«Սովորեցնող է պետք, ոչ թե՝ տեսուչ» Գազօգտագործողները գտնում են, որ տարին 2 անգամ «ծիկ» անող տեսուչներով վթարները չեն կանխվի: «Ես բնական գազից օգտվում եմ 1970 թվականից: Հիմա իմ տանը տեղադրված է ջրատաքացուցիչ, վառարան եւ գազօջախ: Եթե գազամատակարարումն ընդհատվի կամ օդափոխիչը լցվի ու գազը չհեռանա՝ դրանք ավտոմատ անջատվում են: Իսկ եթե ինձ պետք լիներ համենայնդեպս ստուգել տալ օդափոխիչի ու տան մթնոլորտի վիճակը, ես կհրավիրեի սպասարկող ընկերությունից մեկին: Հիմա բացատրեք, թե ինչի՞ համար ես պետք է տարեկան 6900 դրամ տամ: Որ պորտֆելով ինչ-որ մեկը տարվա մեջ երկու անգամ դռանս շեմին կանգնի-հարցնի՝ պրոբլեմ ունե՞ք, ես էլ ասեմ՝ ոչ, դրա՞ համար: Եթե մարդն անուշադիր է, քնում է կամ տնից գնում է՝ գազը միացրած, նրա համար էդ երկու այցելությունը նշանակություն չունի: Իսկ մենք ինչո՞ւ պետք է տուժենք նրանց պատճառով»,- «Առավոտին» է բողոքել Երեւանի Էրեբունի համայնքի բնակիչ, թոշակառու Վաղինակ Մինասյանը: Խնդիրը վերաբերում է դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը, համաձայն որի՝ սահմանվել է «ՀայՌուսգազարդի» կողմից իրականացվող ներտնային սպասարկման վճարը: Ըստ այդմ՝ գազօգտագործման 1 սարքավորման համար սահմանված է 2400, 2-ի՝ 5700, 3-ի՝ 6900 դրամ վճար: Ներտնային սպասարկումը այս տարվա նոյեմբերից դարձավ «ՀայՌուսգազարդի» մենաշնորհը, անգործ թողնելով մինչ այդ նման սպասարկում իրականացնող, քաղաքաշինության նախարարությունից լիցենզավորված 8 ՍՊԸ-ների: Վերջիններս իրենց բաժանորդներին սպասարկում էին տարեկան 3000 դրամով՝ 3-անգամյա այցելության պայմանով: Իսկ այժմ բաժանորդները պետք է սպասարկման պայմանագիր կնքեն միայն «ՀայՌուսգազարդի» հետ, թե չէ, ըստ մեր բողոքարկուի տվյալների՝ «գազներս կկտրեն»: «Էդքան վթարներ եղան, մի անգամ չլսեցինք, որ պատճառները մանրամասն ներկայացնեն ժողովրդին, որ նա էլ զգուշանա: Փոխանակ բացատրելու, սովորեցնելու մասին մտածեն՝ փող են հավաքում: Որ փողը վերցրիք՝ մարդը խելք կսովորի՞: Հետո էլ ասում են, թե ռուսները գազը թանկացնում են, բա մեր կառավարությո՞ւնն ինչ է անում, ռուսից մեծ վնաս տվեց մեզ: Դեռ ռուսներն ապրանք են ծախում, իրենցն է, հասկացանք: Բա որ սրանք ոչինչ չարած փող են հավաքո՞ւմ, ո՞նց հասկանանք»,- կառավարության «շուռիմուռիները» չէր ընկալում «Առավոտի» այցելուն: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ