Փարավոններից մինչեւ Անդրանիկ Մարգարյան Արդեն երրորդ օրն է՝ շարունակվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ Երեկ վարչապետը հանդիպեց ԵԱՀ վարչապետ Ահմադ Նազիֆին։ Հանդիպումից հետո վարչապետները մամուլի ասուլիս տվեցին եգիպտական եւ հայ լրագրողների համար։ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ երկու երկրների հարաբերությունները ամենեւին հիմնված չեն կրոնական հողի վրա. «Հայ ժողովրդի եւ արաբ ժողովրդի միջեւ դարավոր բարեկամություն գոյություն ունի, մշակութային, բարեկամական կապեր գոյություն ունեն, եւ ես, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել արաբական ժողովրդին այն վերաբերմունքի համար, որ նրանք ցուցաբերեցին մեր ժողովրդի հանդեպ 1915-ի ցեղասպանության ընթացքում»։ Արեւելքը, թերեւս, իսկապես նուրբ բան է եւ դժվար է հասկանալ կամ երկու օրվա ընթացքում ընկալել այն ամբողջ իրարանցումը, որին ականատես եւ ինչ-որ չափով մասնակից դարձավ մեր պատվիրակությունը 17 միլիոնանոց Կահիրեում։ Այստեղ խաղի կանոնները չափազանց անհասկանալի են, չկան երթեւեկության կանոններ, ով ինչպես խելքին փչում է՝ մեքենա է վարում կամ փողոցն է անցնում։ Բոլոր մեքենաները ծռմռված են՝ իրար քսմսվելու պատճառով։ Բայց այս խուճուճ պայմաններում անգամ հայկական պատվիրակությունը փորձում էր հասնել իր առջեւ դրված խնդիրների լուծմանը։ Եվ հասավ՝ այստեղ սկսվեց եւ ավարտվեց հայ-եգիպտական գործարար համաժողով, սկսվեց եւ ավարտվեց երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը, ստորագրվեց հուշագիր։ Այս ամենը տեղի ունեցավ լրագրողների աչքից հեռու։ Իսկ Կահիրեի համալսարանում մեզ վերջապես բախտ վիճակվեց մեր աչքով տեսնել հայ-եգիպտական պաշտոնական շփումները։ Կահիրեի համալսարանում բացվեց հայագիտական ամբիոն։ Համալսարանի ռեկտոր Ալի Աբդուլ Ահմադը եւ Անդրանիկ Մարգարյանը նվերներ փոխանակեցին։ ՀՀ վարչապետը արաբ լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասաց. «Երկխոսությունը բնական է եւ լավագույն օրինակն է մեր ժողովուրդների հարաբերություններում, եւ կյանքն էլ ցույց տվեց, որ մենք միշտ էլ բարեկամներ ենք եղել, որովհետեւ մենք ընդհանուր շահեր ունենք լուծելու՝ հանուն աշխարհի կայունության եւ խաղաղության, միջազգային ահաբեկչության դեմ միասնական պայքարի»։ Հարցեր տվեցին նաեւ ասուլիսին ներկա թուրքական «Զամանի» թղթակիցները։ Հարցն այն մասին էր, որ Եգիպտոսը միշտ զգացել է օկուպացիայի բեռը, եւ այդ դեպքում ինչպե՞ս են Եգիպտոսում պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը։ Ի պատասխան այս հարցի, ԵԱՀ-ի վարչապետ Ահմադ Նազիֆն ասաց, որ երկկողմանի բանակցային գործընթացը կարգավորվում է միջազգային կառույցների կողմից, եւ որ իրենք կողմ են երկու կողմերի միջեւ հարցի՝ խաղաղ միջոցներով կարգավորմանը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Կահիրե-Երեւան