Կարծում է Խոսրով Հարությունյանը
«Առավոտի» հետ զրույցում ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն անդրադառնալով հանրաքվեի ընթացքին, ընդգծեց, որ «ընտրողների մասնակցության վերաբերյալ պաշտոնական տվյալները ուռճացված են եւ հեռու՝ իրական լինելուց»: Այդ է պատճառը, որ քրիստոնեադեմոկրատներն արձանագրում են, որ հանրաքվեի արդյունքում մեր հասարակությունը ժողովրդավարական ավանդույթներ ձեւավորելու առումով առաջընթաց չապրեց: Ավելին, քվեարկության արդյունքում տեղ գտած լուրջ խախտումները, դրանց ծավալներն այսօր հասարակության մի տպավորիչ զանգվածի՝ արդար եւ թափանցիկ քվեարկություններ կազմակերպելու իշխանությունների ունակության վրա թերահավատության լուրջ տեղիք են տալիս: «Նման իրավիճակը հետեւանք է հանրության հանդեպ հանրաքվեի քաղաքական պատասխանատուների անպատասխանատու վարքագծի դրսեւորման եւ հնարավոր էր միայն կեղծիքների համար անպատիժ մնալու համոզվածության պարագայում»,- գտնում է մեր զրուցակիցը: Չկիսելով կարծիքը, որ ԿԸՀ-ն կամ տարածքային ընտրական հանձնաժողովները ֆորմալ հիմքեր չունեն քվեարկության արդյունքները ստուգելու, ՔԴՄ-ն իշխանություններից պահանջում է պարզել կեղծարարներին եւ օրենքի ողջ խստությամբ պատժել նրանց, քանի որ այսօր առավել, քան երբեւիցե մեր հանրությանն անհրաժեշտ է վստահությունը սեփական ուժերին եւ կարողություններին:
Միաժամանակ՝ «Հանրաքվեին ընտրողների մասնակցության վերաբերյալ արմատական ընդդիմության հնչեցրած տվյալները չափից ավելի նվազեցված են եւ թելադրված բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ»: ՔԴՄ նախագահը «ոչնչով չարդարացված» է համարում հանրաքվեի նախօրեին հանձնաժողովներից ներկայացուցիչներին ետ կանչելու ընդդիմության որոշումը. «Ոչ միայն հանրությունը զրկվեց հանրաքվեի ընթացքի վերաբերյալ ավելի հիմնավոր եւ փաստարկված գնահատականների հնարավորություններից, այլեւ հենց իրենք զրկվեցին սեփական քաղաքական գնահատականները փաստերով հիմնավորելու՝ հետեւաբար հանրությանն ավելի համոզիչ ներկայացնելու հնարավորությունից: Նախապատվությունը տրվեց զգացմունքային ընկալումներին»: ՔԴՄ-ականներն, իհարկե, այսպիսով ընտրական գործընթացի միակ պատասխանատվությունը չեն վերագրում ընդդիմությանը: Այլ փաստում են, որ այս պարագայում՝ «Կեղծիքների ողջ պատասխանատվությունը մնում է քաղաքական մեծամասնության վրա, եւ այդ կուսակցություններն են ստանձնում նաեւ հանրային կյանքի հետագա զարգացումների քաղաքական ողջ պատասխանատվությունը: Բայց որեւէ ուժ, առավել եւս ընդդիմությունը, իրավունք չունի խուսափել իրեն վերապահված քաղաքական պատասխանատվությունից»:
Վերջում պարոն Հարությունյանը փաստում է, որ «արդար եւ թափանցիկ քվեարկությունների կազմակերպման առաջնահերթ խնդիրը շարունակում է մնալ ընտրական հանձնաժողովներում իրական քաղաքական այլակարծության մթնոլորտի ձեւավորումը, քանի որ փորձը ցույց տվեց, որ խորհրդարանական ուժերի ներկայությունը հանձնաժողովներում երաշխիք չէ քաղաքական անաչառ վերահսկողություն իրականացնելու համար»: Եվ, բնականաբար, ՔԴՄ-ն պատրաստակամ է «գործնական մասնակցություն ունենալ հանրային կյանքի ժողովրդավարացմանն ուղղված կառուցողական քաղաքական նախաձեռնություններում»:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ