Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարտատոմսեր՝ հայաստանյան շուկայում

Դեկտեմբեր 10,2005 00:00

Պարտատոմսեր՝ հայաստանյան շուկայում Դեկտեմբերի 14-ից կթողարկվեն «Հայէկոնոմբանկի» կորպորատիվ կարճաժամկետ էլեկտրոնային պարտատոմսերը «Հայէկոնոմբանկը» հայաստանյան ֆինանսական շուկայում հանդես եկավ նոր նախաձեռնությամբ, եւ Հայաստանի Ֆոնդային բորսայի (ՀՖԲ), «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի, USAID-ի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի աջակցությամբ մի քանի օրից հայաստանյան ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել կարճաժամկետ պարտատոմսեր: Երեկ այս առիթով կազմակերպված ասուլիսի ժամանակ «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը ներկայացրեց այն նպատակները, որոնք ստիպեցին «Հայէկոնոմբանկին» հայաստանյան շուկա հանել այդ նոր ֆինանսական գործիքը: Ըստ պարոն Օսիպյանի, իրենց նպատակն առաջին հերթին եղել է մեր շուկայում կիրառել պարտատոմսերը՝ որպես նոր ֆինանսական գործիք, ապա զգալ շուկայի արձագանքները, եւ այնուհետեւ, եթե պարտատոմսերի տեղաբաշխումն աշխույժ ընթացք ունենա եւ երկրորդային շուկան ձեւավորվի ու ամրանա՝ «Հայէկոնոմբանկը» կսկսի այլ պարտատոմսերի թողարկում եւս: Կարճաժամկետ կորպորատիվ պարտատոմսերի մուտքը շուկա՝ դրանք թողարկվել են 200 միլիոն դրամ ծավալով, առայժմ՝ ընդամենը 20 հազար հատ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքն այսօր 10 հազար դրամ է, իսկ տարեկան եկամտաբերությունը՝ 6%: Նշենք, որ պարտատոմսը, ինչպես ցանկացած ֆիզիկական անձի ավանդ, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Իսկ սովորական բանկային ավանդների համեմատ՝ պարտատոմսերը ունեն որոշ առավելություններ, մասնավորապես՝ ի տարբերություն բանկային ավանդի, պարտատոմսը կարելի է ցանկացած պահի վաճառել՝ չկորցնելով հասանելիք եկամուտը: Պարոն Օսիպյանի տեղեկատվությամբ, «առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մենք կիրականացնենք մեր պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում: Ներդնողները պետք է իմանան խաղի կանոնները: Նրանք կարող են նաեւ տեղեկատվություն ստանալ «Հայէկոնոմբանկից», տեղաբաշխող ընկերության՝ «Տոնտոն» ՍՊԸ-ից, կամ առքուվաճառքը կատարող Հայաստանի Ֆոնդային բորսայից: Ներդնողի առաջին քայլը պետք է լինի դիմել ՀՖԲ-ում եւ «Տոնտոն»-ում տեղ ունեցող բրոքերներին, այնտեղ կկնքեն եւ կստորագրեն պայմանագիր, որով ձեռք կբերեն պարտատոմս: Պարտատոմսի ձեռքբերման իրավունքը գնում է դեպոզիտարիա, եւ դեպոզիտարիան գրանցում է այդ իրավունքն ու տալիս է քաղվածք, որը կարելի է համարել այդ պարտատոմսի սեփականության վկայական: Եվ վաճառքի դեպքում կրկին դիմում է ՀՖԲ-ում գրանցված այդ ընկերություններին, կնքում է պայմանագիր եւ իրականացնում առքուվաճառք: Ամեն օր այդ բրոքերային ընկերությունները սահմանելու են առքուվաճառքի գինը: Եվ մենք խնդրել ենք, քանի որ սա դեռ սկիզբն է, այդ տարբերությունը զգալի չլինի, եւ եկամտաբերությունը առավել գրավիչ լինի»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել