Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ուզեն՝ կտամ»

Դեկտեմբեր 08,2005 00:00

Մոսկվաբնակ
ռեժիսոր Բորիս Հայրապետյանը պատրաստ է իր «Նորմա» ֆիլմ-օպերան տրամադրել հայկական
հեռուստաընկերություններին: «Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում
աշխարհում առաջին անգամ կցուցադրվի մոսկվաբնակ կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանի նկարահանած
Բելինիի «Նորմա» օպերայի կինոտարբերակը»: Մշակույթի գործիչների համահայկական լիգայի
նախագահ, պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը այս տեղեկատվությամբ երեկ
բացեց հրավիրած մամուլի ասուլիսը: Նկատենք, որ ֆիլմ-օպերայի առաջին ցուցադրումը
կազմակերպել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որը ժամանակին
ոչնչով չաջակցեց ֆիլմի ստեղծմանը: Փոխարենը նկարահանմանը աջակցել են Ռուսաստանի մշակույթի
եւ կինեմատոգրաֆիայի ֆեդերալ գործակալությունը եւ «ABA» ստուդիան: «Առավոտը»
քանիցս անդրադարձել է «Նորմայի» թե՛ բեմադրությանը, թե՛ ֆիլմի ստեղծման աշխատանքներին:
Հիշեցնենք, որ օպերային գրականության այս գոհարը, որին պարզապես վախենում
են մոտենալ աշխարհահռչակ օպերային թատրոնները, Երեւանում 2001-ին իրականացրեց Բորիս
Հայրապետյանը: Իսկ 2003-ին բեմադրությունը ֆինանսի բացակայության պատճառով
չմասնակցեց սանկտպետերբուրգյան «Ոսկե դիմակ» հեղինակավոր մրցանակաբաշխությանը, որտեղ
ներկայացված էր միանգամից 5 անվանակարգում: Ֆիլմի ռեժիսորը հայտնեց, որ այս տարվա
նոյեմբերի 12-ին «Նորման» արդեն ցուցադրվել է Մոսկվայի կինոյի տան մեծ դահլիճում
եւ արտերկրում: Ֆիլմի վրա ծախսված ռուսաստանյան ֆինանսի մասին ռեժիսորը լռեց: Միայն
ասաց. «Վենետիկում երբ ցուցադրում էինք ֆիլմը, գործընկերներս ինձ հուշեցին, որ հանկարծ
չասեմ ծախսված գումարի չափը կամ եթե ասեմ էլ, գոնե այդ գումարը բազմապատկեմ 3-ով
կամ 4-ով, որպեսզի չծիծաղեին վրաներս»: Մեր կեսկատակ-կեսլուրջ՝ «հիմա էլ բազմապատկեք
5-ով կամ 6-ով՝ նոր ասեք» դիտարկման պատասխանը Բ. Հայրապետյանի ժպիտն էր: Ռեժիսորը
տեղեկացրեց նաեւ, որ «Նորման» մոտ 30 ամերիկյան հեռուստաընկերությունների, ինչպես
նաեւ մոսկովյան «Կուլտուրա» հեռուստաալիքի ուշադրությանն է արժանացել: Նշենք, որ
վերջինս ցուցադրել է Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում Երեւանի օպերային թատրոնի ներկայացրած
«Նորման»: Ֆիլմում նկարահանվել են հայ օպերային ճանաչված անուններ (Հասմիկ
Պապյան, Վարդուհի Խաչատրյան, Միքայել Հովակիմյան եւ այլք), իսկ նկարահանումները կատարվել
են Հայաստանի պատմական վայրերում, ինչի համար, ըստ ֆիլմարտադրության միջազգային կանոնների,
պետք է մեր պետբյուջե գումար վճարվեր, ինչը չի արվել: Հարցին՝ չե՞ք պատրաստվում ֆիլմի
DVD-ն նվիրաբերել, օրինակ, Հանրային հեռուստատեսությանը՝ դասական երաժշտության երկրպագուների
մեծ լսարանին ներկայացնելու համար: Չէ՞ որ միամիտ կլինի կարծել, թե երեւանյան կինոթատրոններում
«Նորման» լեփ լեցուն դահլիճներ կապահովի՝ չնայած իր բարձր արժանիքներին, Բ. Հայրապետյանը
պատասխանեց. «Նախ, մոտ 200 հազար դոլար է հարկավոր ֆիլմի DVD տարբերակը պատրաստելու,
TV-ներով ցուցադրելու համար: Կարծում եմ, դրանց ղեկավարները պետք է ցանկանան ունենալ
ֆիլմ-օպերան, իսկ եթե ուզեն՝ կտամ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել