Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2006 ԹՎԱԿԱՆՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԼԻՆԻ

Դեկտեմբեր 10,2005 00:00

Ձիասպորտի ֆեդերացիան մրցաշրջան-2005-ն
ամփոփելու է եկող տարվա հունվարի սկզբներին: Սակայն օրերս մեր մարզական մեկնաբան
Աշոտ Հակոբյանը հարցազրույց անցկացրեց ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանի
հետ: – Պարոն Հայրապետյան, անցնող տարին ընդհանուր գծերով ինչպե՞ս կբնութագրեք:
– Քանի դեռ վերջնական ամփոփումը չենք ավարտել, հիմա չեմ ուզում կոնկրետ բաներ
ասել: Իսկ ընդհանուր գծերով տարին գնահատում եմ դրական՝ այն առումով, որ համեմատած
2004 թվականի հետ, մրցումների քանակը հանրապետությունում երկու անգամ ավելացել է:
Մեր մարզիկները մասնակցել են նաեւ արտագնա մրցումների, ինչպես, օրինակ, Վրաստանում:
Հիմա էլ մեր նժույգավարներից մեկը պատրաստվում է մոտ օրերս Դուբայում հանդես գալ
միջազգային խոշոր մրցաշարում: Այնպես որ, կարելի է ասել՝ մրցաշրջանը մեզ համար դեռեւս
չի ավարտվել: – Հայաստանում տարածված է արգելքների հաղթահարումը: Բայց ձիասպորտում
կան նաեւ այլ մրցաձեւեր: Դրանք արմատավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվո՞ւմ են:
– Անշուշտ: Հիմա մեր ծրագրերի մեջ մտնում է նաեւ գեղավարգը հանրապետությունում
ակտիվացնելը: Արդեն ունենք այդ գործով զբաղվող մարզիչ: Ինչ վերաբերում է արագավազքին,
դա ձիերի համար մի փորձաշրջան է, որի ընթացքում կենդանիները նախապատրաստվում են մեծ
սպորտ մտնելուն: Այս երկու ուղղություններով լուրջ գործունեություն ենք ծավալել:
– Ձմռանը ձիասպորտը Հայաստանում, կարծես, քուն է մտնում: Շուրջտարյա մարզումային
ու մրցումային պայմաններ ստեղծելու ուղղությամբ ինչ-որ բան արվո՞ւմ է: – Չէի
ասի, թե մարզաձեւը ձմռանը կանգ է առնում: Ճիշտ է, մի կարճ ժամանակ մրցումներ չեն
կազմակերպվում: Բայց առավելագույնը երկու ամսվա ընթացքում Հովիկ Հայրապետյանի անվան
ձիասպորտի կենտրոնում շահագործման ենք հանձնելու ձմեռային ծածկած մանեժը: Դա հնարավորություն
կտա ամբողջ տարի եւ մարզվել, եւ մրցումներ կազմակերպել: – Հանրապետությունում
ներկայումս ձիասպորտի շուրջ 13 ակումբ է գործում: Մարզաձեւը զարգացնելու միասնական
ծրագիր կա՞: – Դրանք բոլորն էլ աշխատում են համագործակցված ինչպես ֆեդերացիայի,
այնպես էլ միմյանց հետ: Ֆեդերացիան մի գերխնդիր ունի. ակումբներից պահանջում է հնարավորին
չափ շատ երեխաներ ներգրավել ձիասպորտ ու այդ նպատակով անհրաժեշտության դեպքում մասնագետներ
տրամադրում նրանց: Չկա մի ակումբ, որն աշխատի ֆեդերացիայից անկախ: Այդ համագործակցության
արդյունքում, կարծում եմ, մենք լուրջ հաջողություններ պետք է արձանագրենք: Ավելացնեմ
նաեւ, որ ֆեդերացիան իր միջոցներով երեխաներին անվճար անգլերեն է սովորեցնում, համակարգչային
դասընթացներ ու անհրաժեշտ այլ բաներ է կազմակերպում: – Ազգային հավաքական
ունե՞նք: – Այո: Ավագ մարզիչն էլ Մերուժան Մելքոնյանն է: Սակայն պիտի ասեմ,
որ հավաքականը դեռ ձեւավորման, կայացման փուլում է: Տասնհինգ տարի մարզաձեւով զբաղվող
չի եղել: Վերջին երեք տարիներին է, որ ձիասպորտն աշխուժացել է: Այդքան կարճ ժամանակաընթացքում,
բնականաբար, ամեն բան կատարյալ վիճակի հասցնել, մեծ հաջողություններ ունենալ հնարավոր
չէ: Մի օրինակ բերեմ. ձիասպորտում մարզիկ են եւ նժույգավարը, եւ նժույգը: Լուրջ մրցումների
մասնակցելու համար մեկ ձի նախապատրաստելը պահանջում է 3-5 տարի: Այն ժամանակվա կենդանիները
արդեն տարիքն առել են: Հիմա մենք սկսել ենք երիտասարդ ձիեր նախապատրաստել: Դրան զուգահեռ՝
աճեցնում ենք պատանի ու երիտասարդ նժույգավարներ: Այստեղ ես շատ եմ կարեւորում այն,
որ եկող տարի մեր կազմակերպելիք մրցումների, որոնց թիվն այս տարվա համեմատ առնվազն
երեք անգամ ավելացրել ենք, առյուծի բաժինը նախատեսված է երեխաների համար: Սա պետք
է աշխուժացնել: Դրա համար միջազգային ֆեդերացիայի հետ պայմանավորվածություն ունենք,
որպեսզի ապրիլին մի քանի ամսով մարզիչ-մասնագետ գա Հայաստան, աշխատի ու նոր դպրոց
ստեղծի: Միջազգային ֆեդերացիայի հետ սերտ համագործակցության բազմաթիվ այլ ծրագրեր
էլ ունենք, ինչպես, օրինակ, եկող տարվա սեպտեմբերին Երեւանում անցկացվելիք օլիմպիական
վարկանիշով միջազգային մրցաշարը: – Ի՞նչ է արվում Շարժայի շեյխից նվեր ստացված
չորս զտարյուն նժույգների հետ: – Այդ ձիերը տրվել են հիմնականում
ձիաբուծությունը զարգացնելու համար: Երկուսը գարնանը ծննդաբերելու են, իսկ արուները
գարնանից աստիճանաբար կնախապատրաստվեն մրցումների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել