ՝ անձրեւի տեսքով: Իսկ թե ե՞րբ կտեղա առաջին ձյունը՝ ծառայությունում առայժմ ոչինչ չկարողացան խոստանալ՝ համենայնդեպս նշելով, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կարող ենք հույս չունենալ: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել