ՏԻՄ
ղեկավարները պատշաճ ուշադրություն չեն հատկացնում ֆիզկուլտուրային եւ սպորտին Ֆիզիկական
կուլտուրայի մասսայականությունը նախ եւ առաջ ազգաբնակչության, հատկապես՝ աճող սերնդի
առողջության պահպանման գրավականն է, ապա միայն՝ մեծ սպորտում հաջողությունների հասնելու
հիմքը: Այս գործում կարեւոր դերակատարում է վերապահված մարզադպրոցներին: Հանրապետության
ամբողջ տարածքում գոյություն ունեցող 162 մարզադպրոցներից ընդամենը մոտ երեք տասնյակն
են Սպորտպետկոմի ենթակայության ներքո, մյուսները պատկանում են տեղական ինքնակառավարման
մարմիններին: Այս առումով անչափ կարեւորվում է պետության վարած մարզական քաղաքականությունը
հենց մարզերում: Բոլորին է հայտնի հանրապետությունում մարզադպրոցների խիստ
անմխիթար վիճակը: Դրանցից շատերը տարիներ շարունակ կամ անգործության են մատնված,
կամ գոյություն ունեն ձեւականորեն: Հիմա էլ իրավիճակը գրեթե նույնն է, թեեւ վերջին
շրջանում մարզերում ֆիզկուլտուրային կյանքն աշխուժացնելու քայլեր կատարվում են: Արդեն
երրորդ տարին է՝ ինչ մարզերում գույքային ծրագիր է իրականացվում: Սպորտի պետական
կառույցը ՏԻՄ-երի ներկայացրած հայտերով տարեկան 180 մլն դրամի մարզագույք է հատկացնում
հանրակրթական դպրոցներին ու մարզադպրոցներին: Ու կարեւորն այն է, որ գերատեսչական
պատկանելությունը որեւէ դեր չի խաղում: Ծրագիրը շարունակվելու է մինչեւ 2008 թվականի
ավարտը: Իսկ այս տարվանից հանրապետության բոլոր մարզերում սկսվել են համալիր մարզադպրոցների
հիմնանորոգման աշխատանքները: Որոշված է այսուհետեւ գույքի բաշխման առաջնահերթությունը
տալ հենց այդ՝ շահագործվող մարզադպրոցներին: Բայց այս ամենը զրոյական արդյունք կունենա,
եթե տեղերում ֆիզիկական կուլտուրայի, մասսայական սպորտի դրվածքը պատշաճ կերպով չկազմակերպվի:
Մարզերում մասսայական ֆիզկուլտուրայի վիճակը շարունակում է մնալ անմխիթար
վիճակում: Այս հարցում մեղավորության մեծ բաժին ունեն տեղական ինքնակառավարման մարմինների
ղեկավարները: Նրանցից շատերը կարեւորություն չեն տալիս ոլորտին: Մատների վրա կարելի
է հաշվել այն մարզերը, քաղաքները, գյուղերը, որտեղ տեղական բյուջեից ֆինանսական շատ
թե քիչ անհրաժեշտ հատկացումներ են արվում, ասենք՝ խաղադաշտեր, խաղահրապարակներ, մարզադահլիճներ
նորոգելու համար: Որքան տեղյակ ենք՝ հեռավոր շրջաններում մարզիչների, ֆիզկուլտուրայի
ուսուցիչների աշխատավարձն էլ շատ ցածր է, որի պատճառով մարդիկ չեն ուզում աշխատել:
Իսկ որոշ գյուղերի դպրոցներում էլ ֆիզկուլտուրայի ուսուցիչ կամ մարզիչ ընդհանրապես
գույություն չունի: Այստեղից էլ՝ տեղերում չեն կազմակերպվում ամենօրյա մարզումներ,
մասսայական մարզական միջոցառումներ, որոնց մեջ կներգրավվեին հեռավոր շրջանների բնակիչները:
Ուրեմն, ինչ-որ ձեւով պետք է պարտավորեցնել ու պահանջել մարզպետներից, քաղաքապետերից,
գյուղապետերից, նրանց համար սահմանել խիստ պատասխանատվություն: Իսկ գյուղական ուսուցիչների,
մարզիչների խնդիրը կարելի է լուծել հետեւյալ կերպ: Ֆիզիկական կուլտուրայի հայկական
պետական ինստիտուտը տարեկան հարյուրավոր շրջանավարտներ է տալիս, որոնց մեծ մասը մասնագիտությամբ
այդպես էլ չի աշխատում: Կարելի է ընդունել համապատասխան օրենք, որով շրջանավարտը
պարտավոր լինի բուհում ձեռք բերած գիտելիքները, ասենք, երկու տարի կիրառել գյուղական
դպրոցում կամ մարզադպրոցում ու միայն դրանից հետո իրավունք ունենա դիպլոմ ստանալ:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ