Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒՂԱՐԿԵՑԻՆ

Դեկտեմբեր 10,2005 00:00

ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ՏՈՒՆ՝ ՏԵՎԱԿԱՆ ԵՎ ՈՒԺԵՂ ՊԱՅՔԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Երեկ Մատենադարանին հարող հրապարակում տեղի ունեցավ միացյալ ընդդիմության հերթական հանրահավաքը, որին ավելի քիչ մարդ էր մասնակցում, քան նախորդին: Մարդկանց սակավաթիվ լինելը իրատեսորեն ընդունեցին ընդդիմադիր գործիչները եւ հայտարարեցին, որ քանի դեռ չի հավաքվել բավարար չափով կրիտիկական զանգված, իրենք չեն կարող գնալ կոնկրետ եւ հուժկու գործողությունների: Հանրահավաքը վարող «Ժառանգություն» կուսակցության անդամ Վարդան Խաչատրյանը հայտարարեց. «Պայքարը շարունակվելու է մինչեւ վերջ եւ ընդհատումներ, որպես այդպիսին, չեն լինելու, պայքարի բոլոր փուլերը պատրաստ ենք նորից անցնել ժողովրդի հետ»: Ասվեց, որ խիստ արագ ձեւավորվող բաները միշտ էլ կասկածելի են, իսկ ընդդիմությունը «համոզված է, որ այն, ինչը ձեւավորվելու է եւ հայտարարվելու է ամսի 16-ին, լինելու է ֆունկցիոնալ եւ ճշգրիտ արտահայտելու է հայ ժողովրդի շահերն ու ձգտումներն այս էտապում»: Հանրահավաքում առաջինը ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ընդդիմության ու ժողովրդի պայքարը որակեց օրինական, իրավական, խաղաղ, վճռական եւ հաղթական: Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ տվեց. «Այս չափորոշիչներից դուրս չգանք եւ կհասնենք մեր բոլորի, ողջ ազգի նպատակին»: «Ժառանգության» ղեկավարն ընթերցեց 21 կետից բաղկացած մի նամակ՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին: Նամակում Ռոբերտ Քոչարյանից փորձում են պարզել, թե նա ո՞ր երկրի քաղաքացի է, իր ղեկավարության օրոք քանի՞ մարդ է անհայտ պատճառներով մահացել կամ դատապարտվել, որքա՞ն է եղել իր եւ իր տիկնոջ կարողությունը մինչեւ 1991 թվականը եւ էլի մի շարք այլ հարցերի պատասխաններ: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ անձամբ է ընթերցված նամակը տանելու նախագահի նստավայր եւ հանձնելու աշխատակազմին: Պարոն Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ օդակայանում իրեն խուզարկելու հետ կապված միջադեպին եւ հայտարարեց. «Այո, կարելի է խուզարկել Րաֆֆի Հովհաննիսյանին կամ այստեղ կանգնած հարգարժան ցանկացած լիդերի, բայց առաջին հերթին թող խուզարկեն, հավասար կիրառմամբ, գործող նախագահին, պաշտպանության նախարարին, ԱԳ նախարարին, բոլորին, հավասար կիրառմամբ»: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտարարեց, որ կռիվը նոր է սկսվում եւ բարիկադի երկու կողմ է լինելու. «Մի կողմում՝ մոտ 20 հազար պայմանական ավազակախումբը, մյուս կողմում՝ հայ ժողովուրդը: Հայ ժողովուրդը պետք է հաղթի, անկախ այն բանից, որ եղանակի պայմաններով թելադրված՝ այսօր մեր շարքերը նոսր են, բայց միասնական ընդդիմությունը համախմբված մինչեւ վերջ քայլելու է առաջ»: Երեկվա հանրահավաքը սովորականից կարճ տեւեց, ելույթները քիչ էին, եւ, ըստ էության, նկատելի էր, որ ընդդիմադիր լիդերներին պակասում էր ժողովրդի բավարար ներկայությունը. «Լավ չեմ տեսնում, նախորդ անգամ ավելի շատ էիք»,- իր մտահոգությունը չթաքցրեց «Մտավորականների ֆորումի» ներկայացուցիչ Խորեն Պալյանը: Նա իր հոգու պարտքը համարեց հավաքվածներին տեղեկացնել, որ ընդդիմությունը շատ համերաշխ է, եւ «շատ համառ ձեւով շարունակում են բանակցությունները իրար մեջ եւ միշտ իրենց զորակցությունը գտնում են ձեր մեջ, նրանք համաձայն են, որ առաջին խոսքը ձերն է»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց. «Մենք կպել ենք այս սահմանադրական հանրաքվեի պոչից եւ այն բաց չենք թողնելու, եւ սա է դառնալու այս իշխանությունների վերջը»: Արամ Սարգսյանը ասաց, որ վերջնական հաղթանակի հասնելու համար հարկավոր է կազմակերպել տեւական եւ ուժեղ պայքար. «Ինչո՞ւ կազմակերպված եւ տեւական: Մենք անընդհատ միտինգներ ենք անելու, չհոգնեք միտինգներից: Շատ ցանկալի է, որ միտինգները լինեն մարդաշատ, բայց, հավատացեք, մենք չենք վախենում նաեւ փոքրաքանակ միտինգներից: Միտինգներն անհրաժեշտություն են հակառակորդ թիմի դիմադրությունը թուլացնելու համար»: «Հանրապետություն» կուսակցության լիդերը նաեւ հայտարարեց. «Իշխանական բուրգը փուլ է գալիս, ժողովուրդ»,- հավաքվածները այնպես ոգեւորվեցին, կարծես դա հենց նույն պահին էր տեղի ունենում: Արամ Սարգսյանը հայտարարեց նաեւ, որ համապատասխան պահը միշտ էլ թելադրելու է գործողություններ. «Մենք մեր հանրահավաքներով այդ պահը օր օրի մոտեցնում ենք»: Տվեց նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է ընդդիմությունը հավաքվում. «Հավաքվում ենք, որովհետեւ ասելիք ունենք, հավաքվում ենք, որովհետեւ սա քաղաքական հարթակ է, տեսակետներ փոխանցելու հարթակ է, նաեւ ժողովրդի հետ շփվելու հարթակ է: Հավաքվում ենք, որովհետեւ մենք բոլորս չենք ընդունում այս հանրաքվեն եւ չենք ընդունելու, եւ ինչքան պետք լինի՝ հավաքվելու ենք, ու ինչքան պետք լինի՝ կանգնելու ենք, հավաքվելու ենք, որովհետեւ մենք ունենք այն 5-10 հազար մարդը, որը իր ոգով կարող է իշխանափոխություն անել, եւ առանձնապես մեծ քանակով մարդու կարիք էլ չկա, հավատացեք, ձեր ոգին բավարարում է մեզ, մենք պահն ենք ընտրում, պահը»: Սակայն ասվեց նաեւ, որ հաջորդ հանրահավաքին ցանկալի է, որ յուրաքանչյուրը իր հետ բերի եւս մեկ մարդ: Կոչ արվեց՝ պատրաստ լինել գործընթացների: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մյուս ուրբաթ, ժ. 16-ին: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել