Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՔՐՄԱՊԵՏԻ ԿԻՆ ԴԱՌՆԱԼ»

Դեկտեմբեր 10,2005 00:00

«Առավոտի» հյուրը Նախիջեւանի Գողթան գավառի ապագա քրմապետ Վլադիմիր Բադալյանն է

Կեռխաչով կամ «սվաստիկայով», ինչպես նաեւ իր տոհմի զինանշան արեւով ասեղնագործված են արեւորդի Վլադիմիր Բադալյանի բոլոր հագուստները՝ ամառային-ձմեռային, արդեն՝ 4 տարի: Ասեղնագործում են մայրը, քույրը եւ ինքը նույնպես: «Շատ հաճախ են փողոցում մոտենում եւ հետաքրքրվում, թե ինչո՞ւ եմ այդպես հագնվում: Երբեմն էլ ասում են՝ էս ֆաշիստ է՞, կամ էլ՝ կարո՞ղ է հայկական նացիստական կազմակերպություն կա: Եթե լսում են՝ բացատրում եմ, երբեմն էլ կոպիտ ասվածին նույն կերպ էլ պատասխանում եմ»,- ասաց մեր հյուրը: Մեր ծանոթությունը նույնպես անսովոր հագուստով էր պայմանավորված: Իր պապերի հագուստը ապագա քրմապետը նաեւ թալիսման է համարում. «Մի քանի անգամ մեր տղաներից խնդրել ու վերցրել են ժիլետս, գոտիս կամ արեւխաչի խորհրդանիշս: Զգուշացրել եմ, որ կարող է անհաջողություններ ունենան, որովհետեւ դեռ պապերիցս եմ լսել, որ ուրիշ մեկն իրավունք չունի կրել մեր տոհմական հագուստը: Այդպես էլ եղել է, հիմա զգուշանում են, չեն ուզում»:

Վլադիմիր Սերգեյի Բադալյանը ծնունդով Նախիջեւանի Գողթան գավառի Բիստ գյուղից է: Ինքն ու իր հարազատները, ինչպես նաեւ տարածքի ողջ հայությունը Հայաստան է տեղափոխվել 1988-ին: «Ադրբեջանցի ղեկավարները մեզ ասացին՝ ժամանակավոր է, գնացեք՝ էլի կգաք, մենք էլ դռները փակեցինք, բանալիները տվեցինք հարեւան թուրքերին՝ եկանք: Իսկ 2-3 տարի անց Նախիջեւանից եկածներին փախստականի կարգավիճակ տվեցին, ինչից մեր ընտանիքն ու էլի մի քանիսը հրաժարվել են, որ բարոյական իրավունք ունենանք մեր տարածքը հետ պահանջելու»,- պատմեց Վլադիմիրը: Սովորել է Կապուտջուղ լեռան լանջին տեղավորված Բիստի դպրոցում, որտեղ տարբեր տարիքի երեխաներ նույն դասարանում էին՝ քիչ էին: Իսկ վերջին տարիներին «սկսեցին թուրքերին լցնել մեզ հետ, ու որ կռիվ չանենք՝ գալիս էինք Հայաստանում սովորելու»: Փորձել է ընդունվել ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, այն էլ՝ «ինչ հարց տալիս էին, իմ պապերի սովորացրածով էի պատասխանում, չընդունեցին, չեմ էլ ափսոսում, մեկ է՝ անընդհատ վիճելու էի»: Նա մասնակցել է արցախյան կռիվներին, հիմնականում՝ Նախիջեւանի սահմանագծում:

«Պապերս այդ տարածքում իշխաններ են եղել, հետո՝ զորավար Անդրանիկի ու Սպարապետ Նժդեհի խմբապետերն էին, Շուշանիկ տատս էլ կռվել է Նժդեհի գնդում: Նժդեհն իմ պապերից է սովորել մեր ուսմունքը, ուխտատեղիները: Մինչեւ 1937 թիվը պահպանվել է արիական հավատքի հետ կապված ամեն ինչ՝ հագուստ, ուխտագիրք, բայց վառեցին: Երկու պապս էլ եղել են արիական հավատքի քրմապետեր, ունեցել են արեւորդիների նշանով կնիք»,- հպարտացավ մեր հյուրը: Ինքն էլ պապերի ցանկությամբ կրել է Վլադիմիր (ռուսերենից թարգմանաբար նշանակում է առաջնորդ, տիրակալ) անունը: Դպրոց է գնացել 3 տարին չբոլորած, իսկ 4 տարեկանում օծվել է որպես արեւորդի՝ քրմապետերի ժառանգ: «Երբ ազատվի Նախիջեւանը, իսկ ես վստահ եմ դրանում, կդառնամ քրմապետ՝ այդ իրավունքն ինձ շնորհված է»,- վստահեցրեց Վլադիմիրը: Նրա ասելով՝ արցախյան կռիվների ժամանակ ինքն ու իր ընկերները 3 անգամ փորձել են անցնել սահմանն ու ազատագրել Նախիջեեւանը, բայց՝ «ամեն անգամ ղեկավարությունից ասացին, թե՝ ծրագրված է, ժամանակը չէ, մի խոսքով՝ խաբեցին»: Հայ արիացիների միությանը Վլադիմիրը եւ մյուս արեւորդիները լավ են վերաբերվում, բայց՝ «ոչ ավելին, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»: Հեթանոսների կամ Արորդիների ուխտի հետ՝ ինչպես գրանցված է կազմակերպությունը, շատ ավելի սերտ շփումներ կան, միասին ծրագրեր են իրագործում, տոներ նշում: Ինչ վերաբերում է քրիստոնյաներին ու եկեղեցուն, ապա արեւորդիները նրանց հարցում վերապահում ունեն. «Դոգմատիկ կառույց է, նորածնի փոխարեն որոշում են նրա հավատքը, ասում են՝ եթե քրիստոնյա չես, ուրեմն հայ չես: Իսկ մենք ոչ մեկին ոչինչ չենք ստիպում, կնքում ենք այն տարիքում կամ ժամանակ, երբ իր գիտակցությամբ է ընտրություն արել»: Մեր զրուցակցին անհասկանալի էր, թե ինչպե՞ս են ընդունում Տիգրան Մեծ երեւույթը, նրան նվիրված մեծ գիտաժողով արեցին, բայց չեն ընդունում նրա կրոնական պատկանելությունը, ավելին՝ «կնքելիս ասում են՝ հեթանոս էիր, դարձար քրիստոնյա»:

Ապագա քրմապետը 37 տարեկան է եւ արդեն ամուսնացած կլիներ, եթե հայուհիները չնեղվեին նրա «քրմապետական» ապագայից ու կրած հագուստից: Ճիշտ է, հեթանոսների մեջ կան հարսնացուներ, բայց «նրանք մակերեսորեն են ընդունում մեր հավատքը, ու նրանց առաջին պայմանն այն է, որ էլ այսպես չհագնվեմ, իսկ ես իմ պապերի հետեւորդն եմ եւ առաքելություն ունեմ կատարելու, նաեւ պարտավոր եմ կրել նրանց հագուստը»:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել