Լրահոս
Օրվա լրահոսը

2006 ԹՎԱԿԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԵԼՈՒ

Դեկտեմբեր 09,2005 00:00

Համոզմունք
հայտնեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Որ Լեռնային Ղարաբաղի
հակամարտության, ընդ որում՝ հայերիս համար ցանկալի տարբերակով, լուծումն օրգանապես
կապված է նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող պրոցեսների հետ՝ չեն հերքում
ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը: Միայն թե իշխանություններն ու ընդդիմությունը
այդ փոխկապակցվածությունը պայմանավորում են միանգամայն տարբեր տեսանկյուններից: Իշխանությունները
կարծում են, որ հանուն ԼՂ հարցի կարգավորման, ընդդիմությունը պետք է մեր կեղտոտ սպիտակեղենը
դուրս չհանի ու ժողովրդավարության ցածր մակարդակի՝ մարդու իրավունքների ոտնահարման,
ապօրինի ձերբակալությունների, ընտրությունները կեղծելու փաստերի մասին միջազգային
ատյաններում չբարձրաձայնի: Ընդդիմությունը վստահ է, որ ԼՂ հարցի լուծումը մեզ համար
բարենպաստ կլինի, եթե Հայաստանը ժողովրդավարական լինի, ու ավելին, քան՝ Ադրբեջանը:
«Իսկ դու մի՛ գողացիր»,- մի պատեհ առիթով իշխանություններին այսպես էր պատասխանել
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով կեղտոտ սպիտակեղենին վերաբերող հարցադրմանը:
Երեկ էլ Կինոյի տանը տեղի ունեցած միացյալ ընդդիմության նախաձեռնած հավաքի
ժամանակ նա դարձյալ ԼՂ հակամարտության կարգավորումը պայմանավորեց միմիայն ՀՀ-ի ժողովրդավարացմամբ:
Մինչդեռ, նրա ասելով, իշխանություններին այսօր ժողովրդավարությունը չի հետաքրքրում.
«Նրանք դրա վրա թքած ունեն: Նրանք Արեւմուտքի ասածն անելու են, որովհետեւ ուզում
են պահել իրենց իշխանությունը: Մտածում են, թե՝ Արեւմուտքի ասածն այս հարցում անենք,
որ ժողովրդավարության հարցում ինչ-որ սիմետրիա լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:
Եվ հիմա ժողովրդավարության հարցում Ադրբեջանի հետ ունենք իսկական «սիմետրիա»: Իրականում,
ԱԺՄ նախագահի համոզմամբ, մեր ու Ադրբեջանի միջեւ կա այն ամենամեծ ասիմետրիան, որ
կարող էր լինել Անդրկովկասում: «Մեր դեմ կանգնած է մի պետություն, որը մեզանից հզոր
է իր տնտեսությամբ, իր հումքով, իր մարդկային ռեսուրսով, իր կազմակերպվածությամբ,
եւ որի համար ժողովրդավարության ավելցուկը քիչ ազդեցություն ունի պետության հզորության
տեսանկյունից: Մենք՝ հայերս, հզոր ենք, երբ ազատ ու արդար ենք եղել, երբ եղել ենք
քաղաքացի»,- համոզմունք հայտնեց Վ. Մանուկյանը: Այսինքն, ի թիվս նախորդ ընտրությունների,
նաեւ սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծելով, ըստ նրա, իշխանությունները
ի չիք դարձրին նաեւ Ղարաբաղի հակամարտության հարցի՝ մեզ համար բարենպաստ լուծման
հեռանկարը: «Ասում են՝ 2006թ.-ին Ղարաբաղի հարցը լուծում են: Սուտ են ասում:
Ոչ մի հարց էլ 2006-ին չի լուծվելու: Ուղղակի Ալիեւն ու Քոչարյանը Արեւմուտքի աչքերին
թոզ են փչում՝ ակնարկելով, թե՝ մեզ պահեք, մենք այդ հարցը լուծենք: Իրականում մտածում
են՝ դիմացիններն ապուշ են, կֆռռացնենք: 2006-ին հարցը չի լուծվելու: Առջեւում էլի
դադար է լինելու, որովհետեւ Ադրբեջանում սկսվելու են նախագահի ընտրություններ, Հայաստանում՝
խորհրդարանական ու նախագահական, ու այդ հարցն էլի սառեցվելու է: Սա է իրավիճակը:
Բայց հիշեք, թե ղարաբաղյան շարժման ժամանակ մենք ինչի շնորհիվ էինք հզորանում: Ղարաբաղի
հարցով մենք գնում էինք անկախության, ազատ հասարակություն ձեւավորելուն, ազատ տնտեսական
համակարգ ստեղծելուն: Հիմա Ղարաբաղի հարցը շահարկելով՝ երկիրը կործանում են մինչեւ
վերջ: Իսկ եթե վաղը պատերազմ լինի՞»,- հարցադրում արեց Վ. Մանուկյանը ու համոզմունք
հայտնեց, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանը ուշ թե շուտ փորձելու է լուծել պատերազմի միջոցով:
«Մեր թուլացած պետությունը, որը չունի նորմալ բանակ, չունի ոստիկանություն,
չունի ժողովուրդ, որը վստահում է իր իշխանություններին, չունի կենսամակարդակ՝ ո՞նց
է պատերազմելու ու հաղթելու: Մեր՝ բոլորիս հաղթած պատերազմի ալիքի վրա եկան ու երկրին
տեր կանգնեցին»,- վրդովված ասաց ԱԺՄ նախագահը: Ըստ նրա, Հայաստանի հեռանկարը
մխիթարական չէ: Գուցեեւ գույները մի քիչ խտացնելով՝ Վ. Մանուկյանն ասաց. «Շատ ավելի
ծանր է իրավիճակը, քան կարող է թվալ առաջին հայացքից: Սրա առջեւում կործանում է:
Կամ ներսից պոռթկում է պետք, կամ դրսից մեզ լուծում կպարտադրեն ու կջարդեն»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել