Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԲԱՑ ԶՎԱՐՃԱԼԻ ՖՈՒՏԲՈԼ»

Դեկտեմբեր 10,2005 00:00

Ամեն ինչ սկսվում է մանկապատանեկան ֆուտբոլից
Դեռեւս իննսնական թվականների վերջերին Դանիայի «Համամշակութային ծրագրի ասոցիացիա»
հասարակական կազմակերպությունը, Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիան եւ Սպորտի ակադեմիան՝
ՈՒԵՖԱ-ի հովանավորությամբ, ձեռնամուխ եղան «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի իրագործմանը:
Ծրագիրը մարդասիրական բնույթի էր, եւ նպատակ ուներ կոնֆլիկտային իրավիճակներում հայտնված
եւ պատերազմական գործողությունների գոտիներում ընդգրկված երկրներում ֆուտբոլի միջոցով
իրականացնել հետպատերազմական վերականգնողական գործընթացներ: «Նկատի առնելով,
որ Խորհրդային Միության փլուզման եւ Արեւելյան Եվրոպայում տեղի ունեցած քաղաքական
գործընթացների հետեւանքում այդ տարածաշրջանների մի շարք պետություններում, այդ թվում
եւ Հայաստանում, առաջացան կոնֆլիկտային լուրջ իրավիճակներ, որոնք հանգեցրին նաեւ
պատերազմական գործողությունների, ծրագրի ղեկավարները որպես թիրախային խումբ ընտրելով
8-12 տարեկան երեխաների, ցանկանում էին ֆուտբոլի միջոցով նրանց վերադարձնել իրենց
մանկությունը, օգնել՝ ֆուտբոլի աջակցությամբ գտնելու նոր ընկերներ եւ խաղով ու զվարճանքով
գնալ դեպի կայուն խաղաղություն, հաշտություն, բարեկեցություն»,- ասում է Հայաստանում
«Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի ղեկավար Մարինա Թաշչյանը: Հանգամանորեն ծանոթանալով
ծրագրի գաղափարախոսությանը, ծրագրի բազային գաղափարին՝ որն է «ֆուտբոլ բոլորի համար»
կարգախոսը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հեռատեսորեն ծրագիրը դիտարկեց ոչ միայն
նրա նախնական ենթատեքստում, այլ որպես մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված
քայլ: Եվ ահա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադրած ջանքերի, վերը նշյալ միջազգային
կառույցների եւ ՈՒԵՖԱ-ի հետ տարված նպատակային աշխատանքի շնորհիվ, 2003 թվականի ամռանը
միայն հնարավոր դարձավ Եվրոպայում արդեն մեծ ճանաչում ձեռք բերած «Բաց զվարճալի ֆուտբոլ»
ծրագրի շրջանակներում ընդգրկել նաեւ Հայաստանը: Ծրագրի մաս էր կազմում նաեւ
հատուկ թիրախային խմբերի՝ լիդերների, հրահանգիչների եւ մարզիչների պատրաստումը, որը
նաեւ հոգեբանական, մանկավարժական ուղղվածություն ուներ: Եվ վերջապես, ծրագիրը նաեւ
նյութատեխնիկական ապահովվածություն էր ստեղծում, քանզի ծրագրի տարրերից էր մասնակից
երկրներին մարզական հանդերձանքով եւ մարզագույքով ապահովելը: Ինչպես մեր զրույցում
նշեց ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, «ելնելով այն հանգամանքից, որ մենք
ծրագիրը դիտարկում ենք որպես մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված քայլ, իսկ
ՀՖՖ-ն, ինչպես գիտեք, ունի Հայաստանում ֆուտբոլի զարգացման երկարաժամկետ ծրագիր,
որի հիմնական առանցքն է մանկապատանեկան ֆուտբոլը, դեռեւս ՀՖՖ-ի 2004 թվականի տարեկան
ընդհանուր ժողովում ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով այս ծրագրին
նշեց, որ Հայաստանը տարեցտարի ընդլայնելով իր մասնակցությունը, դառնալու է «Բաց զվարճալի
ֆուտբոլի» կենտրոն, եւ հենց 2004 թվականին Հայաստանում ստեղծվելու է 8-ից 10 դպրոց,
որտեղ շուրջ 2000 երեխա՝ ապահովված մարզագույքով, սննդով, կապվելու է ֆուտբոլի աշխարհին
ու ֆուտբոլ է խաղալու: Եվ եթե 2003 թվականին, համատեղ գործունեության առաջին
տարում, ընդամենը երեւանյան երկու դպրոցում էր հաջողվել իրականացնել «Բաց զվարճալի
ֆուտբոլ» ծրագիրը, ապա 2004 թվականին, ինչպես խոստացվել էր ՀՖՖ-ի նախագահի կողմից,
այն իրականացվեց Երեւանի եւ Հայաստանի մարզերի 8 դպրոցներում, որին մասնակցեց սոցիալական
բոլոր խմբերը ներկայացնող ավելի քան 2000 երեխա: Նրանց մեջ կային թե հանրակրթական
դպրոցների աշակերտներ, որոնք առաջին անգամ էին դուրս գալիս պրոֆեսիոնալ խաղադաշտ,
թե ֆուտբոլային հատուկ դպրոցների սաներ, որոնց համար ֆուտբոլն արդեն ընտրած ճանապարհ
էր, թե հաշմանդամ երեխաներ, որոնք կարողացան հասկանալ, որ հաշմանդամությունն արատ
չէ եւ ֆուտբոլի միջոցով էլ է հնարավոր հասարակության լիարժեք անդամ դառնալ: Մենք
կարեւորում էինք նաեւ մեկ այլ հանգամանք. մեզ հաջողվեց ծրագիրը տարածել Հայաստանի
հեռավոր մարզերում, որտեղ, ինչպես գիտեք, բացակայում էին ֆուտբոլային ենթակառուցվածքները,
դպրոցները զրկված էին տարրական պայմաններից: Եվ դա խթան հանդիսացավ, որպեսզի թե տեղական
ինքնակառավարման մարմինները, թե դպրոցները առողջ շահագրգռություն ցուցաբերեն: Քայլն
իրեն արդարացրեց, քանզի այսօր մեր հեռավոր մարզերում արդեն մեծ թվով երեխաներ են
զբաղվում ֆուտբոլով, մեծ թվով մարզիչներ ու մանկավարժներ են վերապատրաստվել եւ նույնիսկ
այսօր, երբ ձմռան շեմին ենք, ծրագիրը ֆուտբոլային ընդգրկուն քայլեր է ձեռնարկում»:
Ֆուտբոլն ավելի հետաքրքիր եւ բազմաբովանդակ դարձնելու նպատակով ծրագրի շրջանակներում
անցկացվեց նաեւ ֆուտբոլային լավագույն լուսանկարի մրցույթ եւ Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիայի ներկայացրած լուսանկարը լավագույնը ճանաչվեց 23 երկրների շարքում՝ արժանանալով
ՈՒԵՖԱ-ի հատուկ պարգեւին: Հայաստանի ներկայացրած լուսանկարը տպագրվեց միջազգային
բազմաթիվ հանդեսներում, «Բաց զվարճալի ֆուտբոլի» պաշտոնական շնորհավորական բացիկի
վրա, տեղադրվեց ինտերնետային կայքերում՝ մեկ անգամ եւս գովազդելով Հայաստանն ու հայկական
ֆուտբոլը: Այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ Հայաստան են այցելել
ծրագրի ղեկավարները, պատասխանատու պաշտոնյաներ՝ ծանոթանալու գործերի ընթացքին, լինելու
այն մարզակառույցներում եւ խաղադաշտերում, ուր անցկացվում են ծրագրի դպրոցները: ՀՖՖ-ի
նախաձեռնությամբ Հայաստան ժամանած ծրագրի գլխավոր համակարգող պարոն Լեւինսոնը՝ հանգամանորեն
ծանոթանալով Հայաստանում ձեռնարկված քայլերին, հաստատեց Հայաստանի շարունակական մասնակցությունը
ծրագրին, նշելով, որ այն հնարավորություն կտա մոտ ապագայում ողջ հանրապետության տարածքով
բակերից եւ հանրակրթական դպրոցներից մեծ թվով երեխաներ բերել դեպի ֆուտբոլ, ինչն
էլ կարող է դառնալ դեպի մեծ ֆուտբոլ նրանց ճանապարհի սկիզբը: ՀՖՖ-ի նախագահ
Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ի 2005 թվականի տարեկան ժողովի իր զեկույցում նույնպես տեղ
հատկացրեց «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի զարգացման խնդիրներին՝ նշելով, որ դպրոցների
թիվը Հայաստանում՝ նախորդ տարվա համեմատ, կկրկնապատկվի: «2005 թվականին Հայաստանում
բացվեց 15 ամառային դպրոց, եւ հիմնականում Հայաստանի հեռավոր մարզերում: Բացի «Բանանց»
ֆուտբոլային ակումբից եւ «Շենգավիթ» ֆուտբոլի դպրոցից, այս անգամ ծրագրի մասնակից
դարձան Ալավերդու, Կապանի, Քասախի, Արթիկի, Արմավիրի, Վայքի, Վեդու, Ստեփանավանի,
Շենավանի, Նոր Հաճընի, Աբովյանի հանրակրթական դպրոցները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
հովանավորությամբ վերակառուցված Դիլիջանի քաղաքային մարզադաշտը եւ Տավուշի մարզի
Աչաջուր գյուղի մարզադաշտը այս երկու բնակավայրերին եւս հնարավորություն տվեցին ընդգրկվել
«Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրում: Այս տարի առաջին անգամ ծրագրում ընդգրկվեց նաեւ
Աբովյանի ՍՈՍ գյուղը, որը համագործակցության նոր եզրեր է սկսել Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիայի հետ: ՍՈՍ գյուղը, ուր ապրում են տարբեր տարիքի ծնողազուրկ երեխաներ,
վայելում է ՈՒԵՖԱ-ի հովանավորությունը: Բացառությամբ Շենգավիթի ֆուտբոլային դպրոցի,
որը համարվում էր ծրագրի միջազգային դպրոցներից, քանզի այնտեղ ընդգրկված էին 16 երեխաներ
հարեւան Վրաստանից, մնացած բոլոր դպրոցները տեղային բնույթ էին կրում: 2005
թվականի ամառային դպրոցներում ընդգրկվեց ավելի քան 3000 երեխա: Ընդհանուր առմամբ,
անցած երեք տարիներին «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրին մասնակից է դարձել ավելի քան
5000 երեխա: 2003 թվականին՝ 437 երեխա, 2004 թվականին՝ 1751 երեխա, 2005 թվականին՝
3282 երեխա: Այս տարի եւս 222 մարզիչներ, լիդերներ եւ հրահանգիչներ մասնակցեցին
վերապատրաստման դասընթացներին Վրաստանի մայրաքաղաքում: Անցած երեք տարիների ընթացքում
ծրագրում ընդգրկված 372 մարզիչները, հրահանգիչներն ու լիդերները, որոնց մեջ կան նաեւ
հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ,
մարզական դպրոցների ներկայացուցիչներ, ստացել են մարզական լիարժեք հանդերձանք: Ընդհանրապես
Հայաստանի մասնակցությունը ծրագրին հնարավորություն ընձեռեց որոշակիորեն թարմացնել
եւ հարստացնել ֆուտբոլի դպրոցների, հանրակրթական դպրոցների, մարզաբազաների նյութատեխնիկական
բազան: Անցած երեք տարիներին ամառային դպրոցներում ընդգրկված երեխաներին որպես նվեր
է տրվել 5470 մարզաշապիկ, 7020 կեպի, գնդակներ, մարզագույք եւ այլն: Միայն 2005 թվականին
դպրոցները որպես նվեր են ստացել 2700 ժիլետ, 3216 տարբեր չափի ֆիշկաներ, 330 գնդակի
ցանցեր, 4800 տարբեր չափի գնդակ, տարբեր քանակության պարաններ, ցատկապարաններ, ջրի
պրոֆեսիոնալ շշեր, որոնք գործածում են մեծ ֆուտբոլում, խոտի մականներ, թրթուռներ,
սուլիչներ, պոմպեր եւ այլ մարզագույք»,- մեր զրույցում ասաց Հայաստանում «Բաց զվարճալի
ֆուտբոլ» ծրագրի ղեկավար Մարինա Թաշչյանը: Հենց մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման
համատեքստում պետք է դիտարկել նաեւ այն հանգամանքը, որ օրերս Հայաստանը կարողացավ
համոզիչ փաստարկներով ապացուցել ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը եւ եվրոպական մի շարք առաջատար
ֆուտբոլային տերությունների ներկայացուցիչների, որ այսօր Հայաստանն իր ֆուտբոլային
ենթակառուցվածքներով, իր կազմակերպվածությամբ ի վիճակի է հենց Երեւանում անցկացնել
մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարը եւ արժանացավ այդ պատվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել