Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 08,2005 00:00

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԽԵԼՔԻ Է ԳԱԼԻՍ» «Արմատական ընդդիմությունն իր քաղաքական վարքագծում աստիճանաբար սթափության էլեմենտներ է դրսեւորում»,- հետեւելով ընդդիմության հանրահավաքներին՝ նման եզրակացության է հանգել ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Նրա համոզմամբ՝ արմատականները վերջապես սկսեցին հասկանալ, որ իրենց ցանկություններն ու իրականությունը տարբեր են, որ «ժողովրդավարական ավանդույթներ ձեւավորելու համար ոչ պակաս կարեւոր է քաղաքական իշխանության փոփոխության օրինական հնարավորություններն օգտագործելու ավանդույթը»: Այն է՝ համապետական ընտրությունները, որոնց միջոցով էլ տեղի ունեցան գունավոր հեղափոխությունները: Այս համատեքստում, միասնական ընդդիմության վերջին հանրահավաքում հնչած հորդորը՝ «մեզ մի ստիպեք գնալ կտրուկ քայլերի», ՔԴՄ նախագահի տպավորությամբ՝ «ապրիլի 12-13-ից դասեր են քաղել»: Ի դեպ, ապրիլյան դեպքերը Խ. Հարությունյանը այժմ «արհեստածին» է որակում, որն անգամ ընդդիմության հեղինակության բարձրացմանը չնպաստեց: Ինչ վերաբերում է հանրահավաքներից հետո տեղի ունեցող ձերբակալություններին, ՔԴՄ նախագահը խորհուրդ չի տալիս դրանց «այդքան էլ մեծ տեղ տալ», քանզի «դա արվում է միայն սեփական վճռականությունը դրսեւորելու եւ իրավիճակը տնօրինելու պատրաստակամությունը դրսեւորելու համար, դա ավելի շատ ցուցադրական ակցիա է, իրավիճակային ռեակցիա»: Այս ամենով հանդերձ, նա չի գտնում, որ իրենց քաղաքական համոզմունքների համար ճիշտ է մարդկանց ճնշումների ենթարկելը, եւ տեղին է համարում քննադատության ենթարկել համապատասխան օրենքի անկատարությունը՝ համոզված լինելով, որ նորմալ օրենքի պարագայում գուցեթե հնարավոր լիներ խուսափել ձերբակալություններից: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել