Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼ-ՊԱԿԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆԵՐԵՔ

Դեկտեմբեր 07,2005 00:00

ՀՀ ոստիկանության Նոր Հաճընի բաժնում այսպիսի «ջերմ» վերաբերմունքով ճանապարհեցին բերման ենթարկված «Առավոտի» լրագրողին ու «Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոթղթակցին:

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Առավոտը», իր խոստման համաձայն, որոշել էր լուսաբանել առաջիկա կիրակի օրը Նոր Հաճընում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններն ու ընդհանրապես ներկայացնել քաղաքի անցուդարձը:

Բայց մինչ քաղաք մտնելը՝ հենց Երեւան-Արզնի կամրջի վրա, որտեղ, հակառակ երթեւեկության կանոնների, պետավտոտեսչության երկու աշխատակիցներ էին դիրքավորվել, կանգնեցրին մեր մեքենան: Երկար-բարակ պարզաբանումները դեռ տրամաբանական ավարտին չհասած՝ «դեպքի վայր» ժամանեց ՕAB 320 97 պետհամարանիշով սպիտակ «06»: Մեքենայից իջավ քաղաքացիական համազգեստով մի երիտասարդ ու մի կողմ քաշելով պետավտոտեսուչին՝ երկար-բարակ խոսելուց հետո հեռացավ: ՊԱՏ-ի աշխատակցի հետ զրույցը կարճ կապելու համար մենք ներկայացանք, որից հետո մեր մեքենայի՝ տաքսի ծառայության վարորդին վերադարձրին փաստաթղթերն ու թույլ տվեցին շարունակել մեր ճանապարհը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ վերը նշված երիտասարդը մեզ հեռվից ուղեկցել էր մինչեւ Նոր Հաճըն ու հետեւել, թե ինչով ենք զբաղված: Իսկ մենք լուսանկարում էինք այս քաղաքի երբեմնի փարթամ այգիները, որոնք դեռ 10 տարի առաջ վարձակալության հիմունքներով տրամադրվել էին զոհված ազատամարտիկների ու անապահով ընտանիքներին՝ իրենց կարիքները փոքր-ինչ թեթեւացնելու համար, բայց վերջին 5-6 տարիների ընթացքում քաղաքային իշխանությունները ետ էին վերցրել, ծառահատել ու հատկացրել էին հայրենի պետպաշտոնյաներին, մեկ-երկուսին՝ ադամանդի գործարան կառուցելու, մյուսին՝ որպես «ծիրանանոց» կամ «չորանոց» օգտագործելու նպատակով:

Քաղաքի բնակիչներից մեկը՝ տիկին Փառանձեմը, որ մեզ ուղեկցում էր այդ ողջ ընթացքում ու ներկայացնում՝ այդ տարածքներից որը ում է պատկանում, մեզ ցույց տվեց նաեւ, իր ասելով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հատկացված՝ արդեն պարսպապատ մի հողատարածք: Մեր զրուցակից նորհաճընցիների ասելով, դեռ հայտնի չէ՝ այնտեղ ադամանդի հերթական գործարան է կառուցվելո՞ւ, թե՞ ծիրանանոց է լինելու: Մենք հազիվ մի-երկու բառ էինք փոխանակել ճամփեզրին կանգնած ու մեզ իրենց ժամանակավոր կացարան հանդիսացող տնակը հրավիրած բնակիչների հետ, երբ տնակ ներխուժեց այն նույն երիտասարդն ու «Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոթղթակցին հրավիրեց դուրս՝ «խոսալու», թե հատկապես ի՞նչ խոսելու, երիտասարդը չասաց, փոխարենը սկսեց քաշել ֆոտոթղթակցի թեւից՝ դուրս տանելու համար: Փորձեցի պարզել՝ բանն ինչումն է: Դուրս եկանք փողոց, ներկայացանք, որ լրագրողներ ենք, ու լուսանկարելը մեր մասնագիտական պարտականությունների մեջ է մտնում: Այստեղ արդեն երկու ավտոմեքենա կար, մեր ետեւից եկել էր անձամբ Նոր Հաճընի ոստիկանության բաժնի պետի տեղակալը, որը ներկայացավ որպես «Խաչատրյան» (որը մեր տվյալներով, այնքան էլ Խաչատրյան չէր- Ն. Մ.), կային նաեւ քաղաքացիական համազգեստով երկու այլ ոստիկաններ: Ուզածները մեր ֆոտոխցիկն էր՝ «հլա ապարատը տուր, ի՞նչ էիք նկարում, ինչի՞ էիք նկարում, էլ բան չկա՞ր նկարելու, չո՞լ եք ուզում նկարեք՝ գնացեք Արարատյան դաշտավայրը նկարեք» եւ այլն: Քաղաքացիական համազգեստավորներից մեկն էլ մոտեցավ ինձ՝ «էդ ի՞նչ տվեց քեզ (խոսքը ֆոտոթղթակցի մասին էր- Ն. Մ.), ի՞նչ ես պահում գրպանդ, հանի տենամ ի՞նչ ա» եւ այլն: Կոշտ ու կոպիտ խոսակցությունից հետո մեզ հրահանգեցին նստել մեքենաները, թեեւ ակնհայտ էր, որ «օպերացիայի» թիրախը ֆոտոթղթակիցն էր ու նրա լուսանկարչական ապարատը:

Մենք ստիպված էինք ոստիկանների անօրինական գործողությունների մասին ահազանգել ՀՀ ոստիկանապետի՝ ծառայության գծով տեղակալ Հովհաննես Վարյանին ու «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին: Հովհ. Վարյանի հետ կարճ զրույցից հետո միլպետի տեղակալն ու նրա ուղեկիցները մեզ, այնուամենայնիվ, բերման ենթարկեցին քաղաքի ոստիկանության բաժին, բնականաբար, առանց որեւէ հիմք կամ սանկցիա ունենալու, թեեւ վերաբերմունքն արդեն այլ էր՝ ավելի հանդուրժողական: Եկավ բաժնի պետ Գագիկ Պետրոսյանը: Մեզ ուղեկցեցին ոստիկանության սենյակներից մեկը, հետո ոստիկանապետի սենյակ «պրիվատ» զրույցի հրավիրեցին ֆոտոթղթակցին: Նրան հարցրել էին, թե ի՞նչ է նկարել, ինչի՞ է նկարել: Հետո էլի մի 30-40 րոպե ու մեզ հրավիրեցին ոստիկանության բաժնի պետի աշխատասենյակ, ուր պարոն «Խաչատրյանը» ձեւ արեց, թե թյուրիմացություն է տեղի ունեցել: Իրենք, իբր, որոնում էին մի մեքենա, որի պետհամարանիշները շփոթել էին մեր մեքենայի հետ, թեեւ ոստիկաններն արդեն տեղյակ էին, որ մենք լրագրողներ ենք, որ ավտոմեքենան տաքսի ծառայությանն է պատկանում, ավելին, նրանք անգամ չէին էլ փորձել ստուգել վարորդի փաստաթղթերը: «ԽՑՏ վպ ՐՈոՏՑՈպՑ, ՑՏՑ վպ ՏՔՌոՈպՑր’»,- հայտարարեց պարոն «Խաչատրյանն» ու մեզ ճանապարհեց: Իհարկե, արանքում, մինչ մենք ոստիկանության բաժնում էինք, քաղաքացիականով մարդիկ մեքենայի վարորդից էին հարցուփորձ արել՝ ինչի՞ ենք եկել, որտե՞ղ է մեզ մեքենայից իջեցրել, ի՞նչ ենք նկարել եւ այլն: Ի դեպ, դրանից հետո էլ մինչեւ քաղաքի մատույցները մեզ կրնկակոխ հետեւում էր 17 SS 181 պետհամարանիշով սպիտակ ՎԱԶ-24 մակնիշի մի ավտոմեքենա:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Հ. Գ. Հայրենի ոստիկաններին հիշեցնենք, որ մարդուն ապօրինաբար ազատությունից զրկելու եւ լրագրողի մասնագիտական պարտականությունները կատարելուն խոչընդոտելու համար պետական պաշտոնյաներին սպառնում է քրեական պատասխանատվություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել