Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱԿԱՆ

Դեկտեմբեր 10,2005 00:00

ԳՅՈՒՂԱԿԱՆ SECOND HAND Մայրաքաղաքում չվաճառված ապրանքները «սաղացնում» են գյուղացիների վրա «Վաճառված ապրանքը ետ չենք վերցնում». մայրաքաղաքի մի շարք խանութներում փակցված այս հայտարարությունը «մոդա» է դարձել նաեւ գյուղերի խանութների համար: Խնդիրն այն է, որ հագուստի տոնավաճառներում, որտեղից առեւտուր է անում ազգաբնակչության մեծ մասը, չկան նորմալ հանդերձարաններ: Շատ դեպքերում վաճառողը ձեռքով վարագուրատիպ պատառոտված մի կտոր է պահում ու առաջարկում ետեւում փոխվել՝ հանգստացնելով, թե «արխային, ոչ ոք չի նայում, հանգիստ հագի»: Հատկապես ձմռանը նման պայմաններում հագուստ փորձելը գնորդի համար իսկական տառապանք է: Մայրաքաղաքի տոնավաճառներում դեռ լինում են մասնավոր հանդերձարաններ, որտեղ 100-150 դրամ կարող ես վճարել ու առանձին «կուպեում» փոխվել: Իսկ գյուղերում «քաղաքակրթության» այդ տարբերակին դեռ չեն հասել. ստիպված են տանել տուն, տնտղել, տան մեծերի կարծիքը ճշտել, ապա նոր գնել, ինչը այլեւս թույլ չեն տալիս վաճառականները: Գնված ապրանքը ետ չվերցնելու ցուցանակները վերջիններս այսպես են մեկնաբանում. «Մենք մահն աչքներիս առաջ գնում ենք սադախլոներն ու էմիրաթները, մեր առողջության հաշվին ապրանք ենք բերում, մարդիկ ստից տանում են, հագնում-փչացնում են ու մեկ էլ տեսար՝ ամբողջ գերդաստանով գալիս ու պահանջում ետ վերցնել՝ իբր թե բռակ ա: Թող տեղում նայեն՝ նոր առնեն»: Բացի այդ, հագուստ փորձելը խիստ հակահիգիենիկ է, մինչդեռ շատերը, անտեսելով այդ վտանգը, մերկ մարմնի վրա փորձում են անգամ ներքնազգեստն ու լողազգեստը: Մյուս կողմից, առանց փորձելու ոչ ոք չի կարող հագուստ գնել, քանի որ պիտակի վրա գրված չափսերը հիմնականում չեն համապատասխանում դրանց: Առաջվա «52» չափսը հենց այդ «չափանիշներով» մարդու համար էր, ոչ սովորական կազմվածք ունեցողներն էլ ստիպված էին լինում պատվիրել կամ դիմել դերձակի օգնությանը: Իսկ մեր օրերի «XL»-ը, «M»-ը կամ «S»-ը թյուրիմացության տեղիք են տալիս: Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 491-րդ հոդվածի 2-րդ կետի՝ «ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում գնորդն իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց եւ պահանջել վերադարձնել ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նույն որակի այլ ապրանքով»: Սակայն մանր-մունր ապրանքների դեպքում գնորդի ու վաճառողի միջեւ ոչ մի պայմանագիր էլ չի կնքվում, առավել եւս՝ գյուղերում: Նման պայմանագրեր կնքելու հնարավորություն տալիս են միայն մայրաքաղաքի հատուկենտ խանութները, այն էլ՝ ոչ թե հագուստի, այլ հիմնականում տեխնիկայի: Ուստի ոչ մի օրենսդրական երաշխիք չկա ոչ հագուստ գնողների, ոչ էլ վաճառողների համար: Գյուղացիների հավաստիացմամբ՝ մայրաքաղաքի համեմատ գյուղում նույն ապրանքները վաճառում են անհամեմատ բարձր գներով, իսկ իրենք, ընտրության հնարավորություն չունենալով, ստիպված առնում են: Իսկապես, տարբեր շուկաներից մեր հարցումները ցույց տվեցին, որ հատկապես թուրքական հագուստը, որն ամենաշատն է սպառվում գյուղերում, մոտ 20-30%-ով ավելի թանկ է, քան մայրաքաղաքի տոնավաճառներում: Այն, որ գյուղերում հիմնականում վաճառում են թուրքական ապրանքներ, այնքան էլ պատահական չէ: Խնդիրն այն է, որ այժմ մայրաքաղաքում հենց թուրքական ապրանքների նկատմամբ մի շարք կազմակերպություններ հատուկ քաղաքականություն են վարում՝ կոչ անելով ազգաբնակչությանը «ոչ» ասել թուրքական ապրանքներին ու թշնամու գրպանը չլցնել: Ազատ շուկայական պայմաններում, իհարկե, նման հայտարարություններն ու կոչերն անընդունելի են, ուստի դրանց հեղինակներն արդեն սկսել են աշխատել այն ուղղությամբ, որ մարդկանց գիտակցության մեջ ամրապնդվի թուրքական ապրանքների անորակության, թունավոր եւ վնասակար լինելու մասին հստակ դիրքորոշում: Վաճառականներն էլ, չկարողանալով իրացնել իրենց ապրանքը, այն տանում են գյուղեր, որտեղ նման բաների վրա այնքան էլ ուշադրություն չեն դարձնում: Գեղարքունիքի մարզի Ակունք եւ Սամաղար գյուղերի բնակիչները բողոքում են նաեւ սննդամթերք վաճառող խանութներից: Ըստ նրանց՝ կաթնամթերքի տուփերի վրա հաճախ պիտանելիության ժամկետ նշված չի լինում. «Ո՞վ ա կմտածա մեր առողջության մասին, 2 տարեկան ճիժս մեռնելուց պրծավ. խանութից յոգուրտ էի առել, չիմնալով, որ ուտելու խմար պիտանի չի՝ կերցուցի՝ թունավորվեց»: Գյուղերում ստուգումներ չեն լինում. սա հաստատեցին նաեւ խանութների վաճառողները. «Բացի հարկայինի մարդկանցից, ստեղ մարդ չի գալիս: Ի՞նչս պիտի ստուգեն, ինչ բերում են գյուղ, էդ էլ վաճառում ենք»: Բացի այդ, գյուղացիները դժգոհում են նաեւ, որ սննդամթերքի տուփի վրա եթե անգամ համապատասխան նշումները կան, դրանք չեն երեւում. «Շաքարախտով հիվանդ կին եմ, ամեն բան չի կարելի ուտել: Եթե մի քիչ երկար եմ նայում ապրանքը, վաճառողները կոպտում են»: ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել