Ասում է ծննդատան բժիշկը
Ալավերդիում շարունակվում է հանրության շուրթերին արծարծվել ծննդատան բուժանձնակազմի հետ կապված, թեեւ արդեն դատական ընթացակարգով հանգուցալուծված գործի քննարկումը: Հավատարիմ մնալով «Առավոտի» սկզբունքներին, հնարավորություն ենք տալիս իր մոտեցումներն արտահայտել «մեղադրվող» կողմին՝ Ալավերդու ծննդատան տնօրեն Ամալյա Ազատյանին:
– Բժշկուհի, տեղյակ ենք, թե ինչ տեղի ունեցավ ձեր ղեկավարած բուժհաստատությունում գրանցված մոր մահվան դեպքից հետո:
– «Արգումենտի ի ֆակտի» հանդեսում վերջերս ներկայացված էր դարերում հերթափոխած զենքերի ցուցադրումը, ուր քարեդարյա կոպալին փոխարինել է մահակը, սրան՝ նետ ու աղեղը, այնուհետեւ նիզակը, քարանետ թնդանոթը, հրանոթը, հրազենը, իսկ մեր օրերում… գրիչը:
– Այնուամենայնիվ, կիսո՞ւմ եք մահացության դեպքերի թվագրությունը. 2000-05թթ. մեռելածնության եւ նորածինների մահացության 37 դեպքերը:
– Կուզեի բացասել ծննդատան հետ առնչություն չունեցող մոգոնած թվերն ու փաստերը, որոնք անցնում էին ֆանատիզմի սահմանները: Կարելի էր, եթե ոչ ինձնից, ապա բուժանձնակազմի որեւէ անդամից իրազեկվելու հետաքրքրող թվացուցակին: Մի՞թե կարելի էր այդպես անողոքաբար խաբել ընթերցողին:
– Լույս սփռեք անճշտությունների վրա:
– Թեեւ չեմ էլ ուզում ժամանակ վատնել հերքմանը, բայց չանդրադառնալն էլ ինքնըստինքյան անճշտության հաստատում կկարծվի: «Առավոտին» տեղեկատվական հրապարակում տված Կարինե Սիմոնյանին երբ հարցրի, թե որտեղից էր քաղել ներկայացրած թվերն ու փաստերը, ինչպես եւ սպասելի էր, նա այսպիսի պատասխան տվեց. «Ես մեղավոր չեմ, կոմպյուտերն է շփոթվել»:
– Խոսեք թվերի ու փաստերի լեզվով:
– Առկա է փաստը, որ ես 22000 մանուկների կյանք տված վիրաբույժ- գինեկոլոգների այն թվին եմ պատկանում, ովքեր բուժգործունեության ընթացքում չափազանց սակավ մահվան դեպքեր են արձանագրել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գինեկոլոգիական նորմը թույլատրում է վիրաբույժին 10 տարվա ընթացքում 5-6 մահվան դեպք արձանագրել, եւ համոզիչ բուժակտի առկայության դեպքում, պատասխանատվության չենթարկել վիրաբույժին: 40-ամյա իմ պրակտիկայում գրանցվել է մահվան 5 դեպք, որից վերջինում բացառվում է իմ մեղսակցությունը:
– Դուք դա շեշտեցիք նաեւ դատապրոցեսին: Խնդրեմ փաստեր ներկայացրեք եւ «Առավոտին»:
– Մինչ ծննդաբերությունը՝ Գոհար Մուրադյանի բարեկամները բազմիցս դիմեցին կեսարյան վիրահատություն անելու խնդրանքով: Ելնելով բժշկական սահմանադրության կանոնադրությունից, հրաժարվեցի՝ բացատրելով, որ օրենքն արգելում է ինքնակամ վիրահատում կատարել: Երբ բնական ընթացքով չիրականացավ երկունքը՝ իրագործեցի կեսարյան հատումը: Բարեհաջող ընթացող վիրահատության ժամանակ անհանգստացա հիվանդի մաշկի անբնական սպիտակությունից: Անեսթեզիոլոգ Հովիկ Ավետիսյանը հանգստացրեց՝ հորդորելով շարունակել բուժմիջամտությունը: Ներքին օրգանների կտրումից պիտի հոսեր 250-300 գրամ արյուն, ընդամենը 50 գրամ արյուն հեղվեց: Նորից դիմեցի Հ. Ավետիսյանին՝ պահանջելով օգնության կանչել մյուս անեսթեզիոլոգին: Առաջարկս կրկին մերժվեց: Այնուհետեւ հղիի արյան սեւությունը հիմք դարձավ վիրահատողիս անհանգստությանը եւ միայն երրորդ դիտողությունիցս հետո Հ. Ավետիսյանը համաձայնեց կանչել կոլեգային, բայց արդեն ուշ էր, ես դիակի վրա էի աշխատում: Ըմբռնելով իրադրությունը՝ շտապ հատեցի հանգուցյալի արգանդը ու փրկեցի կենդանի պտուղը:
– Տիկին Ազատյան, հանգուցյալի հարազատները պատճառաբանում են, որ վերջում դուք չեք կարել վիրահատվողի մաշկը:
– Մաշկի կարումը այլեւս անհրաժեշտություն չէր ներկայացնում: Մաշկի իմ ձեռամբ չկարելու շահարկումը նպատակ է հետապնդել թղթակցին մեզ մեղադրելու եւ հայտարարելու հետեւյալը. «Այլեւս չեմ թույլատրելու Ազատյանին ու նրա բուժանձնակազմին մուտք գործել ծննդատուն»: Հայտնեմ. հայ մայրերը մինչ օրս ազատվում ու դեռ կազատվեն Ազատյանի ձեռքով:
ՎԵՐԱ ՍԱՔԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՔԱՌՅԱՆ