Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՓՈՒՉԻԿ ՉԵՆ

Դեկտեմբեր 08,2005 00:00

Համենայնդեպս,
ՆԺ ղեկավարի կարծիքով՝ ամեն ինչ դեռ առջեւում է «Եթե պետության
մեջ դու գործ ունես մի իրավիճակի հետ, երբ իշխանությունն օգտագործում է կրիմինալը,
ներքին գործերը՝ բարդ է միանգամից արդյունք ակնկալել: Հատկապես, երբ այժմ չկա ժողովրդական
լայն զանգվածների աջակցությունը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ընդհանրապես, նա կարծում
է, որ մեր հասարակությունում առկա խնդիրը ընդդիմության խնդիրը չէ, քանի որ «հիմա
ունենք բավականին որակյալ ընդդիմություն, որը պատրաստ է ռեալ գործողությունների»,
այլ այն, որ հասարակության մեծ զանգվածը արժանավայել ապրելու համար պայքարի պատրաստ
չէ: Դրանով էլ մեր զրուցակիցը բացատրում է հանրահավաքների սակավամարդությունը: Բայց
դա, ըստ նրա, չի նշանակում, որ ընդդիմության պայքարի ուղու մեջ արժանապատիվ, կազմակերպված
պայքարի պատկերացումը չկա. «1988-ին երբ ղարաբաղյան շարժումը սկսվեց, ոչ ոք չէր սպասում,
որ 91-ին դա կավարտվի ԽՍՀՄ փլուզումով եւ իշխանափոխությամբ»: Բացատրություններ
տալով նախկինում իր կողմից արված հեղափոխական հայտարարությունների մասին, Արամ Կարապետյանն
ասում է. «Մարդուն մոտենալ ասել՝ դե, ասեք ամսաթիվը: Ասում ես. այդ օրը եթե ինչ-որ
բան չի ստացվում, ասում են՝ դու փուչիկ ես, ոչինչ չստացվեց: Դա լուրջ մոտեցում չէ…
Ես ասել եւ ասում եմ՝ 2005-ի եւ 2006-ի մի մասի ընթացքում Հայաստանում տեղի են ունենալու
փոփոխություններ: Ես մնում եմ իմ այն կարծիքին, որ դրանք կրելու են հեղափոխական բնույթ,
որ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները լինելու են արտահերթ»: ՆԺ ղեկավարն
իր այս համոզմունքը գնալով վերահաստատում է, որովհետեւ տեսնում է ընդդիմության եւ
հասարակության կոնսոլիդացիա, հանրահավաքներին նոր դեմքեր, նաեւ՝ երիտասարդների. «Որակական
փոփոխություն կա այս ամենում: Եթե մարդկանց մոտ պատկերացում կա, որ հանրաքվեն չհարվածեց՝
սխալվում են: Հարվածեց բոլորին, առաջին հերթին իշխանության մեջ գտնվողներին, որովհետեւ
մարդիկ մինչեւ այսօր չեն հասկանում՝ ո՞վ, ինչո՞ւ, ինչպե՞ս իրենց փոխարեն որոշեցին:
Բոլորը միայն մի բան հասկացան՝ իրենք երկրում ոչինչ չեն որոշում: Այս մթնոլորտը կբերի
նրան, որ որոշումներ կայացնողները կմնան միայն նախագահականում եւ ուժային կառույցներում:
Դա դիկտատուրայի վերջին ձեւն է, դրանով էլ ամեն ինչ կավարտվի»: Այս ամենին հավելվում
է նաեւ ԼՂՀ հարցը: Ընդ որում, ըստ Արամ Կարապետյանի, այս առիթով իշխանությունները
հույս ունեն, որ Ալիեւը կհրաժարվի, եւ իրենք պատասխանատվությունից կխուսափեն: Մինչդեռ
հիմք ընդունելով իր տեղեկությունները՝ նա իշխանություններին զգուշացնում է. «Ալիեւը
վերջին պահին համաձայնվելու է: Բավականին լավ պատրաստված դիվանագիտական խաղ է: Այնպես
չստացվի, որ հունվարին մենք ծանր կացության մեջ հայտնվենք, երբ նա կհամաձայնվի, իսկ
մենք պատրաստ չենք լինի»: Գազի սակագնի բարձրացման մասին խոսակցությունները
մեր զրուցակիցը առաջին ծաղիկներն է համարում. «2006-ը շատ կարեւորագույն տարի է լինելու
ԱՊՀ երկրների համար: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը դա շատ լավ գիտեն: Իրենց
հետ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները այդ թեմայով լուրջ խոսակցություններ են ունեցել…
Չի կարելի այդպես՝ ՌԴ-ի բարեկամն ենք, քանի դեռ գազի գինը մեզ հարմար է, ԱՄՆ-ի բարեկամն
ենք, քանի դեռ հեղափոխություն չի անում մեզ մոտ: Իրանի եւ Քրդստանի հարցը կա: Գեոքաղաքական
այս թնջուկում մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք: Մեզ համար լինել, չլինելու հարց է:
Սրա համար է անձամբ իմ կռիվը, ոչ թե նրա համար, որ Քոչարյանը գնա, մեկ ուրիշը գա»:
Այս պարագայում միասնական ընդդիմության հիմնական խնդիրը Ա. Կարապետյանը համարում
է՝ «ցույց տալ ժողովրդին, որ պայքարը շարունակվում է»: Այն, որ իշխանությունները
տապալելով ԱԺ հայտարարությունները՝ ցանկանում են պահպանել իրենց դիրքերը, մեր զրուցակցի
համար արդեն ծիծաղելի է: Նաեւ նկատի ունենալով, որ հայաստանյան ներքաղաքական զարգացումների
մասին գեոքաղաքական դաշտը դեռ կարծիք չի հայտնել, պարոն Կարապետյանը վաղ է համարում
խոսել, որ ընդդիմությունը տանուլ տվեց. «Հիմա է ռեալ պայքարը սկսվում»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել