Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Այվազյանը խառնել էր բեմադրիչներին

Դեկտեմբեր 07,2005 00:00

«Վանաձորում սիրում են լուրջ թատրոն»

Հարցազրույցում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Միքայել Կոտոյանը հայտարարել էր, որ 2004-ի վերջին 22 օր խաղացել են Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետը» լեփ-լեցուն դահլիճներում, փոխարենը այլ պատկեր է եղել Աղասի Այվազյանի «Դիպլիպիտո» կատակերգության ժամանակ: Այս առիթով արձագանքել է «Դիպլիպիտո»-ի հեղինակը՝ Աղասի Այվազյանը եւ մեղադրել թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարին:

«Ինձ անընդհատ ասում էին թեթեւ բան բեմադրի՝ կատակերգություն: Մեզ մոտ բեմադրվեց Աղասի Այվազյանի «Դիպլիպիտոն»: Ու պատկերացրեք, այդ թեթեւ ներկայացումը խաղացինք շատ քիչ՝ հանդիսատես չունենալու պատճառով»,- Կոտոյանին ցիտելով պրն Այվազյանը իր վրդովմունքը այսպես է ձեւակերպել. «Նախ ասեմ, որ բեմադրությունը ոչ թե «թեթեւ» էր, այլ՝ խայտառակ, գավառցու ինտելեկտի, անհեթեթության հասնող գեղագիտության դրսեւորմամբ: Սակայն հարց է ծագում՝ ինչո՞ւ էին անընդհատ ասում, որ Կոտոյանը բեմադրի «Դիպլիպիտո» կլոունադան: Բացատրությունը շատ պարզ է. որովհետեւ Կիրովականի թատրոնը ժամանակին մեծ հաջողությամբ բեմադրել էր այս կլոունադան եւ մի քանի ամիս լեփ-լեցուն հանդիսատեսով թատրոնը գերակատարել էր իր ֆինանսական «պլանը»: Բեմադրության հեղինակն էր տաղանդավոր ռեժիսոր Միհրան Չուլակյանը: «Թեթեւ» գործեր չկան, կան թեթեւ արվեստագետներ: Սունդուկյանի աշակերտ Ցագարելու շատ «թեթեւ» «Խանումա»-ն, որը բեմադրվել էր բազմաթիվ անգամ, Լենինգրադի թատրոնում Տովստոնոգովի ռեժիսուրայով առաջին անգամ դարձավ գեղագիտական երեւույթ: Պետք է խոստովանեմ նաեւ, որ երբ մշակույթի նախարարի տեղակալ Կարինե Խոդիկյանին ու ինձ հրավիրեցին ներկայացումը դիտելու, իմ նրբանկատության ու իր «արածից» գոհ ռեժիսորին չվիրավորելու պատճառով, չկարողացա կոպտորեն դժգոհությունս հայտնել այդ, այսպես կոչված, «բեմադրության» վերաբերյալ: Եվ տխուր ու տրտում վերադառնալով Վանաձորից, Խոդիկյանն ինձ մխիթարում էր, որ փոխարենը՝ Նարինե Մալյանի բեմադրած «Ցեղի ֆիզիոլոգիան» փոխհատուցումն է այս անշնորհք տարբերակի:

Եթե այսօր Խիղճ ասվածը դեռեւս ինչ-որ մի տեղ ծվարել է, Վանաձորի թատրոնի այն ժամանակվա գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանը, որի ղեկավարությամբ էր իրականացել «Դիպլիպիտո» կլոունադայի բեմադրությունը, պիտի որ հաստատի եղելությունը»:

Կապվեցինք Հովհ. Աբելյանի անվան թատրոնի երբեմնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հետ: Ըստ նրա, Միքայել Կոտոյանի օրոք «Դիպլիպիտոն» չի բեմադրվել, դա եղել է նախկինում՝ Սոֆիա Սողոմոնյանի բեմադրությամբ: «Ինչ վերաբերում է Աղասի Այվազյանի՝ ինձ ուղղած գովեստներին, ապա դրանք պատկանում են վաղամեռիկ, իրոք տաղանդավոր ռեժիսոր Միհրան Չուլակյանին»,- ասաց պրն Շահվերդյանը:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել