Խոսքերով չի համոզվել՝ ձեռքերով են համոզել Փավստոս Բուզանդի փողոցում մնացել էր ընդամենը 5 չվտարված ընտանիք Երեկ նրանցից մեկի՝ Բուզանդի 15/4 հասցեում բնակվող Նունե Վարդունու վտարվելու հերթն էր: Նա դուռը փակել էր, բենզինի տարաները շարել կողքին ու 2 մետրանոց պատի վրա հենված՝ ներկաներին «Վիզկոն» ՍՊԸ-ի վերջին նորություններից էր պատմում: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները լրագրողների ներկայությամբ շատ բարյացակամ ու սիրալիր էին անգամ ամենաըմբոստ բնակիչների նկատմամբ, բայց Նունեի պատմելով՝ «հենց ոտքներդ քաշեցիք՝ սպեցնազը թափավ ներս, ձեռներիցս բռնեց-տարավ, ու հիմա տունս արդեն քանդել են»: Մինչդեռ մեր հարցին, թե ի՞նչ միջոցների եք պատրաստվում դիմել՝ Նունեին դուրս բերելու համար, ծառայության վտարման եւ բնակեցման գործերով բաժնի պետ Տիգրան Թադեւոսյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չենք անելու, պիտի սպասենք, ըսենց հա էնքան պիտի գնանք-գանք, մինչեւ ինքը համոզվի ու դուրս գա»: Թե ինչքան են սպասելու, պարոն Թադեւոսյանի հավաստիացմամբ՝ «կարող ա մինչեւ կյանքի վերջ»: Իսկ Նունեն, պարզվում է, ավելի շուտ է «համոզվել», քան ենթադրում էին. պարոն Թադեւոսյանը պատի մյուս կողմից իբր թե ուզել է Նունեին փոխանցել դատարանի վճիռը, ու հենց նա ձեռքը երկարացրել է, որ վերցնի՝ թեւերից քաշել են, պատին «ծեփած» պահել այնքան ժամանակ, մինչեւ ետնամուտքով մի խումբ ծառայողներ են ներս մտել ու հարցերը վայրկյանների ընթացքում լուծել: Իսկ մինչ այդ բակում մթնոլորտն ավելի քան ջերմ էր. բնակիչները ԴԱՀԿ-ի աշխատակիցների հետ քննարկում էին սահմանադրական հանրաքվեն, Տ. Թադեւոսյանը սիրալիր զրուցում էր Նունեի հետ ու նույնիսկ խորհուրդներ տալիս, թե ինչ կարող է անել՝ չմրսելու համար. «Մի բան գցի վրեդ, հիվանդանալու ես, մի բաժակ արաղ խմի՝ տես ոնց կտաքանաս» եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է Նունեին շրջապատող բենզինի տարաներին, որով նա սպառնում էր այրել իրեն ու իր երեխաներին, պարոն Թադեւոսյանը այդ մտքից ազատվելու ավելի հետաքրքիր տարբերակ գտավ՝ «ավելի լավ ա՝ լավություն արա, տուր՝ լցնենք մաշնեքս, քշենք»: Հարեւաններն այնքան էլ չէին ողջունում Նունեի մտադրությունը, թե հենց դուռս ջարդեն կամ փորձեն ներս մտնել՝ տեղում բենզինը լցնելու եմ վրես ու լուցկին վառեմ: Ըստ նրանց՝ «Լիլիային (վերջերս սրտի կաթվածից մահացած բնակիչ- Հ. Ջ.) ո՞վ ա հիշում, ինչ եղավ՝ իրան եղավ»: Նունե Վարդունուն մինչեւ նոյեմբերի 30-ը բնակարանն ինքնակամ ազատելու համար ժամանակ էր տրվել, բայց նրան այդ մասին տեղյակ են պահել դեկտեմբերի 4-ին: Այս առնչությամբ, պարոն Թադեւոսյանի դիտարկմամբ՝ «պոչտայով ժամանակին ուղարկված է եղել, ինքը կարող ա տանը չի եղել՝ չի ստացել»: Նունեն ու դեռեւս չվտարված մյուս բնակիչները դժգոհում էին հատկապես իրենց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից ու «Վիզկոնի»՝ մարդկանց վրա «թքած ունենալու» դիրքորոշումից. «Իրեք կրուգ դատարաններին փող են տալիս, իսկ մեզ էսքան ժամանակ ա տանում-բերում են ու չեն ուզում մի-երկու կոպեկ տան՝ ձեններս կտրենք, թողնենք-գնանք: Էս ձուն-ձմեռնոցով, Նոր տարվա շեմին մեզ ամենավերջին բոմժի պես գցում են դուրս, գոնե ամառ լիներ՝ դրսում կքնեինք, մինչեւ մի բան մտածեինք: Տների էս թանկուկրակ սեզոնին իսկականից շվարել ենք, ոչ կարանք տուն առնենք, ոչ էլ վարձ տանք»: Բուզանդի 17 հասցեի բնակիչները, իրենց ներկայացմամբ՝ մոտ 1 ամիս է՝ բուլդոզերի քանդած պատերը մի կերպ վերանորոգել են, առաստաղի փոխարեն պատերի վրա ցելոֆանե ծածկ արել ու դրսում են քնում: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ