Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՐԱՖՖԻ

Դեկտեմբեր 10,2005 00:00

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱԿՑԻԱՆ Երեկվա հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես եւ խոստացել էր հանրահավաքի մասնակիցներին, փորձեց անձամբ նախագահական տանել Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր նամակ-պահանջագիրը: «Ժառանգություն» կուսակցության նախագահը ոտքով գնաց նախագահական նստավայր: Այստեղ նրան սպասում էին ոստիկանության պաշտոնյաները, որոնք, բնականաբար, հանրահավաքի ժամանակ լսել էին սպասվող ակցիայի մասին եւ նախապես նստավայրի մոտ հերթապահություն էին կազմակերպել: Ինչպես հաղորդում է «Ա1+»-ը, Րաֆֆի Հովհաննիսյանին սպասում էր երեք ոստիկանական «Գազել», երեք սովորական մարդատար ավտոմեքենա, երկու «Վիլիս»: Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ նախագահական նստավայրի նամակների բաժնին, որի դուռը փակ էր: Պարոն Հովհաննիսյանի առաջխաղացումը կանխեցին ոստիկանության սպաները՝ պարոն Աֆյանի գլխավորությամբ: Նրանք տեղեկացրին, որ ուրբաթ օրերին նամակների բաժինն աշխատում է մինչեւ ժամը 17-ը եւ արդեն փակ է: Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրեց. «Իսկ փոստ կա՞» եւ կոնկրետ պատասխան չստանալով՝ նամակը դրեց նստավայրի ճաղերից այն կողմ: Նամակի ծրարին գրված էր՝ «ՀՀ նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանին»: Ծրարը դնելուց հետո առանց մի բառ արտահայտելու պարոն Հովհաննիսյանը հեռացավ նստավայրից: Հաջորդ քայլը ոստիկաններինն էր. նրանք պետք է որոշեին նամակի ճակատագիրը: Ոստիկանները համառորեն սպասում էին, որ ակցիան լուսաբանող «Ա1+»-ի լրագրողները հեռանան, որպեսզի իրենք նամակի ճակատագիրը որոշեն: Ի վերջո, նախագահականի դարպասի դիմացով անցնելիս երեք ոստիկաններից մեկը զգուշորեն վերցրեց նամակը եւ փութաջանորեն թաքցրեց այն: Խումբը հեռացավ: Ոստիկաններն ու ոստիկանական ավտոմեքենաները նրանց ետեւից հեռացան: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել