Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒԵՖԱ-Ի ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 10,2005 00:00

Հայաստանի
մարզիչները կանցնեն որակավորման ընթացակարգերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
տարեկան համաժողովում ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ «Հայաստանի
ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը միաձայն հավանություն է տվել միանալու ՈՒԵՖԱ-ի՝ մարզիչների
որակավորման փոխադարձ ճանաչման կարեւորագույն կոնվենցիային եւ Եվրոպայում մեծ ճանաչում
ձեռք բերած ՋԻՌԱ ծրագրին միանալով, ՀՖՖ-ն փուլ առ փուլ լուծելու է մարզիչների աստիճանական
որակավորման խնդիրը, որի արդյունքում առաջիկա տարիների ընթացքում Հայաստանը կունենա
տարբեր կատեգորիաներով լիցենզավորված մարզիչներ, որոնք հնարավորություն կստանան մարզչական
աշխատանքով զբաղվելու ոչ միայն Հայաստանում, այլեւ ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրներում»:
ՀՖՖ-ի նախագահի հայտարարությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց թե մարզիչների,
թե ֆուտբոլային հանրության շրջանում, ինչն էլ մեզ հուշեց հանգամանորեն անդրադառնալ
հիշյալ խնդրին: Ի՞նչ
է իրենից ներկայացնում ՋԻՌԱ ծրագիրը Եվրոպայում ՋԻՌԱ նախագիծը սկսել է գործել
1998 թվականի հունվարի 17-ից: Սկզբնական շրջանում այդ նախագծում ընդգրկված էր ընդամենը
5 երկիր՝ Դանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան եւ Հոլանդիան: Սակայն մարզիչների
բարձր մակարդակով վերապատրաստման գաղափարը շատ շուտով հավանության արժանացավ եվրոպական
այլ երկրներում: Այսօր Եվրոպայում ՋԻՌԱ նախագծով ՈՒԵՖԱ-ն մարզիչներ է վերապատրաստում
46 երկրներում: Ըստ ՋԻՌԱ նախագծի, գոյություն ունի 3 որակի լիցենզիա: Այն տրվում
է այն մարզիչներին, որոնք համապատասխան դասընթացներից հետո կկարողանան հաջողությամբ
հանձնել բավականին բարդ քննությունը: Յուրաքանչյուր մարզիչ նախ պետք է ստանա Բ կարգի
լիցենզիա, որը հնարավորություն է տալիս աշխատել մանկապատանեկան թիմերի հետ: Բ կարգի
լիցենզիա ստանալուց եւ առնվազն մեկ տարի ակտիվ մարզչական գործունեություն ծավալելուց
հետո, յուրաքանչյուր մարզիչ կարող է մասնակցել որակավորման դասընթացների՝ Ա կարգի
լիցենզիա ստանալու համար: Հետագայում Ա կարգի լիցենզիա ունեցող մարզիչները հնարավորություն
են ստանում մասնակցելու քննությունների՝ «ՊՌՈ» կարգի լիցենզիա ձեռք բերելու համար:
«ՊՌՈ» կարգի լիցենզիան հնարավորություն է տալիս մարզիչներին մարզել յուրաքանչյուր
ակումբ եւ յուրաքանչյուր ազգային հավաքական: Ինչպե՞ս սկսվեց հայ մարզիչների
որակավորման գործընթացը Որակավորման առաջին գործընթացը ՀՖՖ-ն սկսեց ս.թ.ապրիլի
25-ից մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում
տեղի ունեցան ՋԻՌԱ ծրագրով մարզիչների որակավորման առաջին տեսական դասընթացները,
իսկ «Փյունիկ» ակումբի մարզաբազայում՝ գործնական պարապմունքները, որին մասնակցեցին
Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբերի թիմերի 19 մարզիչներ՝ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ,
ՈՒԵՖԱ-ի ՋԻՌԱ ծրագրի տեսուչ, Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող եւ մարզիչների որակավորման
համակարգում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող չեխ ֆուտբոլային պաշտոնյա Զդենեկ
Սիվեկի գլխավորությամբ: Դրանից հետո որակավորման համակարգում ընդգրկված մարզիչների
համար սկսվեց որակավորման քննաշրջանին նախապատրաստվելու փուլը, որը տեւեց շուրջ 5
ամիս: Օգոստոսին, որպես միջանկյալ փուլ, որակավորման դասընթացի մասնակից մարզիչները
կրկին հանդիպեցին ՈՒԵՖԱ-ի ներկայացուցչի հետ՝ պարզելու քննաշրջանի նախապատրաստության
ընթացքը: Սեպտեմբերի 20-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցան
տեսական առաջին քննությունները: Քննական հանձնաժողովի նախագահն էր Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Քննաշրջանի ընթացքին հետեւում էր ՈՒԵՖԱ-ի
ներկայացուցիչ, ՈՒԵՖԱ-ի ՋԻՌԱ ծրագրի տեսուչ Զդենեկ Սիվեկը: Սեպտեմբերի 21-ին որակավորման
համակարգում ընդգրկված մարզիչները գործնական պարապմունքի քննություն հանձնեցին «Փյունիկ»
ակումբի մարզաբազայում եւ դարձան առաջին 19 մարզիչները, որոնք ստացան ՈՒԵՖԱ-ի Բ կարգի
որակավորումը: Երկրորդ անգամ դասընթացներին մասնակցեցին շուրջ 20 մարզիչներ:
Այս անգամ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ Զդենեկ Սիվեկը հանդես էր գալիս դիտորդի կարգավիճակում:
Էականն այն է, որ առաջին փուլով 19 մարզիչների որակավորելուց հետո ՈՒԵՖԱ-ն Հայաստանին
թույլ տվեց սեփական ուժերով եւ իր կողմից ճանաչված մասնագետներով կազմակերպել երկրորդ
փուլը: Ինչո՞վ է
կարեւորվում գործընթացը «ԽՍՀՄ փլուզումից հետո մարզիչների կրթության, որակավորման
բարձրացման գործող համակարգերն ու մեխանիզմները կազմալուծվեցին եւ որակյալ մասնագետներ
ունենալու գործընթացն ամբողջությամբ խաթարվեց: Դա, բնականաբար, իր բացասական հետեւանքներն
ունեցավ նաեւ հայկական ֆուտբոլի հետագա զարգացման համար, քանզի հայկական ֆուտբոլը
ԽՍՀՄ ֆուտբոլային ենթակառուցվածքի մաս էր կազմում: Չունենալով նշյալ խնդիրները կարգավորելու
ոչ մի գոծուն մեխանիզմ, Հայաստանը ետ էր մնում եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլում
ընթացող զարգացումներից: Օրակարգային էր դառնում ստեղծված իրավիճակից հնարավորինս
արագ դուրս գալու ամենակարճ ուղիների որոնումը: Ապավինել խորհրդային մարզչական դպրոցն
անցած եւ այսօր, շատ անգամ օբյեկտիվ պատճառներով եվրոպական ֆուտբոլի զարգացումներից
ետ մնացած սերնդի՞ն, նրանց վստահել պատանի ֆուտբոլիստների զարգացման խնդիրնե՞րը,
թե՞ ներգրավվել եվրոպական կրթական համակարգերում, որակավորել թե փորձառու մարզիչներին,
թե միջին սերնդի եւ երիտասարդ մարզիչներին, եւ հասկանալ այն զարգացումները, տենդենցները,
որ կան այսօր եվրոպական ֆուտբոլում՝ որի մաս է կազմում նաեւ հայկական ֆուտբոլը: Երկընտրանք
չկար եւ ընտրությունը, բնականաբար, երկրորդ ճանապարհի կողմն էր: Իսկ երկընտրանքի
լուծման լավագույն հնարավորությունը ՋԻՌԱ ծրագիրն էր, որում ընդգրկվելով՝ ՀՖՖ-ն շատ
մեծ խնդիր լուծեց մեր ֆուտբոլի հետագայի համար»,- ասաց Հայաստանում ՋԻՌԱ ծրագրի տնօրեն
Արամ Գրիգորյանը: Իսկապես, անհնար է թերագնահատել այս ծրագրի նշանակությունը:
Հարկ է միայն նշել, որ այսօր մանուկների, պատանիների հետ աշխատող մարզիչների մեջ
դեռեւս կան այնպիսի մարդիկ, ովքեր ֆուտբոլային ամենատարրական կրթություն չունեն,
ոմանք անգամ անցյալում ֆուտբոլիստ չեն եղել, իսկ որակավորման ընթացակարգը հնարավորություն
կտա ձերբազատվել այն մարդկանցից, ովքեր չեն ունենա բարձրակարգ մարզչական որակավորում:
Եվ եթե չլինի այդ գործընթացը, անհնար կլինի խոսել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման
մասին: Ավելին, այդպիսի մարզիչների մոտ ֆուտբոլի այբուբենը սովորելու եկած երեխաները,
որքան էլ տաղանդավոր լինեն, ոչ միայն ֆուտբոլիստ չեն դառնում, այլեւ մարզչի սխալ
աշխատանքի հետեւանքով երբեմն նույնիսկ ֆիզիոլոգիական շեղումներ են ձեռք բերում: Որոնք
են լինելու ՀՖՖ-ի կոնկրետ քայլերը որակավորման շարունակականության գործում ՀՖՖ-ն
Հայաստանի տարածքում ֆուտբոլային մարզիչների որակավորման եւ նրանց մարզչական գործունեության
թույլտվության վերաբերյալ կոնկրետ ծրագրեր է մշակել, որոնք մոտ ժամանակներս ներկայացվելու
են ՀՖՖ գործկոմի հաստատմանը: Ըստ այդմ՝ ՋԻՌԱ կոնվենցիայի պահանջների համաձայն,
ՀՀ տարածքում մարզիչների որակավորման կամ կրթության միակ ստանդարտը կլինի ֆուտբոլի
ասպարեզում ՋԻՌԱ ծրագրով մարզիչների որակավորումը: Նախատեսվում է՝ մինչեւ
2007 թվականի ավարտը ՀՀ տարածքում ֆուտբոլային մարզչական գործունեությամբ զբաղվելու
իրավունք տալ միայն այն մարզիչներին, ովքեր կունենան «B» կարգի որակավորում: Հաշվարկված
է, որ Հայաստանում ներկայումս գործում է շուրջ 250-300 մարզիչ: Համաձայն մշակված
ծրագրի՝ նրանց բոլորի համար ապահովվելու են որակավորում ստանալու բոլոր պայմանները:
Հետեւաբար, վերջնաժամկետի ավարտից հետո ֆուտբոլային կառույցները, ստորաբաժանումները,
որոնք մասնակցելու են ՀՖՖ հովանու ներքո կազմակերպվող մրցաշարերին, լինեն դրանք պրոֆեսիոնալ,
սիրողական կամ մանկապատանեկան, պարտադիր պետք է ունենան «B» կարգի որակավորում ունեցող
մարզիչներ: Երկրորդ փուլը վերաբերում է «A» կարգին: Նախատեսվում է հանրապետության
առաջնության առաջին եւ բարձրագույն խմբերի ակումբների մարզիչների համար որակավորման
գործընթացն ավարտել մինչեւ 2008 թվականի վերջը, որից հետո նույնպես այդ թիմերը ղեկավարել
կարգելվի համապատասխան լիցենզիա չունեցող մարզիչներին: Եվ վերջապես ավարտական
փուլը, որի վերջնաժամկետը նախատեսվում է 2009 թվականի վերջը, որի ավարտին առաջին
եւ բարձրագույն խմբերի, պրոֆեսիոնալ ակումբների եւ հավաքականների գլխավոր մարզիչներ
նշանակվելու կամ ընտրվելու իրավունք կունենան միայն «PRO» կարգի որակավորում ունեցող
մասնագետները: Ընդ որում, նրանք կարող են օգնական ընտրել նաեւ «A» կարգ ունեցող մարզիչներին:
«Որդեգրված այս համակարգը գոնե մեզ համար, կարծում եմ, եվրոպական
ֆուտբոլի ժամանակակից պահանջներին մոտենալու ամենակարճ ուղին է»,- ասաց Հայաստանում
ՋԻՌԱ ծրագրի տնօրեն Արամ Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել