Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ Է ԿԵՂԾՎԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Դեկտեմբեր 07,2005 00:00

ԻՆՉՊԵՍ Է ԿԵՂԾՎԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ Վերլուծում են փորձագետները «Այն նյութերը, որ մենք հավաքել ենք նոյեմբերի 27-ին, բավարար են, որ դրանց հիման վրա բողոքարկվեն սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ մի քանի ամիս, կես տարի կամ մի տարի հետո, երբ իշխանափոխություն կլինի»,- երեկ հայտարարեց Վահագն Խաչատրյանը, ներկայացնելով իր «Ինչպես է կեղծվել սահմանադրական հանրաքվեն» զեկույցը՝ հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ ՌԱՀՀԿ կազմակերպած սեմինարի ժամանակ: Նյութերը հավաքվել են չորս կուսակցությունների (ԱԺՄ, «Ժառանգություն», «Հանրապետություն» եւ «Ժողովրդավարական հայրենիք»)՝ 2000-ից ավելի դիտորդների ահազանգերի եւ հաղորդագրությունների հիման վրա: Վահագն Խաչատրյանը, որպես Հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի ներկայացուցիչ, հայտնեց, որ հաճախ այդ նյութերը նույնիսկ չեն խմբագրել, պահպանելով կուսական վիճակը, որպեսզի արժանահավատությունը չխամրի՝ ավելի գրագետ դառնալու արդյունքում: Պարոն Խաչատրյանը ներկայացրեց համատարած թվանկարչության մեթոդոլոգիան՝ սկսած զինվորների բաց քվեարկությունից, այն էլ՝ որոշ դեպքերում միանգամից մի քանի տեղամասերում, վերջացրած՝ գոյություն չունեցող մարդկանցով ցուցակների ուռճացմամբ, կամ՝ նույնիսկ առանց ընտրացուցակներում ստորագրությունները ավելացնելու մասին մտահոգվելու քվեատուփերի լցոնումներով: «Դիտորդներին շատ դեպքերում ինքներս ենք հետ կանչել՝ երբ ահազանգել են, որ հնարավոր են բռնություններ, քանի որ շատ դեպքերում դիտորդներին բռնի ուժով հեռացրել են՝ իրենց ապօրինությունները անխռով կատարելու համար: Մենք ասել ենք՝ հեռացեք, քանի որ մեզ հարկավոր չեն եղել առճակատումներ: Ընդամենը ասել ենք՝ տեղամասից դուրս գտնվելով հաշվեք յուրաքանչյուրին, ով կմտնի տեղամաս, անկախ նրանից՝ ընտրող է, թե՝ ոչ»,- նոյեմբերի 27-ի ստեղծված իրավիճակը ներկայացրեց Վահագն Խաչատրյանը, ում կարծիքով կատարվածը մեծ հարված էր Հայաստան պետությանը: «Շատ ավելի լավ կլիներ, եթե եվրոպական դիտորդական առաքելությունը հայտարարեր, որ այս հանրաքվեի արդյունքները անընդունելի են, քան ընդունելով դրանք՝ մեր երկիրը դարձներ գերի»: Հենց այս՝ Հայաստանի համար վտանգավոր զարգացումների տեսանկյունից էր կազմված մյուս բանախոսի՝ ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար Ստեփան Սաֆարյանի զեկույցը՝ «Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ու վախճանը»: Ըստ փորձագետի, եթե տարեսկզբին միջազգային ճնշումները ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա այնքան խիստ էին, որ չէր բացառվում, թե հաջորդ գունավոր հեղափոխությունները սպասվում են այս երկրներում, ապա Ալիեւ-Քոչարյան վերջին հանդիպումից հետո շատ բան փոխվեց: Պարոն Սաֆարյանը հիշեցնելով Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մանի վերջերս արած այն նկատառումը, թե երբեք ՀՀ-ն ու Ադրբեջանն այնքան մոտ չեն եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, որքան հիմա, ակնարկեց, որ Սահմանադրության ընդունումը ՀՀ-ում եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ընդունումն՝ Ադրբեջանում, Արեւմուտքի եւ այս երկրների միջեւ առեւտրի արդյունք էր՝ մենք ձեր անօրինականությունների վրա աչք ենք փակում, դուք լուծում եք Ղարաբաղի հարցը: Իսկ Սահմանադրության ընդունմամբ Քոչարյանն ապահովագրեց իր հետագա գործողությունների ազատությունը, քանի որ այլեւս անձեռնմխելի է: Պարոն Սաֆարյանի կարծիքով, այդ անձեռնմխելություն շնորհից այլեւս այնքան էլ անհրաժեշտ չի դառնում Ռ. Քոչարյանի՝ երրորդ ժամկետում պաշտոնավարելու ցանկությունը: Նա անդրադարձավ նաեւ ԵԽ դիտորդական առաքելության եզրակացությանը, որն իրականում շատ ավելի խիստ է եղել, քան՝ թարգմանության մեջ: Ս. Սաֆարյանը պնդում էր, որ թարգմանության արդյունքում եզրակացության տեքստը լուրջ փոփոխության է ենթարկվել, ճիշտ այնպես, ինչպես 2003-ին, նախագահական ընտրություններից հետո: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել