Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկներն արվել են

Դեկտեմբեր 10,2005 00:00

Իսկ ՀՀ-ում իշխանական կոալիցիայի երեք անդամներից երկուսը դրա մասին տեղյակ չեն

«Թրենդ» գործակալությունը վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովին՝ փոխանցել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դեկտեմբերի 14-17-ը այցելելու են տարածաշրջան: Ըստ նախնական տեղեկությունների, դեկտեմբերի 14-15-ին միջնորդները լինելու են Երեւանում, 16-17-ին՝ Բաքվում: Հետաքրքիրն այն է, սակայն, որ համանախագահներն այս անգամ մտադիր չեն այցելել Լեռնային Ղարաբաղ: Ու թեեւ Յու. Մերզլյակովն այդ փաստը պայմանավորել է ժամանակի սղությամբ ու հույս հայտնել, որ ԼՂՀ նախագահի հետ իրենք կհանդիպեն Երեւանում, այդուհանդերձ, երեկ «Լրագիր» ինտերնետային օրաթերթն իր կայքում վկայակոչելով ղարաբաղցի մի փորձագետի, որի անունը նշված չէր, նկատել է, որ համանախագահները չեն ցանկանում գնալ Ղարաբաղ, քանի որ զգուշանում են ԼՂՀ քաղաքացիների բողոքի ակցիաներից:

«Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցների հրապարակումից հետո ղարաբաղցիները հասկացել են, թե ինչ ուղղությամբ է ընթանում բանակցային գործընթացը: Դա բողոքի ալիք է առաջացրել ժողովրդի մեջ: Հարցումները, հանրային քննարկումները ցույց են տալիս, որ ղարաբաղցիները դեմ են կարգավորման՝ առաջարկվող նախապայմաններին՝ ադրբեջանցի փախստականների վերադարձին, տարածքների ապառազմականացմանը, միջազգային զորքերի տեղադրմանը: Ղարաբաղցիները գտնում են, որ հայկական կողմից այդ նախապայմաններին համաձայնվելու դեպքում նույնիսկ ԼՂՀ անկախության ճանաչումը Ադրբեջանի կողմից չի կարող ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը»,- ասել է փորձագետը՝ համոզմունք հայտնելով, թե համանախագահները գիտեն ԼՂՀ բնակչության այդ դիրքորոշման մասին, եւ հենց դրանով է պայմանավորված նրանց՝ ԼՂՀ չայցելելու որոշումը:

Աղբյուրը հիշեցրել է նաեւ, որ Ղարաբաղի հասարակական կազմակերպություններն արդեն բաց նամակով դիմել են համանախագահներին, որտեղ արտահայտել են իրենց մտահոգությունները եւ կոչ են արել միջնորդներին հաշվի նստել ղարաբաղցիների հետ:

Իսկ մինչ Ղարաբաղում ղարաբաղցիները դժգոհում են ԵԱՀԿ ՄԽ նոր առաջարկներից, հայաստանյան ուժերի մի մասը, օրինակ՝ իշխանական կոալիցիայի անդամ ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն, կամ անտեղյակ է, որ նման առաջարկներ կան, կամ, ինչպես օրինակ՝ ՀՅԴ-ն, տեղյակ է ու նույնիսկ ուրախ է, որ «նոր առաջարկներում կան լավատեսական շեշտադրումներ»։ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում լավատեսության համար նախադրյալներ են ի հայտ եկել, բանակցային գործընթացում սկսվել է նոր փուլ»,- երեկ հայտարարել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը ու միաժամանակ հավելել, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել: Իսկ Ղարաբաղում, չգիտես ինչու, ի տարբերություն ՀՅԴ-ի, այդպիսի լավատեսության համար հիմքեր չեն տեսնում:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նոր առաջարկներին ու ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների առնչությամբ միանգամայն այլ է ընդդիմության դիրքորոշումը: «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավոր Ալեքսան Կարապետյանի համոզմամբ, հարցը հայանպաստ լուծում չի ստանա: Նա կանխատեսել է, որ ՀՀ իշխանությունները միջազգային հանրության ճնշման ներքո ստիպված կլինեն 2006 թվականին զիջումների գնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ու նկատել, որ ՀՀ իշխանությունների ոչ լեգիտիմությունը բացասաբար է անդրադառնալու Ղարաբաղի խնդրի լուծման վրա:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի դիտարկմամբ էլ, տարբեր պետություններ փորձում են Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ պարիտետային քաղաքականություն վարել: Ըստ նրա, այդ պետությունները եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում կեղծված ընտրությունների ու կեղծված հանրաքվեի միջոցով թուլացրեցին եւ Ալիեւին, եւ Քոչարյանին: Վ. Դալլաքյանի համոզմամբ, 2006 թ.-ին օգտվելով հենց նախագահների ոչ բավարար լեգիտիմությունից՝ նրանց ղարաբաղյան խնդրի լուծում է առաջարկվում: «Կարծում եմ, հեղինակություն չունեցող եւ լեգիտիմության խնդիր ունեցող անձանց կպարտադրվի փաստաթուղթ ստորագրել»,- հայտարարել է Վ. Դալլաքյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել