Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը շարունակում է արդեն իրեն բնորոշ դարձած սկանդալային քաղաքական հայտարարությունների «սառը ցնցուղը»:
Նախօրեին, ելույթ ունենալով Իսլամական կոնֆերանս կազմակերպության՝ Մեքքայում կայացած գագաթաժողովին, նա կասկածի տակ է առել Հոլոքոսթի փաստը, իսկ Իսրայելին անվանել է տարածաշրջանային «ուռուցք»: Ահմադինեջադը, այնուամենայնիվ, նախկինի պես այս անգամ Իսրայելը աշխարհի երեսից ջնջելու կոչ չի արել, այլ մեծահոգաբար «թույլատրել» է այդ երկիրը տեղափոխել Եվրոպա: «Եթե այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան եւ Ավստրիան, հավատում են, որ տեղի է ունեցել Հոլոքոստ եւ իրենց մեղավոր են զգում դրա համար, ապա նրանք պետք է հատկացնեն սեփական տարածքի մի մասը՝ հրեական պետությունն այնտեղ տեղափոխելու համար»,- ցինիկաբար հայտարարել է Իրանի ղեկավարը: «Ինչո՞ւ պետք է պաղեստինցիները տառապեն հրեաների նկատմամբ Եվրոպայում ժամանակին իրականացրած անարդարության պատճառով»,- հարց է տվել նա:
Բնականաբար, իր տեսակի մեջ ծայրահեղորեն «յուրատիպ» այս հայտարարությունն այս անգամ եւս անարձագանք չի մնացել եւ երեկ իսկ արժանացել է համարժեք որակումների: Ահա դրանցից մի քանիսը. «Իրանի նախագահի արտահայտությունը կամ լրջության լիակատար բացակայության, կամ ծայրաստիճան ցինիզմի դրսեւորում է»,- նշված է Գերմանիայի ԱԳՆ տարածած փաստաթղթում, որում օգտագործված են նաեւ «զայրացուցիչ» եւ «ռասիստական» բառերը: Իսրայելը Իրանի նախագահի այս հայտարարությունը որակել է «վրդովեցուցիչ» ու «ռասիստական», իսկ Միացյալ Նահանգները դրանք անվանել է «սոսկալի ու դատապարտելի»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը այլ բան չի գտել ասելու, քան հայտարարել, թե «ապշած» է Ահմադինեջադի խոսքերից: Ահմադինեջադի վերոհիշյալ հայտարարությունը խստորեն քննադատել է նաեւ Ֆրանսիան ու մինչեւ անգամ՝ Ռուսաստանը:
Որոշ փորձագետներ Իրանի նախագահի այս տարօրինակ վարքագծին հետաքրքիր մեկնաբանություն են տալիս: Նրանք հակված են մտածել, որ Ահմադինեջադը ծպտված ԿՀՎ-ական է եւ իր գործունեությամբ ԱՄՆ-ի համար Իրան ներխուժելու հրաշալի նախադրյալներ է ստեղծում: Իսկ մեզ մնում է մխիթարվել, որ մեր հանրաքվեն կեղծողներից ավելի ցինիկներ էլ կան:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ