ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՒՉԻԿ ՉԵՆ Համենայնդեպս, ՆԺ ղեկավարի կարծիքով՝ ամեն ինչ դեռ առջեւում է «Եթե պետության մեջ դու գործ ունես մի իրավիճակի հետ, երբ իշխանությունն օգտագործում է կրիմինալը, ներքին գործերը՝ բարդ է միանգամից արդյունք ակնկալել: Հատկապես, երբ այժմ չկա ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ընդհանրապես, նա կարծում է, որ մեր հասարակությունում առկա խնդիրը ընդդիմության խնդիրը չէ, քանի որ «հիմա ունենք բավականին որակյալ ընդդիմություն, որը պատրաստ է ռեալ գործողությունների», այլ այն, որ հասարակության մեծ զանգվածը արժանավայել ապրելու համար պայքարի պատրաստ չէ: Դրանով էլ մեր զրուցակիցը բացատրում է հանրահավաքների սակավամարդությունը: Բայց դա, ըստ նրա, չի նշանակում, որ ընդդիմության պայքարի ուղու մեջ արժանապատիվ, կազմակերպված պայքարի պատկերացումը չկա. «1988-ին երբ ղարաբաղյան շարժումը սկսվեց, ոչ ոք չէր սպասում, որ 91-ին դա կավարտվի ԽՍՀՄ փլուզումով եւ իշխանափոխությամբ»: Բացատրություններ տալով նախկինում իր կողմից արված հեղափոխական հայտարարությունների մասին, Արամ Կարապետյանն ասում է. «Մարդուն մոտենալ ասել՝ դե, ասեք ամսաթիվը: Ասում ես. այդ օրը եթե ինչ-որ բան չի ստացվում, ասում են՝ դու փուչիկ ես, ոչինչ չստացվեց: Դա լուրջ մոտեցում չէ… Ես ասել եւ ասում եմ՝ 2005-ի եւ 2006-ի մի մասի ընթացքում Հայաստանում տեղի են ունենալու փոփոխություններ: Ես մնում եմ իմ այն կարծիքին, որ դրանք կրելու են հեղափոխական բնույթ, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները լինելու են արտահերթ»: ՆԺ ղեկավարն իր այս համոզմունքը գնալով վերահաստատում է, որովհետեւ տեսնում է ընդդիմության եւ հասարակության կոնսոլիդացիա, հանրահավաքներին նոր դեմքեր, նաեւ՝ երիտասարդների. «Որակական փոփոխություն կա այս ամենում: Եթե մարդկանց մոտ պատկերացում կա, որ հանրաքվեն չհարվածեց՝ սխալվում են: Հարվածեց բոլորին, առաջին հերթին իշխանության մեջ գտնվողներին, որովհետեւ մարդիկ մինչեւ այսօր չեն հասկանում՝ ո՞վ, ինչո՞ւ, ինչպե՞ս իրենց փոխարեն որոշեցին: Բոլորը միայն մի բան հասկացան՝ իրենք երկրում ոչինչ չեն որոշում: Այս մթնոլորտը կբերի նրան, որ որոշումներ կայացնողները կմնան միայն նախագահականում եւ ուժային կառույցներում: Դա դիկտատուրայի վերջին ձեւն է, դրանով էլ ամեն ինչ կավարտվի»: Այս ամենին հավելվում է նաեւ ԼՂՀ հարցը: Ընդ որում, ըստ Արամ Կարապետյանի, այս առիթով իշխանությունները հույս ունեն, որ Ալիեւը կհրաժարվի, եւ իրենք պատասխանատվությունից կխուսափեն: Մինչդեռ հիմք ընդունելով իր տեղեկությունները՝ նա իշխանություններին զգուշացնում է. «Ալիեւը վերջին պահին համաձայնվելու է: Բավականին լավ պատրաստված դիվանագիտական խաղ է: Այնպես չստացվի, որ հունվարին մենք ծանր կացության մեջ հայտնվենք, երբ նա կհամաձայնվի, իսկ մենք պատրաստ չենք լինի»: Գազի սակագնի բարձրացման մասին խոսակցությունները մեր զրուցակիցը առաջին ծաղիկներն է համարում. «2006-ը շատ կարեւորագույն տարի է լինելու ԱՊՀ երկրների համար: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը դա շատ լավ գիտեն: Իրենց հետ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները այդ թեմայով լուրջ խոսակցություններ են ունեցել… Չի կարելի այդպես՝ ՌԴ-ի բարեկամն ենք, քանի դեռ գազի գինը մեզ հարմար է, ԱՄՆ-ի բարեկամն ենք, քանի դեռ հեղափոխություն չի անում մեզ մոտ: Իրանի եւ Քրդստանի հարցը կա: Գեոքաղաքական այս թնջուկում մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք: Մեզ համար լինել, չլինելու հարց է: Սրա համար է անձամբ իմ կռիվը, ոչ թե նրա համար, որ Քոչարյանը գնա, մեկ ուրիշը գա»: Այս պարագայում միասնական ընդդիմության հիմնական խնդիրը Ա. Կարապետյանը համարում է՝ «ցույց տալ ժողովրդին, որ պայքարը շարունակվում է»: Այն, որ իշխանությունները տապալելով ԱԺ հայտարարությունները՝ ցանկանում են պահպանել իրենց դիրքերը, մեր զրուցակցի համար արդեն ծիծաղելի է: Նաեւ նկատի ունենալով, որ հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին գեոքաղաքական դաշտը դեռ կարծիք չի հայտնել, պարոն Կարապետյանը վաղ է համարում խոսել, որ ընդդիմությունը տանուլ տվեց. «Հիմա է ռեալ պայքարը սկսվում»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ