Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈ՞ՒՆ

Դեկտեմբեր 08,2005 00:00

Արդեն
հաստատվել են բուհերի մեծ մասի խորհուրդների կազմերը: Իսկ ԵՊՀ-ում դեռ ուսխորհրդի
ընտրությունների օրինականության հարցն են պարզում: Հիշեցնենք,
որ այս ընտրությունները ղեկավարության սրտով չեն այն պատճառով, որ ռեկտորի պոտենցիալ
թեկնածու իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի՝ ֆակուլտետը ներկայացնող
թեկնածուն ընտրության արդյունքում դուրս էր մնացել 18 անդամների շարքերից: Իրավաբանական
ֆակուլտետը ներկայացնում էր Գ. Ղազինյանի ընկերոջ դուստրը: Այս առնչությամբ իրավաբանական
ֆակուլտետի դեկանը պարզաբանեց. «Այո, նա փայլուն առաջադիմությամբ տաղանդավոր ուսանող
է, բայց ի՞նչ կապ ունի, թե ում երեխան է: Չեմ հերքում՝ նա իմ մահացած ընկերոջ աղջիկն
է»: Գ. Ղազինյանը նորից պնդում է, որ ընտրություններն անցկացվել են առանց իրավական
հիմքի: Իսկ ուսխորհրդի նախագահ Միհրան Հակոբյանը մեզ տեղեկացրեց. «Հարցը փակված է,
ամեն ինչ մեր ուզածով է մնալու, այսինքն ընտրության արդյունքներն անփոփոխ են մնալու»:
Այս առնչությամբ երեկ Գագիկ Ղազինյանը մեզ ասաց. «Մնում եմ այն կարծիքին,
որ այդ ընտրություններն անցկացվել են առանց իրավական հիմքի: Նույնիսկ նախագահի վավերացումից
հետո, ինչն արվել է ընտրություններից երկու օր անց, իրավունք չկար ընտրություններ
անցկացնել, քանի որ այն պետք է նախ հրապարակվեր: Հրապարակման հաջորդ օրվանից ընտրության
անցկացումը կլիներ օրինական: Ուսխորհուրդը ինքնավար կառույց է, բայց որ այդ որոշումը
աբսուրդի աստիճանի հասնող խախտում է, դա հաստատ»: «Բուհական ավտոնոմիայի պաշտպանության
խորհրդի» ղեկավար Վարդան Խաչատրյանին եւս չզարմացրեց ուսխորհրդի որոշումը. «Եթե մեր
երկրում ամեն ինչ օրենքի խախտումներով է գնում, ապա ինչո՞ւ այստեղ պետք է փոփոխություն
լինի, չէ՞ որ բուհը հասարակության մի մասն է կազմում: Չեմ բացառում, որ թեկուզ օրենքի
խախտմամբ, բայց ընտրության արդյունքները անփոփոխ մնան»: Հավելենք, որ Վ. Խաչատրյանը
ուսանողների հետ վերջերս պայքարում էր բուհական խորհուրդների ձեւավորման մասին հայտնի
որոշման դեմ: Այդ պայքարը ժամանակավորապես դադարեցվել էր: Այս օրերին տեղի
կունենա «Բուհական ավտոնոմիայի պաշտպանության խորհրդի» անդամների աշխատանքային հանդիպումը:
«Որպեսզի քաղաքականությունը բուհական գործերին չխառնենք, շուտով կկողմնորոշվենք,
թե ինչպես շարունակենք մեր պայքարը»,- ասաց Վ. Խաչատրյանը, չբացառելով, որ միգուցե
խորհուրդը դադարեցնի իր պայքարը: Հ. ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել