Արշակունյաց
46/1 շենքի առաջին մուտքի նկուղային հարկը արդեն 2 տարի է՝ բնակիչներին ծառայում
է որպես զուգարան: Մուտքի կոյուղու խողովակներն իրենց դարն
ապրել են, մաշվել ու ծակծկվել, եւ խողովակի ողջ պարունակությունը լցվում է նկուղ:
Արդյունքում՝ ողջ օրվա ընթացքում, մանավանդ գիշերվա հովին շենքը «բուրում» է: «Հոտից
չենք կարողանում քնել, շենքի մոտով անցնել չի լինում, ամռանը ճանճեր ու միջատներ
են հավաքվում, ահավոր վիճակ է: Ոչ մի պատուհան չենք կարողանում բացել՝ տունն օդափոխելու
համար: Ամեն անգամ, երբ բացում ենք՝ փոշմանում ենք»,- «Առավոտին» բողոքեցին բնակիչները:
Բացի այդ, նրանք չեն կարողանում օգտվել իրենց նկուղներից, որոնք նախատեսված են պահածոները
պահեստավորելու համար: Նրանց հավաստիացմամբ՝ իրենց շենքի մոտակայքում տիրող հակահիգիենիկ
վիճակի մասին բազմիցս դիմել են թաղապետարան ու համատիրություն, սակայն պատասխանատուները
փոխանակ խողովակները փոխեն կամ գոնե նորմալ մասնագետներ ուղարկեն՝ խողովակները եռակցելու,
սարքելու համար, ուղարկում են նման գործերից բոլորովին գլուխ չհանող մի քանի «բանվոր-մաքրողներ»:
Սրանք էլ բողոքի ճիշտ հաջորդ օրը պարտաճանաչ գալիս են, լցված կեղտը մաքրում, տարածքը
«սրբրտում» ու գնում: Եթե ամիսներ առաջ խողովակներից միայն կաթկթում էր մեզի ու կեղտի
խառնուրդը, ապա վերջին ժամանակներս ամիսը մեկ շենքի նկուղում անտանելի վիճակ է ստեղծվում.
կեղտը գետի պես թափվում է նկուղ: Համատիրության նախագահ Սուրեն Ստեփանյանը
խնդրի առնչությամբ մեզ վստահեցրեց, թե իրենք բնակչի ցանկացած բողոքի հետքերով գնում
են ու իրենցից կախված ամեն ինչ անում, բայց տվյալ դեպքում, ըստ նրա, կոյուղու խողովակների
պատասխանատուն ու վերահսկողը «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն է. «Մենք ամեն անգամ
ստիպված սեփական գրպանից գումարներ ենք դնում, ջրմուղի բանվորներին խնդրում-աղաչում,
որ գան մաքրեն, մինչդեռ իրականում դա հենց իրանց գործն ա: Ի՞նչ անեմ, չեն անում,
մենք մեղք չունենք, հլը մի բան էլ՝ մինչեւ 1000-2000 դրամ ջեբները չդնեմ՝ չեն գալիս»:
Նույնը հաստատեց նաեւ համատիրության մասնագետը՝ պնդելով, թե իրենք գործին խառնվում
են զուտ օգնության կարգով, բայց, ըստ նրա, «մինչեւ ջրմուղը չվերացնի երկու դիտահորերի
արանքում եղած վթարը, չփոխի խողովակը՝ խնդիրը չի կարգավորվի, իսկ հարցն այսքան ձգձգվել
է, քանի որ ջրմուղկոյուղին միշտ էլ իմիջիայլոց է վերաբերվել բնակչի խնդիրներին»:
Մեր հարցին, եթե իրենց գործն է, ինչո՞ւ եք ամեն անգամ գումարային տեսքով շնորհակալություն
հայտնում ընկերության աշխատակիցներին, նա պատասխանեց՝ «ուղղակի տարիքն ենք հարգում»:
Հավատացած լինելով, որ «ջրմուղի մեղքն այս գործում կա», պարոն Ստեփանյանն ամեն դեպքում
փորձում էր տեսնել նաեւ փնթի բնակիչների մեղավորությունը. «Ինչի՞ ա միշտ հենց էդ
մուտքը կեղտոտվում, շատ անշնորհք բնակիչներ են, խողովակը խցանում են, կեղտաջուրը
ետ է մղվում ու ամենաթույլ տեղից՝ հին խողովակից լցվում նկուղ: Կներեք, բայց պիտի
ասեմ՝ երբ խողովակը բացեցին՝ պիտի տեսնեիք ինչեր ենք հանել միջից՝ էլ ներքին շորեր,
ցելոֆաններ, կեղտը տոպրակի մեջ փաթաթում են ու գցում կոյուղու խողովակի մեջ, կխցանվի,
բա ի՞նչ կլինի»: Իսկ ապացուցելու համար իր խոսքերի ճշմարտացիությունը, որ երկու դիտահորերի
արանքում ընկած այդ չարաբաստիկ խողովակով պետք է զբաղվի ջրմուղը՝ Ս. Ստեփանյանը նույնիսկ
իր աղջկան, որը նաեւ համատիրության աշխատակից է, մեզ հետ ուղարկեց ջրմուղի տարածքային
կենտրոն՝ «երես-երես» բերելու: Սակայն այնտեղի աշխատակիցներն այլ բան փաստեցին. «Ճիշտ
ա, մենք գնում ենք ու գործն անում ենք, բայց՝ օգնության կարգով, որովհետեւ շատ ենք
հարգում Ստեփանյանին, բայց էդ մեր գործը չի, ներբակային խնդիրներով պետք է զբաղվի
համատիրությունը»: Բանվորների մեկնաբանությամբ՝ «եթե ամբողջ շենքի մուտքագիծն
ա վնասվել, տիրություն պետք է անի ջրմուղը, իսկ եթե ներսի տրուբաներն ա՝ համատիրությունը»:
Մեր բոլոր ջանքերը բանվորներից ճշտելու՝ տվյալ դեպքում մուտքագծի՞, թե՞ ներսի խողովակների
խնդիրն է՝ ապարդյուն անցան: Երկար ժամանակ մաշված խողովակների պատասխանատուին գտնելու
վիճաբանություններից հետո այս անգամ որոշվեց «երես-երես» բերել համատիրության ու
Շենգավիթի ջրմուղի ներկայացուցիչներին ու մեկընդմիշտ հարցը փակել: Բայց ջրմուղի գլխավոր
մասնագետ Մուշեղ Բաբաջանյանն այնքան ինքնավստահ ասաց, որ դա համատիրության գործն
է, ավելին՝ սկսեց փնովել համատիրության նախագահներին, որ պարոն Ստեփանյանի աղջիկն
անգամ չակնարկեց, որ համատիրության ներկայացուցիչ է ու դուրս եկավ: Պարոն Բաբաջանյանի
խոսքերով՝ «սաղ համատիրությունների նախագահներն էլ դրածոներ են, ոչ մի գործ չեն անում,
սկի չգիտեն էլ՝ որն ա մեր, որն ա իրանց գործը, ձեւի համար նշանակվել են, բայց բնակչի
ոչ մի հարց էլ չեն լուծում, մենակ մի գլուխ սրա-նրա վրա մուննաթ են գալիս»: Մեր
հարցին, թե «պապադ քանի՞ տարի է համատիրության նախագահի պաշտոնում», Ստեփանյանի դուստրը
պատասխանեց՝ «արդեն 5 տարի ա, բայց ըսենց բան իրա կյանքում չի եղել, էսքան ժամանակ
իրա աշխատանքից դժգոհող չի եղել»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ