ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ Է ՑՐՑԱՄ ՏԱԼԻՍ Այսօր Կինոյի տանը նա կուրվագծի իր առաջիկա անելիքները Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ փաստացի անցած փուլ է, անկախ այն բանից, որ դրա արդյունքները աննախադեպ չափերով կեղծվել են: Իշխանական ճամբարներից մեկ անգամ չէ, որ ընդդիմությանն ուղղված մեղադրանքների շարքում մատնանշվում է հանրաքվեն բոյկոտելու նրանց որոշումը, ինչը, ըստ իշխանությունների, ոչ միայն անարդյունավետ էր, այլեւ զրկեց ընդդիմությանը հանրաքվեի քվեարկության ընթացքում ընտրական հանձնաժողովներում գործուն մասնակցություն ունենալ՝ կանխելով եղած ընտրախախտումները: Ընդդիմության ներկայացուցիչների կարծիքը, սակայն, հանրաքվեն բոյկոտելու վերաբերյալ միանգամայն այլ է: Անդրադառնալով բոյկոտի որոշման արդյունավետությանը՝ «18+1» միավորման անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասաց. «Միացյալ ընդդիմության որոշումը՝ բոյկոտել հանրաքվեն, ըստ իս, վերջին մի քանի տարիներին ընդդիմության կողմից կատարված ամենածանրակշիռ քայլն էր: Այդ որոշումը անսպասելի էր իշխանությունների համար, ու դա նրանց նկատելիորեն խուճապի մատնեց: Ընդդիմությունն այդ դեպքում գործընթացների նախաձեռնությունն ինքը վերցրեց, որին հետեւեցին նոյեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի՝ հասարակությանն ուղղած բաց քվեարկելու կոչն ու գլխավոր դատախազի սպառնալիքը՝ ընտրական հանձնաժողովներում աշխատանքները բոյկոտող ընդդիմության ներկայացուցիչներին պատժելու մասին: Սրանք իշխանությունների խուճապային տրամադրությունների վկայություններն էին, որի վերջին ակորդը եղավ նոյեմբերի 27-ը, որը միացյալ ընդդիմությունը գնահատում է որպես ազգային ու պետական դավաճանություն: Հիմա շատ է խոսվում այդ էջը փակված լինելու մասին, բայց այդ էջը չի կարող փակված համարվել, ինչպես չեն կարող փակված համարվել 1998թ. եւ 2003թ. իշխանության բռնազավթման փաստերը»: Պ. Մակեյանի դիտարկմամբ, հանրաքվեի օրը իրավիճակը դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից, որովհետեւ քրեածին տարրերը, որոնց հանձնարարված է եղել «այո» ապահովել, չափից ավելի ոգեւորված են եղել ու «այո»-ն ապահովել են ավելին, քան պահանջվել է: Նրա համոզմամբ, հանրաքվեի օրն աննախադեպ չափով կեղծիքների դիմելով՝ Ռ. Քոչարյանն, ըստ էության, վրեժխնդիր եղավ ժողովրդից, «նախ՝ 1998թ.-ի համար, որ մարդիկ նախագահի ընտրությունների երկու փուլերում էլ նրան չընտրեցին, երկրորդ՝ 2003թ. ընտրությունների համար, որովհետեւ ժողովուրդը երկու փուլերում էլ իրեն մերժեց»: Սրանք անցյալին վերաբերող գնահատականներ էին: Իսկ ի՞նչ է մտածում միացյալ ընդդիմությունն ամենամոտ ապագայի մասին: Մեկշաբաթյա ընդմիջումից հետո գալիք ուրբաթ հանրահավաք է հրավիրված: Ակնհայտ է, որ իշխանափոխություն իրականացնելու համար կրիտիկական զանգված հավաքել ընդդիմությանը թերեւս, նաեւ այդ օրը չհաջողվի: Իսկ եթե չհաջողվի՝ ընդդիմությունն ի՞նչ է անելու: «Հանրահավաքների գալիս է հասարակության ամենաակտիվ հատվածը, որը մեկ-երկու քայլով հարցեր լուծելու պահանջ է ներկայացնում, ինչը՝ ելնելով ներկայիս իշխանությունների որակից ու Հայաստանը ոստիկանապետության վերածելու նրանց գործողություններից, տեսականորեն ու գործնականում հնարավոր չէ: Հիմա ընդդիմությունն ավելի խելամիտ քայլեր է մշակում: Ոչ թե հայտարարում է՝ եկեք գնանք Բաղրամյան պողոտա, ինչն, իհարկե, օրակարգում է, այլ իր գործողությունները փորձում է համակարգել, դրանց կառուցվածքային տեսք տալ, մեխանիզմներ մշակել ու քայլ առ քայլ առաջ շարժվել: Այն, որ ներկայիս իշխանություններից ազատվելու հասարակական պահանջ կա, ակնհայտ է, բայց դա ամփոփված է առանձին ընտանիքների պատերի ներսում, հանրահավաքի եկող քաղաքացիների մեջ, ինչը դեռ ընդհանուր մթնոլորտ չի դարձել: Ընդդիմության խնդիրն է իր գործողություններով ձեւավորել այդ մթնոլորտը»,- ընդդիմության ծրագրերը ներկայացնելով՝ ասաց պարոն Մակեյանը: Այդ դեպքում ինչո՞վ էր զբաղված միացյալ ընդդիմությունը մինչեւ հիմա, մինչեւ նոյեմբերի 27-ը, երբ արդեն հստակ պատկերացում ուներ, որ հանրաքվեն հաստատ կեղծվելու է: Ինչո՞ւ այն ժամանակ չէր փորձում ստեղծել այն մթնոլորտը, որի մասին ասում է Պ. Մակեյանը: Ինչո՞ւ մինչեւ հանրաքվեի օրը չկային այն մեխանիզմներն ու այն կառուցվածքները, որոնք ընդդիմությունը միայն հիմա՝ ամանորից օրեր առաջ է ուզում ձեւավորել: Կուսակցության նախագահը համամիտ էր, որ այս օրերին ընդդիմության հանրահավաքներին ավելի քիչ մարդ է գալիս, քան 2003-ին ու 2004-ին էր, բայց, ըստ նրա, այսօր ընդդիմությունը իր քայլերը միայն հանրահավաքներով չի պայմանավորում: «Այս մեկ շաբաթվա ընթացքում ընդդիմությունը շատ ավելի մեծ աշխատանքներ է տարել, քան տարվել է երեք հանրահավաք հրավիրելու ընթացքում: Հիմա մենք մեր գործողություններին փորձում ենք կառուցվածքային տեսք տալ, ու այսօր Կինոյի տանը կայանալիք հավաքին կձեւավորենք արդեն հստակ կառուցվածքներով, որը կնախորդի մեր նախատեսած մյուս քայլերին: Ուրբաթ օրը հրավիրված հանրահավաքում կներկայացվի ընդդիմության առաջիկա քայլերը: Կարծում եմ, մենք ճիշտ ուղու վրա ենք, ու շտապողականություն դրսեւորել այստեղ պետք չէ»,- հույս տվեց Պ. Մակեյանը: Վերջինիս ասելով, ընդդիմությունը հասկանում է նաեւ, որ դիմացը ամանորյա տոներ են, բայց նաեւ խնդիր ունի մինչեւ հունվարի 15-ը հասարակության մեջ արդեն առկա բողոքի ալիքը պահել նաեւ հանրահավաքներով, բայց նաեւ այլ մեխանիզմներով, որոնք ընդդիմությունը դեռ պետք է գտնի: Պ. Մակեյանը մասամբ էր համամիտ, որ ինչպես նախորդ ընտրությունների, այնպես էլ հանրաքվեի արդյունքները կեղծելը հասարակությունն, իհարկե, չի մոռանա ու չի ների, բայց դա արդեն անցած փուլի վիրավորանք համարելով՝ կուլ կտա մինչեւ հաջորդ ընտրություններ՝ մինչ այդ նախընտրելով փողոց դուրս չգալ: «2007-ը կլինի այսօր սկսված գործընթացների շարունակությունը: Ընդդիմության ուզածը միայն այն է, որ հասարակությունն ինքը մասնակից լինի այդ գործընթացներին ու մեզ հետ միասին անի այն, ինչ պահանջում է ընդդիմությունից»,- նկատեց Պ. Մակեյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ