«Human
Rights Watch»-ը պահանջում է ճնշումներ գործադրել Հարավային Կովկասի երկրների վրա:
«Հարավային Կովկաս-Եվրամիություն տարեկան ժողովի նախօրեին Human Rights Watch
իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ ուղղված Եվրամիության
ղեկավարներին»,- երեկ փոխանցել է «Ազատություն» ռ/կ-ն: Իրավապաշտպան կազմակերպությունը
ԵՄ-ին հորդորել է ճնշում գործադրել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վրա՝ բարելավելու
մարդու իրավունքների պաշտպանվածությունն ու ազատությունների աստիճանը: Երեքշաբթի
օրը Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր հանձնակատար Խավիեր
Սոլանայի նախագահությամբ Եվրամիությունը առանձնազրույցներ է ունենալու Հայաստանի,
Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, քննարկելու է, այսպես կոչված, «գործողությունների
ծրագիրը»՝ «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում: «Այս
հանդիպումը բացառիկ հնարավորություն է ընձեռում Եվրամիությանը՝ ճնշում գործադրելու
Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վրա՝ մարդու իրավունքների բնագավառում կոնկրետ
առաջընթաց արձանագրելու համար: Այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել»,- նշված
է Human Rights Watch-ի հայտարարության մեջ: Իրավապաշտպան կազմակերպությունը
քննադատել է ԵՄ-ին՝ մինչեւ այժմ իր ներգործության լծակները անբավարար օգտագործելու
համար. «Բանն այն է, որ Հարավային Կովկասի երեք երկրները լուրջ բացթողումներ են ունեցել
մարդու իրավունքների բնագավառում, սակայն նախկին բոլոր նախարարական հանդիպումներում
այս մտահոգությունները չեն արտացոլվել: Եվրամիության համագործակցությունը Հարավային
Կովկասի երկրների հետ պետք է հրապարակավ ճանաչի այն փաստը, որ մարդու իրավունքների
լուրջ խախտումները շարունակվում են»: Ըստ Human Rights Watch-ի՝ կտտանքները,
իրավապահ մարմինների կողմից չարաշահումները, դատավորների եւ փաստաբանների անկախության
բացակայությունը, մամուլի ազատությունների սահմանափակումները շարունակում են մնալ
լուրջ հիմնահարցեր Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում: «Հայաստանի
կառավարությունը շարունակում է օգտագործել իր իշխանությունը՝ սահմանափակելու քաղաքական
գործունեությունը: Իշխանությունները սահմանափակում են հանրահավաքներ անցկացնելու
ազատությունը եւ հալածում նրանց, ում համարում են սպառնալիք իրենց իշխանության պահպանման
համար: Հալածանքների թիրախ են դառնում հատկապես այն իրավապաշտպանները, որոնք քննադատական
կեցվածք ունեն կառավարության նկատմամբ: Անցյալ տարի այդպիսի ճնշումների է ենթարկվել
Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը՝ այն բանից հետո, երբ հրապարակվել է օմբուդսմենի
տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանի կառավարությունը քննադատության էր ենթարկվում
մարդու իրավունքների բնագավառում»,- ասված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության
մեջ, որտեղ արձանագրված է նաեւ, որ «Հայաստանի կալանավայրերում շարունակվում են կտտանքները,
բանտարկյալների իրավունքների կոպիտ խախտումները, տարածված են նաեւ չարաշահումները
բանակում, որտեղ ամեն տարի արձանագրվում են կասկածահարույց մահացության տասնյակ դեպքեր»: