Գազօգտագործողները
գտնում են, որ տարին 2 անգամ «ծիկ» անող տեսուչներով վթարները չեն կանխվի: «Ես
բնական գազից օգտվում եմ 1970 թվականից: Հիմա իմ տանը տեղադրված է ջրատաքացուցիչ,
վառարան եւ գազօջախ: Եթե գազամատակարարումն ընդհատվի կամ օդափոխիչը լցվի ու գազը
չհեռանա՝ դրանք ավտոմատ անջատվում են: Իսկ եթե ինձ պետք լիներ համենայնդեպս ստուգել
տալ օդափոխիչի ու տան մթնոլորտի վիճակը, ես կհրավիրեի սպասարկող ընկերությունից մեկին:
Հիմա բացատրեք, թե ինչի՞ համար ես պետք է տարեկան 6900 դրամ տամ: Որ պորտֆելով ինչ-որ
մեկը տարվա մեջ երկու անգամ դռանս շեմին կանգնի-հարցնի՝ պրոբլեմ ունե՞ք, ես էլ ասեմ՝
ոչ, դրա՞ համար: Եթե մարդն անուշադիր է, քնում է կամ տնից գնում է՝ գազը միացրած,
նրա համար էդ երկու այցելությունը նշանակություն չունի: Իսկ մենք ինչո՞ւ պետք է տուժենք
նրանց պատճառով»,- «Առավոտին» է բողոքել Երեւանի Էրեբունի համայնքի բնակիչ, թոշակառու
Վաղինակ Մինասյանը: Խնդիրը վերաբերում է դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած Հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը, համաձայն որի՝ սահմանվել է «ՀայՌուսգազարդի»
կողմից իրականացվող ներտնային սպասարկման վճարը: Ըստ այդմ՝ գազօգտագործման 1 սարքավորման
համար սահմանված է 2400, 2-ի՝ 5700, 3-ի՝ 6900 դրամ վճար: Ներտնային սպասարկումը
այս տարվա նոյեմբերից դարձավ «ՀայՌուսգազարդի» մենաշնորհը, անգործ թողնելով մինչ
այդ նման սպասարկում իրականացնող, քաղաքաշինության նախարարությունից լիցենզավորված
8 ՍՊԸ-ների: Վերջիններս իրենց բաժանորդներին սպասարկում էին տարեկան 3000 դրամով՝
3-անգամյա այցելության պայմանով: Իսկ այժմ բաժանորդները պետք է սպասարկման պայմանագիր
կնքեն միայն «ՀայՌուսգազարդի» հետ, թե չէ, ըստ մեր բողոքարկուի տվյալների՝ «գազներս
կկտրեն»: «Էդքան վթարներ եղան, մի անգամ չլսեցինք, որ պատճառները մանրամասն
ներկայացնեն ժողովրդին, որ նա էլ զգուշանա: Փոխանակ բացատրելու, սովորեցնելու մասին
մտածեն՝ փող են հավաքում: Որ փողը վերցրիք՝ մարդը խելք կսովորի՞: Հետո էլ ասում են,
թե ռուսները գազը թանկացնում են, բա մեր կառավարությո՞ւնն ինչ է անում, ռուսից մեծ
վնաս տվեց մեզ: Դեռ ռուսներն ապրանք են ծախում, իրենցն է, հասկացանք: Բա որ սրանք
ոչինչ չարած փող են հավաքո՞ւմ, ո՞նց հասկանանք»,- կառավարության «շուռիմուռիները»
չէր ընկալում «Առավոտի» այցելուն: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ