Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ» ԶԲԱՂՎԵԼՈՒ Է ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՎ

Դեկտեմբեր 10,2005 00:00

«Առավոտը»
բազմիցս անդրադարձել է Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների անմխիթար վիճակին,
դրանց նկատմամբ տարվող եթե ոչ թշնամական, ապա՝ մերժողական քաղաքականությանը: Արդյունքում՝
բազմաթիվ հայկական եկեղեցիներ, որ պատմամշակութային արժեք են ներկայացնում՝ կամ ավերվում
են, կամ՝ վրացականացվում: Նման
բարբարոսական վերաբերմունքի հանդեպ պարբերաբար ընդվզում են հասարակական կազմակերպությունները:
Հիմնականում՝ ապարդյուն: Իսկ երբեմն խոսքին փոխարինում է գործը: Այսպես, օրինակ,
դեկտեմբերի 4-ին Վրաստանում գործող մի քանի հայկական կազմակերպություններ՝ «Նոր սերունդ»
վրացահայերի միավորումը, Վրաստանի հայ ուսանողների միությունը եւ Վրաստանի հայ երիտասարդության
միությունը կազմակերպեցին եւ մոտ հիսուն հոգով մաքրեցին հին հայկական Նորաշեն եկեղեցու
շրջակայքը: Չնայած Նորաշենը գտնվում է «Ջվրիս Մամիս» վրացական եկեղեցու հետ մի ընդհանուր
բակում, սակայն վերջին հինգ տարիներին վերածվել էր շինարարական եւ կենցաղային աղբանոցի:
Մաքրման աշխատանքներին մասնակցում էր մոտ հիսուն մարդ՝ նշված կազմակերպություններից,
ինչպես նաեւ աշխատանքի ընթացքում նրանց միացած տեղաբակներ: 1507թ. հիմնադրված
Նորաշեն եկեղեցին գտնվում է Թբիլիսիի կենտրոնում: Եկեղեցու ինտերիերը զարդարված է
նկարիչներ Հովնաթանյանների ֆրեսկաներով: Եկեղեցու վրայի բազմաթիվ վիմագրությունները,
որ հետազոտվել են պրոֆեսոր Պարույր Մուրադյանի կողմից, ապացուցում են, որ եկեղեցին
հայկական է, հիմնադրվել է ոմն Սատրատի կողմից: Նորաշենն ունի հարուստ պատմություն:
1650թ. նորոգվել է Խոջա Նազարի կողմից, իսկ գմբեթը կառուցել է ուստա Պետրոսը: 1795-ին
քահանա տեր Գրիգորը իշխան Բեյբութովի հրամանով վերանորոգել է եկեղեցին: Այնուհետեւ
1808-ին, Աղա Մուհամեդ Խանի արշավանքից հետո Էջմիածնի գործակալ տեր Ղազարը, Մկրտում
Մունթոյանի օժանդակությամբ, կրկին հիմնանորոգում է եկեղեցին: 1875թ. Ներսես կաթողիկոսի
հրահանգով նորոգվում է եկեղեցու տանիքը: 1925թ. Վրաստանի քաղաքական եւ հասարակական
գործիչների մեծամասնության ձայներով որոշվում է քանդել Նորաշենը: Բայց եկեղեցին փրկվում
է ճարտարապետ Սեվերովի ջանքերով, որը դեմ էր քվեարկել: Տարիներ անց, ԽՍՀՄ
փլուզումից հետո, Թբիլիսիի իշխանությունները չբավարարեցին հայերի խնդրանքը՝ թույլ
տալ սբ. Նորաշեն եւ սբ. Նշան եկեղեցիներում ծառայություն մատուցել, ասելով, որ որպես
գրադարան եւ գրապահոց օգտագործվող այդ եկեղեցիների հարցը պետք է որոշվի Վրաստանի
կուլտուրայի նախարարությունում: Իսկ արդեն 1995թ. եկեղեցու շրջակայքի բնակիչները
նկատեցին, որ սկսվել են «վերականգնողական» աշխատանքները, որոնց արդյունքում վնասվեցին
եւ մասամբ ջնջվեցին Հովնաթանյանների որմնանկարները: Յուրօրինակ «կիրակնօրյակի»
կազմակերպիչները մտադիր են նման աշխատանքներ ծավալել ամեն ամիս: Երիտասարդները հայտարարություն
են ընդունել, որում նշել էին, որ չնայած միջոցառման մասին նախապես ազդագրեր են փակցրել
Թբիլիսիում գործող հայկական եկեղեցիների բակերում, սակայն Հայ առաքելական եկեղեցու
վրացական թեմի ոչ մի ներկայացուցիչ հարկ չէր համարել մասնակցել դրան: «Մենք՝
ներքոստորոգրյալներս հայտարարում ենք, որ այլեւս չենք պատրաստվում համակերպվել հայկական
եկեղեցիների շուրջ ստեղծված իրավիճակի հետ՝ անկախ այն գործընթացի արդյունքներից,
որն արդեն քանի տարի ապարդյուն ընթանում է Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի,
Վրացական ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի եւ պետության միջեւ: Այսօրվանից մենք՝
այն մարդկանց սերունդը, որ բարիք են արարել մեր քաղաքի, երկրի եւ ժողովրդի համար,
թողնելով մեզ անգնահատելի մշակութային եւ հոգեւոր արժեքներ՝ հայերս, թբիլիսցիներս,
Վրաստանի քաղաքացիներս, մեզ համարում ենք հիշյալ գործընթացի (ներառյալ Թբիլիսիի չվերադարձված
հայ եկեղեցիների շրջակայքի կառուցապատումը) լիիրավ մասնակիցը»,- ասված էր հայտարարության
մեջ: Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել