Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսակա՞ն,

Դեկտեմբեր 09,2005 00:00

Ռուսակա՞ն, թե՞ պարսկական գազ Կախված է սակագնից «Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը կավարտվի 2006-ի վերջին: Այն հնարավորություն կտա նույնքան ծավալով գազ ներմուծել, որքան մատակարարում էր Ռուսաստանը»,- այս մասին երեկ հրավիրած ճեպազրույցում ասել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ միաժամանակ նշելով, որ իրանական գազամուղը պետք չէ դիտել որպես այլընտրանք ռուսաստանյան գազամուղին. այն ընդամենը գազի երկրորդ մուտքը կապահովի Հայաստան: Եթե Իրանից ներմուծվող գազը կարող է բավարարել Հայաստանի պահանջները, մի տեսակ անորոշ է մնում՝ ինչո՞ւ է հայկական կողմը ռուսաստանյան գազի սակագնի համար այսպես մտահոգվել, ի վերջո, ինչպես երեւաց, մերոնք ավելի շատ լեզու են գտել Իրանի էներգետիկայի նախարար Փարվիզ Ֆաթթահի, քան ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովի հետ: Խնդիրն այն է, որ, ըստ շրջանառվող լուրերի, Իրանը պատրաստվում է Հայաստանին գազ մատակարարել մոտ 85 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ թե մինչեւ հաջորդ տարվա ավարտը ինչ փոփոխություններ կլինեն համաշխարհային շուկայում եւ Ռուսաստանի, Իրանի կամ այլ երկրների հետ Հայաստանի հարաբերություններում, դժվար է ասել: Բայց եթե հաջողվեր ռուսական կողմին համոզել Հայաստան գազ արտահանել նախկին՝ 2005-ին գործող սակագնով, այդ տարբերակը բնականաբար ավելի ձեռնտու կլիներ մեզ ու իրանական կողմ չէինք էլ թեքվի: Հիշեցնենք, որ Հայաստանի համար ռուսական «Գազպրոմ» ընկերության հաստատած սակագինը, որն առայժմ գործում է, 55 դոլար է՝ 1000 խմ դիմաց, իսկ այն 110 դոլար դարձնելու առաջարկը դեռեւս բանակցային փուլում է: Նախարարը երեկ երկու երկրների գազի գների առնչությամբ ոչինչ չի մանրամասնել, քանի որ, ըստ նրա, «դեռեւս դժվար է ասել, թե որ երկրի վառելիքն ավելի էժան կլինի, մենք դեռ չգիտենք ռուսական գազի գները եւ չենք կարող համեմատել»: Այն, որ Հայաստանում գազի գինը կբարձրանա՝ ընդամենը մեկ ամիս առաջ այդ մասին բոլոր լուրերը հերքող նախարարն այժմ չի կասկածում: Նա հողմային էլեկտրակայանի պաշտոնական բացման ժամանակ էլ հայտնել էր, որ Հայաստանում գազի սակագինն այսօր ցածր է եւ չի հատուցվում մատակարարի համար. «Վաղ թե ուշ գազի գինը Հայաստանում պետք է հասցվի համաշխարհային մակարդակի, հարցն այն է, թե երբ»: Բացի այդ, Ա. Մովսիսյանի համոզմամբ՝ մեր երկրի տնտեսության համար գազի գնի բարձրացումը լուրջ ցնցումների չի հանգեցնի: Փաստն այն է, որ անկախ նախարարի այս «ձեւական» հանգստությունից, այժմ Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունն այնքան մեծ թափով է իրականացվում, որ անգամ աշխատանքային ժամանակացույցից 5 %-ով առաջ են ընկել, ինչը երեկ նաեւ հաստատել է նախարարը: Եվս մի հետաքրքիր հանգամանք. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ոչ վաղ անցյալում ասել էր, որ ջուրը, գազը, էլեկտրաէներգիան առնվազն մինչեւ 2006-ի մայիսի 1-ը չեն թանկանա: Հուրախություն իրեն՝ առայժմ գազ մատակարարող «ՀայՌուսգազարդ» ընկերությունը հանձնաժողովին գազի սակագնի բարձրացման մասին հայտ չի ներկայացրել, իսկ Էներգետիկայի մասին օրենքի համաձայն՝ սակագինը կարող է փոխվել վեց ամիսը մեկ անգամ: Իհարկե, եթե «Գազպրոմը» պաշտոնական փաստաթղթով հաստատի գազի սակագնի կրկնակի բարձրացումը, «ՀայՌուսգազարդը» կարող է սահմանված կարգով 90 օր առաջ դիմել հանձնաժողովին, բայց մինչեւ վերջինս ստուգի փաստաթղթերը, որոշում կայացնի՝ առնվազն 4 ամիս կտեւի: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել