2006-ի «վճռորոշ» լինելու մասին Շրջանառվող
վարկածներն առ այն, թե ինչու էին տարօրինակորեն մեղմ հատուկենտ եվրադիտորդների ու
նրանց ձայնակցած՝ ԱՄՆ Պետդեպի պաշտոնական գնահատականները՝ կապված հայաստանյան տխրահռչակ
հանրաքվեի հետ, խիստ բազմազան են: Այդուհանդերձ, դրանց մեջ առավել կենսունակը եղել
եւ մնում է ղարաբաղյանը: «Տեղի է ունեցել պարզ գործարք. կարգավորում՝ կեղծիքները
չնկատելու դիմաց սխեմայով», ահա թե ինչ են պնդում շատ վերլուծաբաններ: Մենք, իհարկե,
առայժմ չենք շտապի մերժել այս պնդումը կամ միանալ դրան: Բայց եւ պետք է նշենք, որ
2006թ. ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես կարգավորելու «հույսերի»
ու «համոզմունքների» մասին մեկը մյուսին հաջորդող հաղորդումները, վերը գծված շրջանակի
մեջ, խորհրդածելու առատ նյութ են տալիս: Ստորեւ՝ «Մեդիամաքս» լ/գ-ի միջոցով մեզ հասած
մի «փունջ» այդ հույսերի հեղեղից: 2006 թվականը «վճռորոշ» կլինի Հարավային
Կովկասում հակամարտությունների կարգավորման համար: Այս մասին, ընդգծված «զոդիակային»
ոճով, հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, մասնավորապես առանձնացնելով
ԼՂ հարցը: Ըստ այդմ, Դեւիսը նշել է, թե «ուշադիր հետեւում են» Լեռնային Ղարաբաղի
շուրջ տեղի ունեցող զարգացումներին: «ԱՄՆ-ն հույս ունի, որ 2006 թ. Հայաստանը եւ
Ադրբեջանը կկարողանան մեծ քայլեր կատարել հաստատուն եւ արդար խաղաղության ճանապարհին»,
դեկտեմբերի 5-ին Լյուբլյանայում արտահայտված այս մի հույսն էլ պատկանում է ԱՄՆ պետքարտուղարի
քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բարնսին: «Մենք ողջունում ենք ԼՂ խնդրի կարգավորման
հարցով մեր հարեւաններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում գրանցված
առաջընթացը եւ հույս ունենք, որ ճեղքում կտեսնենք 2006 թվականին», սա արդեն Թուրքիայի
փոխարտգործնախարար Նաբի Շենսոյի հույսն է: Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիան
եւս հուսահատ չէ: Ահա թե նա ինչ է ասել. «ԼՂ հակամարտության կողմերն ազդանշան են
տալիս բանակցելու ցանկության մասին, եւ պետք է օգտագործել հնարավորությունների այս
պատուհանը»: Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկ. «Մեզ ոգեւորում են Ադրբեջանում
Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ գործընթացում գրանցված դրական նշանները, եւ մենք
հույս ունենք, որ առաջիկա բանակցությունները հաջողություն կարձանագրեն՝ առաջընթացի
հասնելու գործում»: Համաձայնեք, ուշագրավ ձեւակերպում է: Տարասյուկը, ի դեպ, նաեւ
հայտարարել է, թե Կիեւի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ «հակամարտությունները
պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության
սկզբունքների հիման վրա՝ ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձեւերի եւ ԵԱՀԿ որոշումների համաձայն»:
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելն ավելի հեռուն է
գնում: Նա ոչ միայն հույս ունի, այլեւ «համոզված» է, որ կողմերը մոտ են խնդրի հանգուցալուծմանը:
«Ես համոզված եմ, որ մենք գտնվում ենք հակամարտության կարգավորման եզրին, եւ Սլովենիան
պատրաստ է իր ներդրումը կատարել երկխոսությունը դյուրացնելու համար», մասնավորապես
ասել է Ռուպելը: «Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում օգտագործել
հնարավորությունների այս խոստումնալից պատուհանը՝ հաջորդ տարի կարգավորման գործընթացում
էական ձեռքբերումների հասնելու համար», այս կոչն արդեն քաղված է ԵԱՀԿ ԱԳ նախարարների՝
ԼՂ վերաբերյալ Լյուբլյանայում ընդունած հայտարարությունից: Ինչպես տեսնում
ենք, հույսերի, համոզմունքների ու կոչերի բավական տպավորիչ շարք է: Իսկ թե որքանով
է այն կապված հանրաքվեի կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայության հետ, կերեւա նույն 2006
թվականին: Ասել կուզի՝ եթե 1 տարի անց Արեւմուտքը «հանկարծ» սկսի քլնգել, այսինքն՝
օբյեկտիվ գնահատել այդ հանրաքվեն, դա կնշանակի, որ նրանց հույսերը չեն արդարացել:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ