Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը

Դեկտեմբեր 08,2005 00:00

Վարչապետը հանդիպեց Հոսնի Մուբարաքի հետ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Հոսնի Մուբարաքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը փոխանցել է ՀՀ նախագահի ողջույնը եւ ուղերձը, նաեւ շնորհավորել Հոսնի Մուբարաքին՝ հինգերորդ անգամ ԵԱՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Անդրանիկ Մարգարյանը հանդիպման ժամանակ խոսել է այն մասին, որ խիստ կարեւորում է Եգիպտոսի դերն ու ջանքերը իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, ասել է, որ Հայաստանը՝ ելնելով տարածաշրջանային անվտանգության նկատառումներից, շահագրգռված է նաեւ Իրաքի իրավիճակի շուտափույթ կայունացմամբ։ Արաբական երկրների հետ հարաբերությունների խորացման կարեւորությունը ընդգծելով՝ Անդրանիկ Մարգարյանը խոսել է նաեւ այն մասին, որ Հայաստանը միշտ էլ հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամությամբ։ Ասվել է նաեւ, որ թուրքական կողմը հարաբերությունների հաստատումը պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության եւ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով։ Վարչապետը Հոսնի Մուբարաքի հետ հանդիպման ժամանակ ասել է նաեւ, որ անընդունելի է համարում ադրբեջանական կողմից իսլամական համերաշխության շահարկումն ու ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու փորձերը։ Վարչապետը նաեւ համոզմունք է հայտնել, որ այս ամենը չի համապատասխանում Հայաստանի եւ արաբական երկրների միջեւ առկա ջերմ, բարեկամական հարաբերությունների ոգուն։ ԵԱՀ նախագահը համամիտ է եղել Անդրանիկ Մարգարյանի այն մտքին, որ երկու երկրների քաղաքական հարաբերություններում առկա բարձր մակարդակը անհրաժեշտ է տեղափոխել նաեւ տնտեսական հարաբերությունների ոլորտ։ Երեկ Անդրանիկ Մարգարյանը հարցազրույց է տվել նաեւ եգիպտական «Ալ-Ահրան», «Ալ-Գումհուրիա» թերթերին եւ BBC-ին։ Վերջինիս թղթակցի հարցն այն մասին էր, թե հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները ինչպիսի կոնկրետ դրսեւորում են ստանալու։ Իսկ ԵԱՀ-ի երկու գլխավոր թերթերի թղթակիցներին հետաքրքրում էին Հայաստան-Եգիպտոս հարաբերությունները, արաբական աշխարհի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները։ Թղթակիցները բազմաթիվ հարցեր հնչեցրին նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ։ Ի պատասխան վարչապետը ներկայացրեց, որ Հայաստանը կողմ է հարցի խաղաղ կարգավորմանը, ներկայացրեց Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հետ կապված խնդիրները։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Կահիրե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել