Մի քանի օր է՝ չեն դադարում ՀՀԿ-ի տարբեր գործիչների՝ Գալուստ Սահակյանի, Արմեն Աշոտյանի եւ այլոց հարձակումներն իրենց գործընկերոջ՝ ՕԵԿ ղեկավար, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի վրա՝ նրա այն հայտարարության առնչությամբ, որ հանրաքվեի ընթացքում եղել են լցոնումներ։
Նրանք պնդում են, թե անընդունելի է, որ երկրի երկրորդ դեմքը խոսում է հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած կեղծիքների մասին։ Արձագանքելով այս պնդումներին՝ ՕԵԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն «Առավոտին» ասաց. «Նախ, Արթուր Բաղդասարյանը երկրում իր ունեցած իշխանության ծավալով երկրորդ դեմքը չէ եւ հերի՛ք է դա շահարկել։ ԱԺ նախագահի պաշտոնն ավելի շատ ներկայացուցչական է, իսկ փաստացի իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության ձեռքին, օրինակ՝ ՀՀԿ ղեկավար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, որի գործունեության մասին ժողովրդի կարծիքը հայտնի է։ Այժմ հանրաքվեի մասին. ի՞նչ են մեզ ուզում ապացուցել իրենց շեֆի հանձնարարությամբ նույն նախադասությունը անընդհատ կրկնող մեր ՀՀԿ գործընկերները, որ այլեւս կայացած հանրաքվեն իդեալակա՞ն է եղել եւ չե՞ն եղել լցոնումներ։ Եթե սա են փորձում ապացուցել՝ ես ասելիք չունեմ, քանի որ ճշմարտությունն ակնհայտ է բոլորի համար»:
Հովհաննես Մարգարյանը պատասխանեց նաեւ հետեւյալ հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այն իրողությունը, որ արդեն երկու օր է՝ ԱԺ-ն չի կարողանում ընդունել որոշումներ. «Գիտե՞ք, այս հարցը պետք է նախ եւ առաջ տալ ՀՀԿ խմբակցությանը, որի անդամները երկուշաբթի, ըստ էության, չմասնակցեցին նիստերին, եւ վտանգվեցին իրենց իսկ կուսակցի ղեկավարած կառավարության ԱԺ ներկայացրած օրինագծերը։ Եթե այսպես շարունակվի՝ երեւի անհրաժեշտ լինի մտածել նոր կառավարություն ձեւավորելու մասին, ընդ որում՝ այնպիսի կառավարություն, որը կկարողանա ԱԺ-ում ապահովել մեծամասնություն։ ՀՀԿ՟ն պետք է լուրջ մոտենա ԱԺ աշխատանքներին մասնակցության խնդրին. չէ՞ որ մյուսները եւս հանկարծ կարող են բոյկոտել կառավարության օրինագծերը։ Հարց, իսկ այդ դեպքում ի՞նչ վիճակում կհայտնվեն վարչապետը եւ կառավարությունը։ Կարծում եմ, այս մասին արժե մտածել»:
Ա. Ի.