Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հանդիպեց Հոսնի Մուբարաքի հետ

Դեկտեմբեր 08,2005 00:00

Վարչապետը
հանդիպեց Հոսնի Մուբարաքի հետ Եգիպտոսի Արաբական Հանրապետության
նախագահ Հոսնի Մուբարաքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը
փոխանցել է ՀՀ նախագահի ողջույնը եւ ուղերձը, նաեւ շնորհավորել Հոսնի Մուբարաքին՝
հինգերորդ անգամ ԵԱՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Անդրանիկ Մարգարյանը հանդիպման
ժամանակ խոսել է այն մասին, որ խիստ կարեւորում է Եգիպտոսի դերն ու ջանքերը իսրայելա-պաղեստինյան
հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, ասել է, որ Հայաստանը՝ ելնելով տարածաշրջանային
անվտանգության նկատառումներից, շահագրգռված է նաեւ Իրաքի իրավիճակի շուտափույթ կայունացմամբ։
Արաբական երկրների հետ հարաբերությունների խորացման կարեւորությունը ընդգծելով՝ Անդրանիկ
Մարգարյանը խոսել է նաեւ այն մասին, որ Հայաստանը միշտ էլ հանդես է եկել եւ շարունակում
է հանդես գալ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամությամբ։
Ասվել է նաեւ, որ թուրքական կողմը հարաբերությունների հաստատումը պայմանավորում է
ղարաբաղյան հակամարտության եւ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով։ Վարչապետը
Հոսնի Մուբարաքի հետ հանդիպման ժամանակ ասել է նաեւ, որ անընդունելի է համարում ադրբեջանական
կողմից իսլամական համերաշխության շահարկումն ու ղարաբաղյան հակամարտությանը կրոնական
բնույթ հաղորդելու փորձերը։ Վարչապետը նաեւ համոզմունք է հայտնել, որ այս ամենը չի
համապատասխանում Հայաստանի եւ արաբական երկրների միջեւ առկա ջերմ, բարեկամական հարաբերությունների
ոգուն։ ԵԱՀ նախագահը համամիտ է եղել Անդրանիկ Մարգարյանի այն մտքին, որ երկու
երկրների քաղաքական հարաբերություններում առկա բարձր մակարդակը անհրաժեշտ է տեղափոխել
նաեւ տնտեսական հարաբերությունների ոլորտ։ Երեկ Անդրանիկ Մարգարյանը հարցազրույց
է տվել նաեւ եգիպտական «Ալ-Ահրան», «Ալ-Գումհուրիա» թերթերին եւ BBC-ին։ Վերջինիս
թղթակցի հարցն այն մասին էր, թե հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները
ինչպիսի կոնկրետ դրսեւորում են ստանալու։ Իսկ ԵԱՀ-ի երկու գլխավոր թերթերի թղթակիցներին
հետաքրքրում էին Հայաստան-Եգիպտոս հարաբերությունները, արաբական աշխարհի հետ Հայաստանի
համագործակցության հեռանկարները։ Թղթակիցները բազմաթիվ հարցեր հնչեցրին նաեւ Հայաստան-Թուրքիա
հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ։ Ի պատասխան
վարչապետը ներկայացրեց, որ Հայաստանը կողմ է հարցի խաղաղ կարգավորմանը, ներկայացրեց
Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հետ կապված խնդիրները։ ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ Կահիրե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել