Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՀԿ-ից

Դեկտեմբեր 10,2005 00:00

«ԱՀԿ-ից ոչ մի խեր չենք տեսել» Իրենց ուսումնասիրություններում այսպիսի եզրակացության են եկել «Համաշխարհային կոչ՝ ընդդեմ աղքատության» հայաստանյան կոալիցիայի մասնագետները: Երեկ «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ» կազմակերպությունը «Համաշխարհային կոչ՝ ընդդեմ աղքատության» հայաստանյան կոալիցիայի անունից մի սենսացիոն տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Այս հայտարարությունը հետաքրքիր էր այն առումով, որ մինչ օրս տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաները հպարտանում էին այն հանգամանքով, որ մենք 2003-ից ԱՀԿ անդամ ենք, ավելին՝ այդ անդամակցությունը համարվում էր ոլորտի զարգացման ապացույցներից մեկը: Մինչդեռ կոալիցիայի ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի պես փոքր պետությունները կարող են միայն տուժել ու բազմաթիվ կորուստներ կրել ԱՀԿ-ի հետ համագործակցությունից: Նախ, ԱՀԿ-ի կանոնները, համաձայնագրերն ու առաջարկները, որոնց պարտավոր են ենթարկվել անդամ-պետությունները, բավականին մեծ ազդեցություն ունեն այդ երկրների առեւտրի եւ ներքին քաղաքականությունների, բնակիչների կյանքի եւ ապրուստի վրա: Տեղեկատվությունը տարածող կազմակերպության մասնագետների հավաստիացմամբ՝ ԱՀԿ-ի այդ կանոններում ու համաձայնագրերում մի շարք ծուղակներ կան, դրանք հավասար պայմաններ չեն ապահովում կողմերի համար. զարգացող երկրների վրա ավելի մեծ պարտավորություններ են դրվում, իսկ օգուտները հավասար չեն բաշխվում: Դեռ ավելին, շատ դեպքերում զարգացող երկրները լրացուցիչ ծախսեր ու կորուստներ են կրում: Կոալիցիան իր այս տեսակետները հաստատում է նաեւ՝ հղում անելով Առեւտրի եւ Զարգացման ՄԱԿ-ի կոնֆերանսի հաշվետվությունը, ըստ որի նույնպես ԱՀԿ-ին անդամակցելը բոլորովին ձեռնտու չէ զարգացող երկրների համար: Օրինակ՝ որոշ համաձայնագրեր արգելում են այդ երկրներին լիովին օգտագործել իրենց առկա կամ պոտենցիալ համեմատական առավելությունը՝ պաշտպանելով մեծ եւ զարգացած պետությունների շահերը: Արդյունքում՝ միայն ցածր տեխնոլոգիաների արտադրության արտահանումից մենք կարող էինք ունենալ տարեկան 700 մլրդ դոլարի եկամուտ, որը չունենք: Եթե այս հնարավորությունները մատչելի լինեին եւ իրագործվեին, ապա նրանք կապահովեին զարգացող երկրների ավելի մեծ շարժ, արտահանման եկամուտ, աշխատանք եւ վաստակ: Եվս մի կարեւոր հանգամանք. ՄԻԺԻ-ի մասնագետների՝ «Առավոտին» հայտնած տեղեկատվության համաձայն, Հայաստանը ԱՀԿ անդամ պետությունների շարքում այնքան խղճուկ է գտնվել, որ այդ կազմակերպությանն անդամակցելուց առաջ չի թելադրել իր պայմաններն ու կանոնները՝ ակամայից հայտնվելով միայն ուրիշների կանոններին ենթարկվողի դերում: Իսկ զարգացած երկրների առաջարկների վրա հիմնված համաձայնագրերը կարող են հսկայական բացասական ազդեցություն ունենալ տեղական ֆիրմաների եւ տնտեսությունների կարողության զարգացման վրա. աղքատ երկրներն է՛լ ավելի խոցելի կլինեն օտարերկրյա արտադրանքի նկատմամբ, մինչ օտարերկրյա ներդրողները կյուրացնեն նրանց տնտեսական գույքի եւ արտադրանքի մեծ մասը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել