Ինչպես են հագնվում հայ աղջիկները Եթե մի քանի տարի առաջ հայ աղջիկները սեւ գույնն էին նախընտրում եւ հագնում սրածայր կոշիկներ, այժմ պատկերը փոքր-ինչ այլ է: Այսօր արդեն կան առավել համարձակ եւ խայտաբղետ գույներով հագուստ կրողներ: Սակայն նույնն է մնացել բուհերում իրար ընդօրինակելու ավանդույթը: Այնտեղ գրեթե բոլորը տաբատներով են: Մեր հարցին՝ ինչու եք այդպես հագնվում, աղջիկները հիմնականում պատասխանում էին. «Այլանդակ ռեպլիկներից ու ճնշող հայացքներից խուսափելու համար»: «Էլիտար» համարվող հագուստի որոշ խանութների վաճառողներ մեզ վստահեցնում էին, թե իրենց գնորդները դրամ չեն խնայում եվրոպական որակյալ հագուստ ունենալու համար: Հավելենք, որ այդ կարգի խանութներում միայն վերնաշապիկները մի քանի հարյուր դոլար արժեն: Իսկ դրանց՝ այս կամ այն երկրից լինելը ապացուցում է ընդամենը փոքրիկ ֆիրմային պիտակը: Իսկ եթե հաշվի առնենք հայերի հնարամտությունը, ապա պիտակին էլ վստահել չարժե: Վաճառողների մոտ կա նաեւ «բարի» ավանդույթ՝ վաճառասրահի կախիչից ամիսներ շարունակ կախված շորը հանել, հավանաբար փոշին մաքրելու բարի մղումներով, խանութի տիրոջ աչքից հեռու 1-2 անգամ հագնել՝ հետագայում ուրիշին վաճառելու ակնկալիքով: Հակառակ էլիտար խանութների տերերի հավաստիացումների, տոնավաճառների աշխատողները հաճախորդներին համոզում են, որ «հայաստանցի ոչ մի առեւտրական չի գժվել, որ իտալական, ֆրանսիական հանրահայտ ֆիրմաներին մեծ գումար տա եւ շոր բերի այստեղ, դեռ դրա համար էլ բարձր հարկեր վճարի»: «Երիտասարդների մեծ մասը ձգտում է հագնվել տոնավաճառային ոճով՝ կրել այն, ինչ վաճառվում է շուկայում,- վստահեցնում է «Զատիկ» նորաձեւության ստուդիայի դիզայներ Տաթեւիկ Ղամարյանը: Ըստ նրա, իրենց ստուդիայում աշխատում են ստեղծել երիտասարդների ճաշակին եւ գրպանին մատչելի հագուստ: «Մեզ շուկան չի թելադրում: Ստեղծում ենք ժամանակին համահունչ հավաքածուներ: Այժմ բոլոր գույներն էլ մոդայիկ են, բայց ցանկալի են համարձակ գույների համադրությունները: Իհարկե, երիտասարդների մեծ մասը խուսափում է համարձակ գույներ կրել, դրա համար մենք ստեղծում ենք կոմերցիոն հավաքածու, որտեղ գույների առումով համեստ լուծումներ են տրված»,- պարզաբանեց տիկ. Ղամարյանը: «Ատեքս» նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանի կարծիքով՝ նորաձեւության ասպարեզում մեր երիտասարդները լուրջ առաջընթաց ունեն՝ երկու տարի առաջվա համեմատ: «Աղջիկներին չի կարելի մեղադրել. նրանք գնում են տոնավաճառների միօրինակ հագուստները, այսինքն՝ այն, ինչ շուկան առաջարկում է: Բայց նույնիսկ այս դեպքում այդ հագուստը նրանք կարող են յուրահատուկ ներկայացնել՝ թեկուզ ինչ-որ աքսեսուար ավելացնելու հաշվին: Այնպես որ, կարեւորը ոչ թե հագուստի գինն է, այլ մատուցման ձեւը»,- ասաց Կ. Դնոյանը: Ըստ նրա՝ երիտասարդները խուսափում են համարձակ հագուստ կրել, բայց երբեմն էլ բացում են մարմնի այնպիսի մասեր, որ տգեղ է: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ