Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էքսպո բյութին»՝ գեղեցկության համար

Դեկտեմբեր 10,2005 00:00

Դեկտեմբերի
9-ից «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է «EXPO BEAUTY-2005» երկրորդ միջազգային մասնագիտացված
ցուցահանդեսը, որ կազմակերպել է «LOGOS EXPO» կենտրոնը: Ներկայացված էր 35
ընկերություն: Կազմակերպիչները տեղեկացրին, որ Ռուսաստանից՝ 4, Հնդկաստանից՝ 1 ընկերություն
ոչ թռիչքային եղանակի պատճառով չէին կարողացել ժամանել: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր
արարողությունից հետո «Լեգոլենդ» ընկերության աշխատակիցները ձեռնամուխ եղան 2 մետրանոց
Ձմեռ պապի հավաքմանը: Ընդ որում, շաբաթ եւ կիրակի օրերին նման հնարավորություն կընձեռվի
նաեւ ցուցահանդես այցելող երեխաներին: Երեկ նախատեսված էին նաեւ «Լիտտե» ընկերության
(դեմքի ատրավմատիկ եւ ուլտրաձայնային մաքրում), Առողջության եւ գեղեցկության «Էկկո»
ֆիրմայի, դիզայներ Լիանա Բաղդասարյանի վարպետության դասընթացները, ինչպես նաեւ երիտասարդ
դիզայներներ Քրիստինա Ասլիկյանի եւ Արմինե Կարախանյանի «Ռետրո աշուն» հավաքածուի
ցուցադրությունը: Ցուցահանդեսին ներկայացված էին բուժական եւ դեկորատիվ կոսմետիկա,
մարմնի եւ մազերի խնամքի ապրանքատեսակներ, հիգիենիկ պարագաներ, ոսկերչական զարդեր,
ներքնազեստ եւ այլն: Ցուցահանդեսի մասնակիցներից հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞
սպասելիքներ ունեն: «Ներկայացրել ենք մեր՝ բնական թելերի խանութը, մեր աշխատակիցների
ստեղծագործությունները»,- ասաց խանութի տնօրինուհի Հերմինե Տողանյանը՝ խոստանալով,
որ իրենց մոտ պատվեր տվողներին դժգոհ չեն թողնի: «Մերի Քեյ» ֆիրման գովազդի կարիք
չունի, դրա համար ամենաքիչ ապրանքը այստեղ մենք ենք գովազդում: Հույս ունենք, որ
այս ցուցահանդեսից հետո ավելի շատ կանայք ու աղջիկներ կօգտվեն մեր բարձրակարգ ապրանքատեսակներից»,-
ասաց Մարինա Բալյանը: «Նման ցուցահանդեսները հեռանկար են բացում հատկապես
անհատներիս համար: Ես, օրինակ, ներկայացրել եմ ձեւավորված գինու շշեր, մազակալներ՝
պատրաստված բնական ծաղիկներից, բնական ճյուղերից, բնական մազերից, պարկի կտորից ու
ուլունքներից»,- ասաց Լիանա Բաղդասարյանը: «Աշխենի գանձեր» ֆիրման եմ ներկայացնում,
բոլորը բնական քարերով զարդեր են: Հուսով եմ՝ հաճախորդները կսովորեն կրել նման զարդեր,
որովհետեւ բնական քարերով զարդերը առողջարար են, գեղեցիկ»,- ասաց ֆիրմայի տնօրինուհի
Աշխեն Մարտիկյանը: «Պրոֆոտո» լուսանկարչական ստուդիայի տնօրեն Հովիկ Մալյանցը, սակայն,
առանձնապես մեծ սպասելիքներ չուներ ցուցահանդեսից: «Ուղղակի ուզում եմ ներկայացնել
պրոֆեսիոնալ լուսանկարչական ստուդիայի աշխատանքները ու լուսանկարվել ցանկացողի օրինակով
ցույց տալ, թե լավ պորտրեն ինչպես է լինում»,- ասաց նա: «Գուցե այս ցուցահանդեսից
հետո ավելի ընդլայնվի մեր գորգերի իրացման շուկան: Մենք երկու ուղղությամբ ենք աշխատում՝
ե՛ւ ավանդական հայկական զարդանախշերի հորինվածքի, ե՛ւ էքսկլjուզիվ տարբերակով: Այստեղ
ներկայացված են հիմնականում բացառիկ ցուցանմուշներ: Մեր գորգերը թանկ արժեն՝ 1քմ-ը
$130-$135, որովհետեւ ձեռագործ են՝ բացառապես բրդի թելով հյուսված, բամբակի հենքի
վրա»,- տեղեկացրեց «Գորգ-Արեւասար» կոոպերատիվի մարքեթինգի գծով մասնագետ Վաղարշակ
Կանայանը: Ցուցահանդեսը կփակվի դեկտեմբերի 11-ին: Այդ օրը ավարտին կհասցվի
հսկայական Ձմեռ պապի հավաքումը «Լեգոլենդի» կողմից, «Պրոֆոտո» լուսանկարչական ստուդիան
կանցկացնի ֆոտոփորձեր «Miss EXPO BEAUTY-2005» եւ «Mr. EXPO BEAUTY-2005» մրցույթների
համար, պատվոգրեր եւ վկայականներ կշնորհվեն մասնակիցներին: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել