ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ
ԵՆ Դեկտեմբերի 5-ին ՀՀ տարածքում շարունակվել են ընդդիմադիր
կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ ՀՀ իշխանությունների սկսած ու հետեւողականորեն
իրականացվող հետապնդումները: Նախօրեին «Հանրապետություն» կուսակցությունից տեղեկացանք,
որ դեկտեմբերի 4-ին, ժ. 16-00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի մուտքի մոտ՝ պետավտոտեսչության
աշխատակիցները կանգնեցրել են կուսակցության Կոտայքի մարզի Չարենցավանի կազմակերպության
անդամ, հանրաքվեի ժամանակ թիվ 26/13 ընտրական տեղամասում տեղական դիտորդ Արայիկ Խալաֆյանին
պատկանող «ՎԱԶ 07» մակնիշի 07 LU 393 պետհամարանիշի ավտոմեքենան, իջեցրել են ուղեւորներին
եւ «մեքենան կասկածի տակ է, պետք է բաժին տանենք» պատրվակով տարել են Կոտայքի մարզի
Չարենցավանի բաժանմունք: Նույն օրը, ժ. 17-00-ի սահմաններում, թաղային երկու
համազգեստավոր ոստիկան (լեյտենանտ եւ ավագ լեյտենանտ) գնացել են կուսակցության Կոտայքի
մարզի Չարենցավանի կազմակերպության ղեկավար, հանրաքվեի ընթացքում Կոտայքի մարզի Չարենցավան
քաղաքի միացյալ ընդդիմության ենթաշտաբի պետ, թիվ 26/09 տեղամասում դիտորդական առաքելություն
իրականացրած Սաշա Սայադյանի բնակարան եւ առանց ներկայանալու ու համապատասխան սանկցիայի
Ս. Սայադյանին ոստիկանություն բերման են ենթարկել: Կուսակցության տարածած հաղորդագրության
համաձայն, Կոտայքի մարզի Չարենցավանի բաժանմունքում Սաշա Սայադյանի եւ Արայիկ Խալաֆյանի
հետ զրուցել է պետի տեղակալ Աֆյանը, որը Ս. Սայադյանից եւ Ա. Խալաֆյանից պահանջել
է, որպեսզի նրանք չմասնակցեն ընդդիմության 09.12.05թ Երեւան քաղաքի Մատենադարանի
հարակից հրապարակում հրավիրած խաղաղ հանրահավաքին, եւ ասել է, որ բաց չի թողնի՝ մինչեւ
վերջիններս բացատրագիր չգրեն, որում պարտավորվում են չմասնակցել 09.12.05թ հանրահավաքին:
Ս. Սայադյանը եւ Ա. Խալաֆյանը հրաժարվել են որեւէ բացատրագիր գրելուց եւ պնդել բոլոր
միտինգներին մասնակցելու իրենց հաստատակամությունը: Ն. Մ.