Նրանք Իգոր Մուրադյանին թույլ չեն տվել բնաջնջել ադրբեջանցիներին
Երեկ «Հայելի» ակումբում ԼՂՀ հարցի շուրջ պետք է բանավիճեին «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը եւ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Վերջինս վերջին պահին փոշմանել էր: Ե. Աբգարյանի հետ բանավիճեց մի շարք հասարակական կազմակերպությունների անդամ, հայտնի գործիչ Իգոր Մուրադյանը: Այն համատեքստում, որ վերջին շրջանում խնդրի կարգավորման մասին խոսակցությունները նորից ակտիվացել են, Ի. Մուրադյանը հայտարարեց, որ հարցի կարգավորման գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի՝ «ամբողջն իմիտացիա է»: Այս կարծիքին համամիտ էր մյուս բանախոսը՝ մի բացառությամբ. իմիտացիան սկսվել է 1997-ից, Հայաստանում պետական հեղաշրջման հետեւանքով: Նրա համոզմամբ՝ այս պահին որեւէ երկրի, անգամ Հայաստանի շահերից չի բխում հարցի կարգավորումը, քանի որ դրանից ոչ ոք ոչինչ չի շահում: Մինչդեռ 1997-ին հարցի կարգավորման գործընթացի մեջ մտնելով՝ ՀՀՇ-ն ցանկանում էր արեւմտյան խոշոր ներդրողների շահերն ի նպաստ Հայաստանի օգտագործել՝ մեր երկիրն ընդգրկելով տարածաշրջանում իրականացվող միջազգային ՏՐԱՍԵԿԱ, ԻՆՈԳԵՅԹ ծրագրերում: Այս դիտարկմանը ընդդիմախոսեց Իգոր Մուրադյանը, որի խոսքով՝ երբեւէ լուրջ չի քննարկվել, որ Բաքու-Ջեյհանը պետք է Հայաստանի տարածքով անցներ, եւ ընդհանրապես, մինչեւ 97-ն էլ «ամեն ինչ հեքիաթ էր»՝ նորից անձնական շահերի վրա հիմնված:
Քանի որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ի. Մուրադյանի դիտարկումներով աշխարհում «շատ մեծ» փոփոխություններ են տեղի ունեցել եւ առաջիկայում էլ սպասվում են գերտերությունների քաղաքական հայացքների բավականին լուրջ փոփոխություններ, ուստի նա անիմաստ է համարում նախկին իրադարձությունների հիման վրա ապագայի մասին դատողություններ անելը. «Այսօր օրակարգում է միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգի ապամոնտաժումը, այդ թվում նաեւ պետությունների տարածքային ամբողջականությունը: Պարզվում է՝ պետությունների ներկայիս սահմանները պահպանելն ավելի թանկ եւ ոչ ապահով է, քան դրանք վերանայելը: Ամբողջ հարցը սահմանները վերանայելու տեխնոլոգիաների մեջ է. ինչպե՞ս դա իրականացնել լեգիտիմ ճանապարհով»: Այսպիսով՝ բանախոսն ի չիք է դարձնում հայտարարությունները, որ 2006-ը վճռորոշ է լինելու ղարաբաղյան հարցի կարգավորման համար, մանավանդ որ, դրան չեն նախորդել լուրջ պայմանավորվածություններ եւ պարտավորություններ: «Այս ամենը խոսվում է դատարկ տեղը»,- ասաց Ի. Մուրադյանն ու պարզաբանեց, որ մեզանում բավականին շուտ մոռացված քիուեսթյան հանդիպումը հստակ տվեց բոլոր հարցերի պատասխանները. «ԼՂՀ հարցը չի կարող միջազգային հարաբերությունների գործոն դառնալ: Այն վակուում է եւ բավականին վտանգավոր: Եթե նկատեցիք՝ քիուեսթյան գործընթացը շարունակություն չունեցավ»: Զարգացնելով թեզը, որ դա ավելի շատ ռուս-ամերիկյան հրթիռային ծրագրերից բխող հարց է, պարոն Մուրադյանն այն համոզմանն է, որ ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել, համենայնդեպս այս վարչակազմի օրոք, ղարաբաղյան հարցին չանդրադառնալ: «Այս իմիտացիայի ընթացքում եթե կլինե՞ն հարցի կարգավորման առաջարկներ՝ միջազգային հանրությունը կընդունի, ոչ՝ դժբախտություն չի պատահի»,- կարծում է պարոն Մուրադյանը: Իսկ հիմնական խնդիրը հիմա նա համարում է այն, որ հատկապես ադրբեջանական հասարակությանը պետք է համոզել, որ տարածքների ոչ մի վերադարձ էլ չի լինելու:
«Եթե չկա որեւէ վտանգ, ապա ո՞րն է հարցի շուրջ Հայաստանում ծավալվող աշխուժության իմաստը»՝ իր իսկ առաջադրած հարցին բանախոսը պատասխանեց. «Ինչ-որ մեկը շատ է ցանկանում նախագահ դառնալ, դա է միակ քաղաքական ռեսուրսը»: «Ինչ-որ մեկ» ասելով նա նկատի ունի պաշտպանության նախարարին եւ ընդդիմության լիդերներին: «Կարգավորում նշանակում է պատերազմ»,- եզրակացնում է Ի. Մուրադյանը եւ առաջարկում «ստատուս-քվոն» համբերատար պահպանել՝ մինչեւ հարմար աշխարհաքաղաքական պահի ի հայտ գալը: «Մենք ի՞նչ ենք շահում հարցը ձգելով»,- ընդդիմախոսին ուղղված Ե. Աբգարյանի հարցն անպատասխան մնաց: Այս առիթով լրագրողներից մեկի դիտարկմանը՝ խաղաղություն, պարոն Աբգարյանը օրինակ բերեց 1944-ից մինչ օրս ձգվող պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտը՝ փաստելով, որ հողեր վերադարձնողն այսօր Իսրայելն է. «Պերմանենտ պատերա՞զմ եք ուզում, այդքան շատ մարդ ունե՞ք զոհելու»: Այստեղ Իգոր Մուրադյանը հայտարարեց. «Ի սկզբանե մեր նպատակը ԼՂՀ-ն չէր: 80-ականներին մենք մեր առաջ խնդիր էինք դրել վերացնել ադրբեջանական պետությունը: Ադրբեջանցիները չկայացած ազգ են: Այդ դուք նրանից պետություն սարքեցիք»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ