ՐԱՖՖԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱԿՑԻԱՆ Երեկվա հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը,
ինչպես եւ խոստացել էր հանրահավաքի մասնակիցներին, փորձեց անձամբ նախագահական տանել
Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր նամակ-պահանջագիրը: «Ժառանգություն» կուսակցության
նախագահը ոտքով գնաց նախագահական նստավայր: Այստեղ նրան սպասում էին ոստիկանության
պաշտոնյաները, որոնք, բնականաբար, հանրահավաքի ժամանակ լսել էին սպասվող ակցիայի
մասին եւ նախապես նստավայրի մոտ հերթապահություն էին կազմակերպել: Ինչպես հաղորդում
է «Ա1+»-ը, Րաֆֆի Հովհաննիսյանին սպասում էր երեք ոստիկանական «Գազել», երեք սովորական
մարդատար ավտոմեքենա, երկու «Վիլիս»: Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ նախագահական նստավայրի
նամակների բաժնին, որի դուռը փակ էր: Պարոն Հովհաննիսյանի առաջխաղացումը կանխեցին
ոստիկանության սպաները՝ պարոն Աֆյանի գլխավորությամբ: Նրանք տեղեկացրին, որ ուրբաթ
օրերին նամակների բաժինն աշխատում է մինչեւ ժամը 17-ը եւ արդեն փակ է: Րաֆֆի Հովհաննիսյանը
հարցրեց. «Իսկ փոստ կա՞» եւ կոնկրետ պատասխան չստանալով՝ նամակը դրեց նստավայրի ճաղերից
այն կողմ: Նամակի ծրարին գրված էր՝ «ՀՀ նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանին»:
Ծրարը դնելուց հետո առանց մի բառ արտահայտելու պարոն Հովհաննիսյանը հեռացավ նստավայրից:
Հաջորդ քայլը ոստիկաններինն էր. նրանք պետք է որոշեին նամակի ճակատագիրը: Ոստիկանները
համառորեն սպասում էին, որ ակցիան լուսաբանող «Ա1+»-ի լրագրողները հեռանան, որպեսզի
իրենք նամակի ճակատագիրը որոշեն: Ի վերջո, նախագահականի դարպասի դիմացով անցնելիս
երեք ոստիկաններից մեկը զգուշորեն վերցրեց նամակը եւ փութաջանորեն թաքցրեց այն: Խումբը
հեռացավ: Ոստիկաններն ու ոստիկանական ավտոմեքենաները նրանց ետեւից հեռացան: Սեփ.
լր.