Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ԻՐԱՎԱԿԱՆ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Դեկտեմբեր 07,2005 00:00

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ ԱԺ երեկվա նիստը տապալվեց հայտարարությունների ժամի պատճառով:

– Վստա՞հ եք, որ տապալման պատճառն իրոք երկրաշարժի տարելիցի առնչությամբ Շիրակի ու Լոռու մարզերում նախատեսված միջոցառումները չէին, որոնց հրավիրված են ԱԺ պատգամավորները:

– Բացարձա՛կ կապ չունի. դեկտեմբերի 7-ին մենք նույնպես այցելելու ենք աղետի գոտի: Կոալիցիան նպատակ ուներ տապալել հենց հայտարարությունների ժամը, քանի որ հասկանում է՝ ընդդիմության ցանկացած հրապարակային ելույթ մեկ անգամ եւս անարգանքի սյունին է գամում իշխանություններին: ԱԺ քառօրյայի սկզբում մենք 1,5 ժամ շարունակ ներկայացրինք, որ հանրաքվեի ընթացքում տեղի են ունեցել զանգվածային կեղծիքներ: Եվ մեր ելույթներին չհակադարձեց որեւէ մեկը, չեղավ որեւէ ելույթ կոալիցիայից կամ այլ ուժերից: Բացի այդ՝ նրանք չկարողացան հաստատել քառօրյա նիստերի օրակարգը: Այսինքն՝ ԱԺ-ն գտնվում է կաթվածահար վիճակում եւ կոալիցիան չի կարողանում կազմակերպել աշխատանքները: Եվ շատ խորհրդանշական է, որ քառօրյա նիստերի օրակարգում է «Հուղարկավորության մասին» օրենքի նախագիծը. կոալիցիան գտնվում է հենց այդ վիճակում:

Հավանաբար, նիստերի բոյկոտն ուղղված է նաեւ ԱԺ նախագահի դեմ: Որոշակի դժգոհություն կա նրանից՝ հենց կոալիցիայի ներսի այլ ուժերի կողմից: Ես ենթադրում եմ, որ այս ձեւով փորձում են վարկաբեկել Արթուր Բաղդասարյանին, քանի որ Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգով ԱԺ նախագահն է ապահովում խորհրդարանի բնականոն գործունեությունը: Արթուր Բաղդասարյանի կեցվածքը նրա կողքին նստող երկու անձանց համար կարծես անընդունելի է: Նրանք նախօրեին հրճվում էին ԱԺ նախագահի համար ստեղծված ծանր վիճակի կապակցությամբ: Ես անթույլատրելի եմ համարում, որ կոալիցիայի մեջ գտնվող երկու ուժերը նման վերաբերմունք են ցուցաբերում ԱԺ նախագահի նկատմամբ, դա համարում եմ քաղաքական, մարդկային եւ բարոյական տեսակետից անընդունելի:

– Արթուր Բաղդասարյանին մի կողմից դատախազությունն ու ՀՀԿ-ն են թիրախ դարձրել՝ հանրաքվեում կեղծիքների առկայության մասին իր պնդման պատճառով, մյուս կողմից՝ ընդդիմությո՞ւնն է հատկապես նրան ուղղում հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած կեղծիքներն ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջը:

– Ժամանակավոր հանձնաժողովի հարցն արտահերթ քննարկելու խնդիրն ընդդիմությունը կարող էր արծարծել միայն այն դեպքում, երբ ներկայացվում էր ԱԺ նստաշրջանի օրակարգը: Այսինքն՝ բացի ԱԺ նախագահին հարցեր ուղղելուց, կանոնակարգով չունեինք այլ հնարավորություն: Եթե օրակարգը ներկայացներ ԱԺ նախագահի տեղակալներից որեւէ մեկը՝ դարձյալ նույն հարցերը կուղղեինք նրանց:

– Այսուհանդերձ, որքանո՞վ է նպատակահարմար նման հանձնաժողովի ստեղծումը, երբ հայտնի է ժամանակավոր հանձնաժողովների գործունեության ոչ բարձր արդյունավետությունը՝ իրավական հետեւանքների իմաստով: Գուցե իրոք ավելի ճիշտ կլիներ հետեւե՞լ ունեցած փաստերը դատախազությանը կամ ՍԴ-ին փոխանցելու կոչին: Մանավանդ որ՝ սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են ընձեռում արդեն առանց մի քանի տասնյակ ստորագրություն հավաքելու դիմել ՍԴ:

– Որեւէ ցանկություն չունենք դիմելու այն դատախազությանը, որը 1937-ի մեթոդներով փորձել է ահաբեկել ընտրական հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչներին եւ գիշերը ժամը 22:00-ին բերման ենթարկել նրանց: Ցանկություն չունենք դիմելու մի գլխավոր դատախազի, որը զբաղվել է քարոզչությամբ եւ խախտել «Հանրաքվեի մասին» օրենքի 20-րդ հոդվածը: Բայց եթե ստեղծվի ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, եւ այն ուսումնասիրի ընտրակեղծիքների հետ կապված բոլոր նյութերը՝ այն, ասենք, կարող է խորհրդարան հրավիրել (որի իրավունքը հանձնաժողովն ունի) 1922 տեղամասային հանձնաժողովների նախագահներին: Թող նրանք պատասխան տան, թե ինչպես է ստացվել, որ, օրինակ, 1700 ընտրող ունեցող տեղամասում 1700-ն էլ մասնակցել են հանրաքվեին: Եվ երբ հետո այս նյութերն ուղարկենք դատախազություն՝ դրանից հետո դատախազը պետք է ԱԺ ամբիոնից, լիագումար նիստում ներկայացնի, թե ինչ ընթացք են տվել այս փաստերին: Խորհրդարանն, այս պարագայում, կարող է վերահսկողություն իրականացնել դատախազության նկատմամբ ու նաեւ տալ քաղաքական գնահատականներ:

Ինչ վերաբերում է ՍԴ-ին՝ ունենք 2003-ի նախագահական ընտրությունների փորձը: Բոլորի համար ակնհայտ է, որ ՍԴ-ն գործող իշխանությունների կցորդն է: Եվ կարելի է անգամ կանխատեսել, թե մեր նյութերին ՍԴ-ն ինչ գնահատական կտար՝ «չնայած եղել են խախտումներ, բայց դրանք չեն ազդել հանրաքվեի վերջնական արդյունքների վրա»: Այս պատճառով էլ մենք գնում ենք հարցի ոչ թե իրավական, այլ քաղաքական ճանապարհով:

– Իրավական հետեւանքներ չի կարող ունենալ նաեւ ընդդիմության նախաձեռնած՝ հանրաքվեին չմասնակցած անձանց ստորագրահավաքը:

– Բնականաբա՛ր: Ժողովուրդը չի մասնակցել հանրաքվեին: Եվ զավեշտն այն է, որ հանրաքվեն կեղծած իշխանությունները շնորհակալություն են հայտնում ժողովրդին՝ ակտիվ մասնակցության համար: Ժողովուրդը, մեղմ ասած, ծիծաղում է գործող իշխանության վրա:

Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել